Ամպամած երկնքի տակ եւ նոյեմբերյան անձրեւի ուղեկցությամբ Կինոյի տանը երեկ մեկնարկել է անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի 18-րդ միջազգային «ՌեԱ» փառատոնը։ 2009 թվականից ի վեր «Ռեանիմանիա»-ն շարունակում է զարգանալ՝ ընդլայնելով իր հնարավորությունները եւ միավորելով տարբեր երկրների անիմացիոն ոլորտի ներկայացուցիչներին։
Տարեցտարի «ՌեԱ»-ն դառնում է ոչ միայն համաշխարհային անիմացիային ծանոթանալու, այլեւ հայկական արվեստի զարգացման, մասնագիտական համագործակցության եւ փորձի փոխանակման կարեւոր հարթակ։ Հանդիսատեսը հնարավորություն ունի բացահայտելու տարբեր գեղարվեստական ոճեր ու մշակույթներ, իսկ տեղացի հեղինակները՝ իրենց աշխատանքները ներկայացնելու միջազգային լսարանին։
Վրեժ Քասունին եւ «ՌեԱ 2026»-ի պաստառի հեղինակ Զավեն Նաջարը
«Viva Carmen!». փառատոնի բացումը
Փառատոնի ծրագիրը բացեց ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը» (Viva Carmen!) անիմացիոն երաժշտական դրաման։ Ֆիլմը Ժորժ Բիզեի հռչակավոր «Կարմեն» օպերայի անսովոր վերաիմաստավորումն է։
Գործողությունները ծավալվում են 1845 թվականի Սեւիլիայում։ Երիտասարդ Սալվադորը սիրահարվում է ազատատենչ Կարմենին, սակայն աղջկա ողբերգական ճակատագրի մասին կանխագուշակությունը նրան ստիպում է ընկերների հետ փորձել փոխել իրադարձությունների ընթացքը եւ փրկել նրան։
Ռեժիսորն ուշադրությունը սովորական սիրո պատմությունից տեղափոխում է բարեկամության, ազատության եւ կանխորոշված ճակատագրի դեմ պայքարի վրա։ Առանձնահատուկ մթնոլորտ է ստեղծում ձեռքով նկարված անիմացիան՝ արտահայտիչ գունապնակով եւ դինամիկ կերպարներով։ Երաժշտական ձեւավորման մեջ հնչում են Բիզեի օպերային հղվող մոտիվներ, ինչպես նաեւ օպերային եւ իսպանական երաժշտական ինտոնացիաները համադրող օրիգինալ կոմպոզիցիաներ։ Գլխավոր հերոսուհուն հնչյունավորել է ֆրանսիացի երգչուհի եւ դերասանուհի Կամելիա Ժորդանան, ով նաեւ կատարել է ֆիլմի եզրափակիչ երգը։
Վրեժ Քասունի. «ReA Academy Lab-ն առաջին քայլն է դպրոցի ստեղծման ճանապարհին»
Այս տարվա գլխավոր նորույթներից մեկը ReA Academy Lab-ի ստեղծումն է։ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ փառատոնը հիմնել է կրթական լաբորատորիա՝ սցենարիստների, պրոդյուսերների եւ վիզուալ արվեստագետների համար։
Ինչպես պատմեց փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, լաբորատորիան առաջին քայլը կլինի Հայաստանում անիմացիոն եւ թվային արվեստի մշտական դպրոցի ստեղծման ճանապարհին։
Վրեժ Քասունին՝ որդու հետ
«Ակադեմիայի լաբում այս տարի վեց մասնագիտություն ենք ընդգրկել՝ սցենարի, ռեժիսուրայի, պրոդյուսերության, կերպարների ստեղծման, կոնցեպտ արտի եւ ձայնային ինժեներիայի։ Սրանք կինո եւ հատկապես անիմացիոն կինո ստեղծելու կարեւորագույն մասնագիտություններն են, որոնք մեզ մոտ պետք է ավելի զարգանան։ Երբ հաջողենք ստեղծել մշտական դպրոցը կամ ակադեմիան, մասնագիտությունների քանակը կավելանա. առնվազն 13 մասնագիտություն ենք ընդգրկելու»,- նշեց Քասունին։
Նրա խոսքով՝ նախատեսել էին հայկական եւ տարածաշրջանային անիմացիոն ստուդիաները ներկայացնել առանձին տաղավարներում՝ միջազգային հյուրերին նրանց աշխատանքներին ու հնարավորություններին ծանոթացնելու համար։ Սակայն այս տարի գաղափարը կյանքի կոչել չի հաջողվել, եւ այն կիրականացվի հաջորդ փառատոնի ընթացքում։
Սերժ Ավետիքյան. «Կինոգործիչը չպետք է ենթարկվի ԱԲ-ի առաջարկներին»
«ՌեԱ»-ի այս տարվա գլխավոր հյուրերից է ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սերժ Ավետիքյանը։ Փառատոնի շրջանակում կկայանան նրա անիմացիոն, վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:
«Նոյեմբերի 9-ին «Նաիրի» կինոթատրոնում կցուցադրվեն իմ երեք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ», «Մի գեղեցիկ առավոտ» եւ «Շնային պատմություններ»։ Դրանք, իմ կարծիքով, տարբերվում են սովորական անիմացիայից, որովհետեւ ստեղծված են գեղարվեստական կինոյի միջոցներով։
Սերժ Ավետիքյանը
Իմ բոլոր ֆիլմերում կա անիմացիոն մոտեցում։ Միշտ հետաքրքրված եմ եղել նոր տեխնոլոգիաներով, բայց գլխավորն այն է, որ ռեժիսորը պետք է կարողանա տիրապետել սեփական սուբյեկտիվությանը եւ հասնել ինքնատիպ ոճի, այլ ոչ թե սահմանափակվել միայն կոմերցիոն ոճով, որն այսօր աշխատում է։
Այսօրվա անիմացիան ավելի բարդ է, որովհետեւ կապ ունի նոր տեխնոլոգիաների հետ, եւ այստեղ պետք է մի քիչ զգույշ լինել, որպեսզի տեխնոլոգիաների կիրառումը չհանգեցնի մակերեսային մոտեցման»,- նշել է նա:
Ավետիքյանի խոսքով՝ ԱԲ-ով իր փորձարկումների արդյունքները նախատեսում է ներկայացնել նոյեմբերի 9-ի միջոցառման ժամանակ։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականությունը խելացի է, բայց ոչ մարդու պես. այն փորձում է հասկանալ, թե ինչպես պատասխանի ամենաճիշտ ձեւով՝ համեմատելով տվյալները։ Մարդը, սակայն, պետք է պատասխանի ոչ թե ճիշտ, այլ ամենաբարձր զգացմունքով եւ սեփական ինքնատիպ հայացքով։ Ռեժիսորը շեշտեց, որ կինոգործիչը պետք է տեխնոլոգիային թելադրի իր պայմանները, այլ ոչ թե ենթարկվի դրա առաջարկներին. եթե մենք ենք այն ստեղծել, ուրեմն պետք է տնօրինենք այն, այլ ոչ թե թույլ տանք, որ այն տիրի մեր մտածելակերպին։
Ավետիքյանին մրցանակ է հանձնվել՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար:
Սերժ Ավետիքյանը
Զավեն Նաջարի Արալեզը եւ շունը, որը նրան ուղեկցեց Կինոյի տուն
Ֆրանսահայ անիմացիոն ռեժիսոր եւ իլյուստրատոր Զավեն Նաջարն է «ՌեԱ»-ի այս տարվա պաստառի հեղինակը։ Նկարիչը պատկերել է Արալեզին՝ հայկական դիցաբանության թեւավոր շանը։ Հին հայկական առասպելների համաձայն՝ արալեզներն իջնում էին երկնքից, լիզում ռազմի դաշտում ընկած հերոսների վերքերը եւ վերակենդանացնում նրանց։
Նկարիչը տեսանյութ էր տարածել մի շան մասին, որն ուղեկցել էր նրան Կինոյի տուն տանող ճանապարհին։ Նաջարը նկատել էր, որ կենդանին զարմանալիորեն նման է փառատոնի պաստառին իր պատկերած Արալեզին եւ հաճելիորեն զարմացել էր այդ համընկնումից։
Զավեն Նաջարը
«Երբ Քասունին առաջարկեց «Ռեանիմանիա»-ի համար պաստառ ստեղծել, ինձ համար դա մեծ պատիվ էր։ Շատ ուրախ էի, որովհետեւ այս փառատոնն ինձ համար շատ բան է նշանակում. հենց նրա շնորհիվ եմ առաջին անգամ եկել Հայաստան։ Ուզում էի ստեղծել մի բան, որը խորապես արմատավորված լինի հայկական մշակույթում, ուստի դիմեցի հայկական դիցաբանությանը։ Եվ մտքովս անցավ պատկերել Արալեզին։ Ընտրեցի այս դիցաբանական էակին, որովհետեւ նա բուժում եւ պաշտպանում է։ Ուզում էի պաստառ ստեղծել, որը կդառնար փառատոնի պաշտպանը։ Զանգահարեցի Քասունուն, բացատրեցի իմ մտահղացումը, եւ նա պատասխանեց. «Հիանալի է, հրաշալի է»։ Բացի այդ, փառատոնը Երեւանում է, իսկ այստեղ ամենուր շներ կան։ Այնպես որ, սրա մեջ խոր իմաստ կա։
Իսկ այսօր առավոտյան Կինոյի տուն գալիս նկատեցի մի շուն, որը ճիշտ նույնն էր, ինչ ես նկարել էի: Եվ նա ինձ սպասում էր։ Չեմ հորինում։ Ես չկարողացա ամեն ինչ նկարահանել, բայց նա իսկապես ինձ էր սպասում։ Հետո շարունակեցի քայլել, եւ նա միացավ ինձ։ Ժամանակ առ ժամանակ շրջվում ու նայում էր, կարծես ասում էր․ «Արի գնանք, արագ»։ Իսկ երբ հասանք, կանգ առավ, մենք նայեցինք իրար, եւ նա գնաց։ Շատ գեղեցիկ էր»։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
240





