×


Ով է «Փափուկ խաղալիք» սիթքոմի Մանեն

«Փափուկ խաղալիք» նոր սիթքոմի դերասանական կազմը համալրված է ինչպես հայտնի ու սիրված դերասաններով, այնպես էլ՝ նոր դեմքերով: Իլոնա Մկրտչյանը հումորային նախագծում հանդես է գալիս գլխավոր կերպարին մարմնավորող Մկրտիչ Արզումանյանի դստեր՝ Մանեի կերպարում: Նա BRAVO.am-ին պատմել է առաջին քայլերի, նաեւ գործընկերների հետ աշխատանքի մասին:

Ինչպես իր կերպարը, Իլոնան եւս 17 տարեկան է, սովորում է Ճարտարապետության եւ շինարարության քոլեջում: «Փափուկ խաղալիքը» նրա առաջին հեռուստատեսային նախագիծն է, սակայն փորձ է ունեցել նկարահանվելու ռուսական արտադրության ֆիմում:

Առաջինն Աշխենն էր

Մոտ մեկ տարի առաջ ստացա առաջարկ նկարահանվել «Ես քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիմում, որի գլխավոր դերակատարը Մարատ Բաշարովն է: Դերս էպիզոդիկ էր. Աշխենի կերպարում եմ, սակայն կարծում եմ՝ մեծ փորձ էր աշխատել նման պրոֆեսիոնալ անձնակազմի հետ:

«Փափուկ խաղալիք»-ում հայտնվեցի քասթինգի միջոցով, եւ մի քանի հանդիպումից հետո հաստատվեց, որ հենց ես եմ լինելու Մանեի կերպարում: Նկարահանումների ընթացքում շատ դժվարություններ են լինում, բայց քանի որ կրկին աշխատում եմ պրոֆեսիոնալների հետ, նրանց խորհուրդների շնորհիվ դրանք հաղթահարելի են դառնում:

Իլոնա Մկրտչյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


Մկրտիչ Արզումանյանի մասին

Իմ խաղընկերներից հատկապես ուզում եմ առանձնացնել Մկրտիչ Արզումանյանին, ով կադրից դուրս միշտ ուղղորդում է ինձ եւ քաջալերում: Կարծում եմ՝ նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում որեւէ ասպարեզում՝ հատկապես այս ոլորտում, շատ կարեւոր է ունենալ այնպիսի մարդ, ինչպիսին Մկրտիչն է. նա բացառիկ մարդ է եւ դերասան:

Հավասար են

Նկարահանման հրապարակում մթնոլորտը շատ հաճելի է. լարվածություն բացարձակ չկա, եւ չկան սահմանազատումներ, թե ով է պրոֆեսիոնալ, եւ ով՝ սկսնակ. բոլորս հավասար ենք: Մեծ պատիվ է ինձ համար աշխատել նման անձնակազմի հետ:

Անուշիկ Առաքելյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ Իլոնա Մկրտչյանը


«Փափուկ խաղալիք»-ում իմ մայրիկի դերակատար Անուշիկ Առաքելյանը եւս միշտ աջակցում է ինձ: Հաճախ կիսվում է իր փորձով եւ հիշում այն տարիները, երբ ինքն էր անում առաջին քայլերն այս ասպարեզում:

Կադրից դուրս բոլորը շատ հոգատար են միմյանց հանդեպ, բայց եւ լինում են նկատառումներ, որոնք, կարծում եմ, հետագայում ինձ շատ կօգնեն:

Իլոնա Մկրտչյանը


Ընտանիքը

Թեեւ սիթքոմում իմ կերպարը մի շարք տարաձայնություններ ունի ընտանիքի անդամների հետ, սակայն կյանքում ընտանիքս միշտ ոգեւորում է ինձ: Ճիշտ է՝ ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, մեր ընտանիքում եւս լինում են որոշ վեճեր, արգելքներ, բայց անկախ ամեն ինչից, նրանք միշտ կողքիս են:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Իլոնա Մկրտչյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին