Սեյրան Մովսիսյանն այս շրջանում նկարահանվում է նոր՝ «Կինստագրամ» սիթքոմում: BRAVO.am-ի հետ զրույցում երիտասարդ դերասանը պատմել է իր հետ ընդհանուր ոչինչ չունեցող կերպարի, նոր ներկայացումների եւ հայտնի վիրուսի պատճառած անհարմարությունների մասին:
Հակառակ բեւեռներ
«Կինստագրամ» սիթքոմում քասթինգի միջոցով եմ հայտնվել: Պետք է նշեմ, որ ոչ կինս՝ Մարինան էր հավատում, որ կանցնեմ, ոչ էլ՝ ես: Կերպարն աղջկա էությամբ ու շարժուձեւով վարսահարդար է: Այնքան տարբեր ենք ես ու կերպարս, որ ասես հակառակ բեւեռներ լինենք: Նա ունի քույր, որն իր հակապատկերն է. ավելի «տղա» է , քան՝ ինքը:
Շատ բարդ էր մարմնավորելը: Ճիշտ ներկայանալու համար ուսումնասիրել եմ նման մի քանի վարսահարդարի վարքը: Ցավոք, իմ մասնակցությամբ տեսարաններն այնքան էլ շատ չեն: Կցանկանայի կերպարը զարգացնելու ավելի լայն հնարավորություններ ունենալ: Հեշտ է խաղալ այնպիսի դերեր, որոնք քեզ մոտ են, բայց ցանկացած դեասան պետք է պատրաստ լինի հենց այսպիսի մարտահրավերների:
Զուգադիպություն
Պատանի հանդիսատեսի թատրոնում ունենք երկու նոր ներկայացում՝ Նար-Դոսի «Մեր թաղը» եւ «Թագուհի Օլիվիայի օրագիրը»: Պրեմիերաները պետք է ապրիլին լինեին, բայց երկրում համաճարակային իրավիճակով պայմանավորված, հետաձգել ենք անորոշ ժամանակով: «Մեր թաղը» պատմվածաշարում գլխավոր կերպարներ չկան, շատ հետաքրքիր բեմադրություն է: «Թագուհի Օլիվիայի օրագիրն» էլ այնքանով է հետաքրքիր, որ թեման շատ արդիական է: Այն մի վիրուսի մասին է, որը, սակայն, հնարել են մարդկանց խափելու համար: Պետք է ասեմ, որ շատ պատահական է համընկել. փորձերը սկսել էինք դեռ չորս ամիս առաջ, երբ վիրուսը տարածված չէր:
Դժվար է
Կորոնավիրուսն ազդել է թե՛ իմ աշխատանքի, թե՛ կյանքի վրա: Ապրում էի բուռն կյանքով, եւ հանկարծ` վերջ, պետք է նստել տանն ու սպասել: Այս ամենն ունի նաեւ իր դրական կողմերը. կարողանում ես հանգստանալ, մտքերդ կարգավորել, բայց դժվար է մեր մասնագիտության տեր մարդկանց համար:
Սեյրան Մովսիսյանը
Փարիզյան մարաթոնը
Սիթքոմի նկարահանումները դանդաղել են: Հետեւում ենք կանոններին. 20 հոգուց ավելի մարդ չի հավաքվում նկարահանման հրապարակում, ամեն հինգ րոպեն մեկ օդափոխում ենք սենյակները, ախտահանում ենք: Ապրիլի 5-ին ես եւ Ռուսլանը պետք է մեկնեինք Փարիզ՝ մասնակցելու վազքի մարաթոնին, որը նույնպես հետաձգվել է եւ տեղի կունենա հոկտեմբերի 18-ին: Նախապատրաստվել էինք, բայց մարտի 5-ին հետաձգվեց: Հիմա Հանրային հեռուստաընկերությունը կորոշի՝ ինչ անել:
Զրուցեց` Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Սեյրան Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: