Դերասաններ Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանը շուտով ծնողներ կդառնան: Ապագա մայրիկը կիսվել է հույզերով:
«Արդեն 20 շաբաթ է, ինչ հրաշքը ապրում է ինձ հետ՝ իմ օրերում, երազներում, աշխատանքի մեջ, եղանակի, արեւի ու աշնան մեջ։ Արդեն 20 շաբաթ է, որ կյանքում ամեն բան հնարավոր ու անհնար է թվում միանգամից: Սերը զգում եմ արյանս մեջ, սպասումի ու համբերատար լինելու մեջ, շաբաթների մեջ, որոնք իմ ուղեղում հավասար են աշխարհի արարմանը։ Յոթ օրում արարվեց աշխարհը, իսկ ես ամեն 7 օր անց ավելի մոտ եմ իմ աշխարհին»,- գրել է նա։
Դերասանուհին խոստովանել է, որ տագնապային օրերի վերջում հիշում է այն մարդուկին, ով պիտի գա, եւ լուծելի են դառնում անլուծելի հարցերը:
«Ինչքան էլ թվա, որ այս շրջանը ռոմանտիզացնում եմ, իսկապես հրաշք է։ Հրաշք են անգամ վախով բժշկի գնալը, անալիզները՝ մի խոսքով, այն ամենը, ինչը երկրորդ շերտն է, որովհետեւ առաջինը դուրս է մարդկային որեւէ գործոնից։ Մինչեւ հիմա էլ փորձում եմ հաղթահարել վախերը, որոնք ինձ հետ են եղել, ու հիմա մտածում եմ՝ Փառք Աստծո...
Դեռ առջեւում կարեւոր ստուգումներ են, անալիզներ, այցեր, բայց մի բան հստակ է՝ մի քանի ամիս անց աշխարհ կգա մի մարդ, ում համար ես, մենք կավելացնենք գույներ...»,- անկեղծացել է նա:
Ավելի վաղ BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար զրույցի ժամանակ Վաչե Երիցյանը հարցին, թե ինչ արժեքներ կցանկանա փոխանցել իրենց երեխաներին, ասել էր. «Մեր հետոները հաստատ վատ արժեքներով չեն մեծանա։ Կսովորեցնենք, որ մեջքն ուղիղ պահեն՝ հայ մնան ու իսկական լինեն: Մի քանի արժեքներ կան, որ պիտի պահվեն՝ ընտանիք, հայրենիք, Աստված»։
Բալայանն էլ կիսվել էր, թե իր ծննդավայր Արցախի մասին ինչ կփոխանցի նրանց. «Ամեն ինչ եւ լուսավորը: Չեմ պատմի՝ հանձնեցին, տվեցին, մորթեցին, կոտորեցին... Այդ ամենի մասին մեծանալուց հետո կիմանան: Այնպես էլ չի, որ զերծ կպահեմ թշնամի բառից. պիտի հստակ հասկանան, որ հայ են ու իրենց թիկունքում պատմություն ունեն: Չի լինելու մի օր, որ Արցախից ու հայրենիքից չխոսենք։ Ես այնպիսի միջավայրում եմ մեծացել, որ մանկուց եմ այդ ամենը տեսել՝ իմ առաջին բանաստեղծությունից մինչեւ դասարանիս անվանակոչումը, հուշահամալիր գնալն ու հարեւաններս, որոնք զոհված զինվորների կանայք ու մայրերն էին»:


×
29





