×


«Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է». Ռաֆայել Քոթանջյան

Նրա հետ կարելի է անդադար զրուցել, լսել նրա պատմությունները, ժպտալ եւ սովորել։ Նա տարբերվում է ոչ միայն դերասանական խաղով, բեմական կեցվածքով, այլեւ հետարքիր տեսակով։ BRAVO.am-ը գեղեցիկ զրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետ, նաեւ լուսանկարել տիկնոջ, թոռների եւ հարսի հետ:

- Պարո՛ն Քոթանջյան, ցանկանում եմ զրույցը սկսել գեղեցիկ մի հուշով, որը, վստահ եմ, ժպիտով եք հիշում։ Ինչպե՞ս եղավ, որ Հնդկաստանի նախագահի փոխարեն ծաղկեփունջ հանձնեցիք նրա դստերը։

- Ես մեկ ամիս հանգստանում էի Թբիլիսիի պիոներական ճամբարում։ Եվ ահա բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ շուտով գալու է Հնդկաստանի նախագահը։ Հավաքեցին «հատուկ» երեխաների, որոնք պետք է դիմավորեին հյուրերին: Մեզ ասացին՝ երբ տեսնենք սպիտակ հագուստով մարդ, անմիջապես ծաղիկները տանք: Դե, ես էլ խելոք երեխա էի, երբ բոլորը սկսեցին հրմշտելով առաջ գնալ, նախ զարմացա՝ միթե կարելի է այդպես վարվել, այնուհետեւ տեսա՝ կողքս կանգնած է մի աղջնակ՝ սպիտակ հագուստով, ու ծաղիկները նրան նվիրեցի: Պարզվեց՝ նախագահի դուստրն էր՝ Հնդկաստանի ապագա ղեկավարը, եւ միջոցառման ընթացքում ինձ նստեցրին նրանց երկուսի մեջտեղում: Հիշում եմ՝ ինչպես նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը ձեռը դրեց ուսիս եւ ասա՝ շատ ճիշտ քայլ էր։

Ռաֆայել Քոթանջյանը


- Գիտեմ՝ անասելի կերպով հավատում եք ճակատագիր ասվածին:

- Այո, եւ չգիտեմ՝ կհավատաք, թե ոչ, բայց գրեթե ամեն օր մտածում եմ, հիշում եւ վերլուծում իմ հետ տեղի ունեցած յուրաքանչյուր դեպք։ Հայրս կենտկոմի բաժնի պետ էր, այն էլ շատ պատասխանատու բաժնի՝ ագիտացիայի եւ քարոզչության։ Մորս հետ հաճախ էին այցելում թատրոն, կինո, համերգասրահ։ Ինչեւէ, հերթական անգամ պետք է գնային որեւէ միջոցառման, եւ մորս զգեստը պետք է արդուկվեր։ Այն ժամանակ արդուկներն այլ էին՝ տաքանում էին ածուխով, եւ պետք էր թափահարել: Բնականաբար, այդ գործն անում էր հայրս, քանի որ իսկական ջենթլմեն էր։ Պատկերացրեք՝ թիկնեղ տղամարդը, որի հասակը մոտ երկու մետր է, ինչ ուժգին կթափահարի արդուկը, եւ ես էլ փոքրիկ երեխա, վազեցի արդուկի ուղղությամբ, եւ հայրս այդ տաք արդուկով ուժգին հարվածեց ճակատիս։ Մայրս, լինելով բժիշկ, լեզվով փակեց վնասված հատվածը... Այդ ժամանակ ընդամենը երկու տարեկան էի։ Ինչու պատմեցի այս պատմությունը. դա հարված էր, որը կարող էր այլ բանի բերեր, նույնիսկ կարող էի հաշմանդամ դառնալ։ Ճակատագիրը նույնիսկ այդ րոպեին իր որոշումը կայացրեց եւ այդ ուժգին հարվածից ինձ թողեց միայն մի սպի, որը տարիների ընթացքում դարձավ անտեսանելի։ Այո, դա պետք է լիներ, որպեսզի անգամ երկու տարեկանում ես հասկանայի կյանքի արժեքը։

-Պարո՛ն Քոթանջյան, իսկ Ձեր պաշտոնյա հայրը դե՞մ չէր Ձեր դերասան դառնալու մտքին։

- Հայրս, լինելով բարձր պաշտոնի, երբեւէ ցանկություն չի ունեցել, որ լինեմ պաշտոնյա։ Նա ցանկանում էր, որ դառնայի ճարտարապետ, ինչո՞ւ, որովետեւ դա իր ցանկությունն է եղել, որն անկատար է մնացել։ Ես կարդում եւ հետաքրքրվում էի ճարտարապետության մասին գրքերով, այն ինձ համար որոշակի տեղ է զբաղեցնում կյանքում, բայց թատրոնն ու դերասանություն ավելի գրավեցին։ Ես սովորական ընտանիքում չէի ծնվել. ծնողներս հավուր պատշաճի հարգում էին իմ տեսակետը, ցանկությունն ու որոշումը։

Ռաֆայել Քոթանջյանը՝ տիկնոջ հետ


- Ձեզ հաջողվում է դառնալ դերասան, ընդունվել թատրոն, բայց...

- Ստացվեց այնպես, որ ես մտա թատրոն, խաղացի առաջին դերը, բայց քանի որ իմ մտերիմ ընկերն ինչ-ինչ խնդիրների պատճառով դիմում գրեց եւ հեռացավ թատրոնից, սոլիդարության համար ես էլ որոշեցի դուրս գալ եւ դուրս եկա։ Որոշ ժամանակ անց ընկերս կարողացավ այլ աշխատանք գտնել, ես՝ ոչ, եւ մտքով Դրամատիկական թատրոնի հետ էի, սիրում էի անձնակազմին, ձեռագիրը... Մի խոսքով՝ գնացի Հրաչյա Ղափլանյանի մոտ, ասացի՝ միգուցե սխալ եմ եղել, ուզում եմ սխալս ուղղել։ Ինձ ասաց, որ սպասում էր վերադարձիս, եւ որ սեպտեմբերի 17-ին, ժամը 11:15-ին ներկայանամ թատրոն։ Երբ եկա, պարզվեց՝ մինչ այդ արդեն հրաման էր փակցված, որ աշխատանքի է ընդունվել Ռաֆայել Քոթանջյանը՝ ներկայացման գլխավոր դերի համար։ Բոլորը գրկաբաց ընդունեցին ինձ: Սա նուրբ քայլ էր Հրաչյա Ղափլանյանի կողմից, եւ նրա տեսակի եւ հիշատակի առջեւ ես միշտ խոնարհվում եմ։

- Պարո՛ն Քոթանջյան, Ձեզ միշտ կարելի է տեսենել 1 համարի տրոլեյբուսի մեջ:

-Այո (ծիծաղում է,-հեղ.): Մի պատմություն հիշեցի. ինչպես նշեցի, հայրս շատ բարձր պաշտոնյա էր եւ անասելի համեստ։ Անգամ Թբիլիսիում մենք ապրում էինք մեկ սենյականոց բնակարանում եւ ունեինք ընդամենն առաջին անհրաժեշտության իրերը։ Մի անգամ մայրս հայրիկիս պատահաբար տեսել էր փողոցում հաց ուտելիս։ Օրվա ավարտին հարցրեց՝ «Չե՞ս ամաչում, բոլորը ճանաչում են քեզ, դու դրսում ցամաք հաց ես ուտում»: Հայրս էլ պատասխանեց՝ ինչ վատ բան է անում, հաց է ուտում, էլի։ Հիմա ես սիրում եմ երթեւեկել տրոլեյբուսով, շփվել ժողովրդիս հետ: Կարող եմ նաեւ շատ լուռ լինել, բայց դա նույնպես զրույց է իմ ժողովրդի հետ։

Ռաֆայել Քոթանջյանի ընտանիքը


- Հաճախ եմ նկատում, թե որքան են Ձեզ մոտենում, շնորհակալական խոսքեր ասում, լուսանկարվում: Երբեւէ չե՞ք խուսափել հանրությունից։

- Դեպքեր կան, որոնք ինձ համար ավելի կարեւոր են, եւ ավելի շատ են ստիպում սիրել ժողովրդին։ Օրինակ՝ այդ դաժան տարիները, երբ ամեն բան գտնելը խնդիր էր, անգամ հացը... Շինանյութ, բնականաբար, չկար, ինձ էլ ընդամենը կես դույլ գաջ, թե ցեմենտ էր պետք, ես էլ իրականում ճարելու հարցում «շուստրի» չեմ, ծանոթներիցս մեկին ասացի, զարմացավ, ասաց՝ հենց տանս հարեւանությամբ շինարարություն է ընթանում, ինչու չեմ վերցնում, եւ իսկապես մտածեցի՝ չնչին բաժնի մասին է խոսքը, եւ մի օր այդ շինարարական տարածքի կողքով անցնելիս ցանկացա կես դույլ ցեմենտ վերցնել, ձայն տվեցի, ոչ ոք չարձագանքեց, ես էլ մտածեցի՝ կես դույլի եղածն ինչ է, չնչին բան... Այն պահին, երբ մեկ բուռ ցեմենտ էի վերցնում, մեկ էլ մի մարդ եկավ եւ սկսեց բղավել՝ ասելով, որ դրան ահռելի փող է տվել, եւ այդպես շարունակ: Ինձ շատ վատ զգացի, այնպիսի տպավորություն էր, որ ինձ գողության վրա բռնացրել են: Ներողություն խնդրեցի, հետ լցրեցի եւ վերադարձա տուն։ Մեկ էլ դռան թակոց լսեցի, տեսնեմ՝ մի տասն երեխա՝ մեկի ձեռքին դույլ, մյուսի ձեռքին՝ տոպրակ, արկղ... Հարցրի՝ ինչ է, պատասխանեցին, որ իմ գնալուց հետո բղավող պարոնն իմացել է՝ ես ով եմ, եւ ցանկացել է այդ կերպ ներողություն խնդրել իր անտեղի զայրութի համար։ Հիմա հիշում եմ այդ երեխաներին, հրուշակեղենը, որ բաժանեցի նրանց... Պատասխանելով Ձեր հարցին՝ չէ՞ որ այդ ժողովրդի երեխաներն էին, որ բերեցին ինձ այդ ավազը, այդ երեխաներին դաստիարակողը ժողովուրդն է, այն ժողովուրդը, որին ես սիրում եմ եւ հարգում։

- Մեր զրույցում նշեցիք, որ ճակատագրի մարդ եք: Հետաքրքիր է՝ ինչպես եք հանդիպել տիկին Ալլային։

- Ալլային հանդիպել եմ թատրոնում, եւ ամեն բան շատ հստակ էր. նա էր իմ կյանքի կինը։ Ես շատ երջանիկ եմ, որ ճիշտ ընտանիք եմ կազմել, այդ ամենի ապացույցն այսօր իմ խելացի եւ գրագետ թոռնիկներ են։ Կինս ինձնից լավ է զգում անգամ իմ առողջական խնդիրները։ Քանի կինս կողքիս է, մեջքս պինդ է։

Ռաֆայել Քոթանջյանը՝ թոռնիկների հետ


- Արժանացել եք նաեւ Պիկ կոչմանը։ Կարեւո՞ր կոչում է։

- Այն էլ ինչպիսի (ծիծաղում է,-հեղ.): Թոռնիկներս ինձ Պիկ են ասում։ Նրանք ինձ արժանացրել են ամենակարեւոր կոչմանը։ Այսօր ունենք թոռնիկներ, որոնք մեր շարունակությունն են։ Լիկան շատ ակտիվ, տաղանդավոր, նրա կողքին Ռաֆն է, ոչ այնքան ակտիվ, բայց ինքնատիպ մտածողությամբ։ Յուրաքանչյուր մարդու կցանկանայի, որ տեր լիներ նման գեղեցիկ ընտանիքի։

Ալլա Քոթանջյանը


Հ.Գ. Տիկին Ալլան եւս ցանկացավ խոսել ամուսնու մասին.
- Քոթանջյանն անթերի մարդ է, անասելի հիանալի ամուսին, ուշադիր հայր, աննկարագրելի հոյակապ պապիկ, լավ սկսեսրայր։ Ապրում է ուրիշ աշխարհում: Հիշում եմ՝ Վարդավառ էր, նստած էր տանը, եկան մի խումբ երեխաներ, խաղացինք ջրոցի հենց տան մեջ: Ամբողջ տունը ջուր էր, իսկ Ռաֆայելը նստած հաղորդում էր նայում: Մենք բղավում էինք, խաղում, ծիծաղում: Ինչեւէ, երեխաները գնացին, նա վեր կացավ եւ հարցրեց՝ ինչ է կատարվել, ինչու է ամբողջ տունը ջուր... Յուրօրինակ մարդ է, նրա նման երկրորդը պարզապես չկա։

Զրուցեց՝ Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Ararat» հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին