Բացարձակ մթության մեջ շարժվում են ստվերագծեր, որոնք լուսավորվում են էկրանի ֆոնին։ Քայլում են, նստում, խոսում։ Լսվում են մարդկանց ձայներ, սակայն նրանց դեմքերը հնարավոր չէ տարբերել։ Ստվերներից յուրաքանչյուրն այստեղ է եկել՝ իր միջով անցկացնելու հեղինակի զգացմունքները, ով իր պայքարից, ձախողումներից, հույսերից ու ապրումներից երաժշտություն է արարել։ Նա ցանկանում էր, որ բոլորը հպվեն իր հոգու այն սահմանին, որը մղում է իրեն ստեղծագործելու։
Այսպիսի էմոցիոնալ ուղերձ ունի էլեկտրոնային երաժիշտ Սեւան Շահմիրյանի «The Last Breath» նոր ալբոմը: Նա օգոստոսի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացրեց աուդիո-վիզուալ մենահամերգ՝ ներկայացնելով դեռեւս չթողարկված ստեղծագործությունները։
Երաժշտի ստեղծած մթնոլորտում սուզումը սկսվեց Կոմիտասով, ում ձայնը լցրեց դահլիճի մթությունն ու լռությունը։ Այն մարդկանց համար, ովքեր ծանոթ չեն արտիստի ստեղծագործությանը եւ չգիտեն, որ նրա բոլոր կատարումները սկսվում են հենց այդպիսի «ավանդական» եղանակով, սա կարող էր անակնկալ լինել։ Դե իսկ նրանք, ովքեր հասկանում են Շահմիրյանի յուրօրինակ ոճը, գիտեն նաեւ, որ 2024 թվականին Մեդիամաքսին տված հարցազրույցում ինքն է խոստովանել, որ շատ է սիրում Կոմիտասին, եւ որ իր երկու ալբոմներն ու բոլոր համերգները սկսվում են վարդապետի ձայնով։
Նա նաեւ պատմել էր, որ երկար ժամանակ եղել է ռոք երաժիշտ եւ միայն վերջին տարիներին է նախապատվությունը տալիս էլեկտրոնային ուղղությանը։ Բացի այդ, Սեւանը «The Last Breath» ալբոմի ոճը բնութագրել է որպես կինեմատոգրաֆիկ էլեկտրոնային երաժշտություն (Cinematic Electronica), որտեղ ձայնը, պատմությունը եւ տեսաշարը կազմում են մեկ ամբողջություն։ Այս հայեցակարգն իր արտացոլումը գտավ նաեւ համերգային ծրագրում. երաժշտական կատարումները դարձան միասնական տեսողական պատումի մաս։
Երեկոյի ընթացքում հնչեց 7 վոկալային եւ 2 գործիքային ստեղծագործություն։ Դրանցից յուրաքանչյուրը յուրովի պատմում էր հեղինակի անձնական փորձի եւ ներաշխարհի մասին, իսկ հատուկ ստեղծված տեսաշարն օգնում էր հանդիսատեսին ավելի խոր սուզվել ժամանակակից էլեկտրոնային երաժշտության մթնոլորտի մեջ։
Սեւան Շահմիրյանի ստեղծագործական ուղին սկսվել է Թեհրանում, որտեղ նա ծնվել է։ Վաղ տարիքից նվագել է ստեղնաշարային գործիքներ, իսկ ավելի ուշ, հոր խորհրդով, սկսել է երգել դպրոցական երգչախմբում։ 21 տարեկանում եղբոր լավագույն ընկերոջ՝ Արինի հետ հիմնադրել է Wednesday Call էլեկտրո-ռոք խումբը։ Նրանք սկսել են պրոֆեսիոնալ կերպով զբաղվել երաժշտության ստեղծմամբ եւ թողարկել են երեք ալբոմ։ 2018 թվականին Շահմիրյանը տեղափոխվել է Հայաստան, սկսել է աշխատել էլեկտրոնիկա եւ դաունտեմպո (downtempo) ժանրերում մենակատարային նյութերի վրա եւ թողարկել է երկու ալբոմ։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի


×
110






