Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքից» մինչեւ Հակոբ Հակոբյանի «Վիշտ». կարանտինում ձանձրույթից կփրկի արվեստը, առավել եւս երբ ստեղծգործելու ընթացքն իրենից ներկայացնում է հանրահայտ կտավների եւ քանդակների ինտերպրիտացիա՝ տանը ձեռքի տակ եղած իրերով: «Իզոիզոլյացիա» կոչվող ֆեյսբուքյան խմբում այս գաղափարի շուրջ արդեն համախմբվել է տարբեր ազգության 460 հազարից ավելի մարդ: Առանձնացրել ենք հայ մասնակիցների վերարտադրած ստեղծագործությունները:
Էմմա Մարաշլյան, լուսանկարիչ
Ընկերներս պատմեցին ֆլեշմոբի մասին ու առաջարկեցին մասնակցել: Կարծում եմ՝ հետաքրքիր միտք է: Ապրելով տարբեր երկրներում, լինելով տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ բոլորս համախմբվել ենք արվեստի շուրջ: Ինքս հիմնականում դիմանկարային լուսանկարների հեղինակ եմ, դրանով էր պայմանավորված Ջորջ Ուոթսոնի կտավի ընտրությունը:
Ռենեսանսի ժամանակաշրջանի իտալական ոճով աղջնակ է կտավում՝ կակաչները ձեռքին: Քանի որ աղջկաս՝ Մարիամի տարիքը համապատասխանում էր, որոշեցի հենց նրան լուսանկարել: Պետք է նշեմ, որ մեկնաբանությունների մեջ շատ էին կարծիքները, որ իմը կարծես մեկ այլ, առանձին աշխատանք է ստացվել. համաձայն եմ: Հետագայում միգուցե այլ աշխատանքներս եւս ներկայացնեմ:
Մարի Ադամյան, ճարտարապետ, նկարչուհի
Հայտնի նկարների վերարտադրումը նորություն չէ, բայց կոնկրետ «Իզոիզոլյացիա» խումբը, որտեղ չափազանց համարձակ եւ ստեղծարար մարդիկ կան, տեսել եմ իմ ռուս ընկերների ֆեյսբուքյան էջերում եւ հաճույքով հետեւել եմ, ինչպես եւ ընտանիքիս մյուս անդամները: Հաճախ կիսում էինք միմյանց հետ դուր եկած այս կամ այն նկարը եւ քննարկում, որ մենք էլ անպայման պետք է մասնակցենք: Վերարտադրել ենք 3 նկար. առաջինն ամուսնուս՝ Արսենի մտահղացումն է՝ Հակոբ Հակոբյանի «Վիշտ» նկարը, որում գլխավոր կերպարը մեր տղան է: Ցանկություն կար անպայման անդրադառնալ հայ նկարիչներին, թեեւ ընտրությունն այնքան մեծ էր, որ դժվար էր կողմնորոշվել:
Երկրորդ նկարն աղջկաս՝ Տասյայի մտահղացումն է՝ Դեւիդ Հոքնիի նկարներից մեկը, որի հերոսների դերը ստանձնեցին Արսենն ու Տասյան:
Երրորդ նկարի պատմությունը հետեւյալն է. շատ սիրելի ժամանակակից հայ նկարիչ Սարգիս Համալբաշյանի նկարներից մեկը, որը կոչվում է «Սիրահարները», գտնվում է մեր տանը, եւ մեր հյուրերը հաճախ կատակում են, որ նկարում պատկերված կերպարները նման են ինձ եւ Արսենին: Ահա թե ինչու, դերի մեջ մտնելով, որոշեցինք շունչ տալ հենց այս հետաքրքիր կերպարներին: Այդ գործընթացը շատ ստեղծագործ եւ զվարճալի ընթացք ունի եւ, կարծում եմ, շարունակական է լինելու:
Անիտա Հախվերդյան, երգահան
Արտակարգ նախագիծ է: Առավոտյան սուրճ էի ըմպում եւ տեսա, որ ընկերներս կտավների վերարտադրությունների լուսանկարներ են հրապարակում: Քանի որ տանն եմ եւ ունեմ շատ ազատ ժամանակ, որոշեցի ես էլ մասնակցել ֆլեշմոբին: Հիշեցի, որ տանը թագավորի շատ գեղեցիկ հանդերձ ունեմ: Գտա համապատասխան նկարը եւ կրկնօրինակեցի:
Տեղադրեցի սկզբում իմ անձնական էջում, հետո քույրս ասաց խմբի մասին, ու հրապարակեցի նաեւ խմբում: Բնականաբար, կարելի էր ավելի լավը ստանալ, բայց իմ դեպքում դետալը թելադրեց, թե ինչ անեմ: Սա կարանտինի շրջանի լավագույն նախագծերից մեկն է:
Արմինե Ճաղարյան, ռադիոհաղորդավար, մարքեթոլոգ
Եզակի նախագիծ է: Խմբում տիրում է դրական մթնոլորտ, ցանկացած աշխատանքի նայելիս դեմքիդ, անկախ քեզնից, ժպիտ է առաջանում: Այնպիսի նախագիծ է, որը անհնար է չհաջողեր: Ներկայացրել եմ միանգամից երեք աշխատանք: Դենի ՄքԲրայդի կտավը վերարտադրեցի, որովհետեւ հեշտ էր: Այդ կերպարի մեխը կարմիր գլխարկն էր:
Երկրորդը Սանդրո Բոտիչելլիի դիմանկարներից էր: Կրկնօրինակեցի, քանի որ հետաքրքիր էր տղամարդու կերպար ստեղծելը:
Բայց կարծում եմ՝ ամենատպավորիչը ստացվեց Ֆայզա Մագնիի արեւելյան կնոջ կտավի վերարտադրումը: Ինձ թվաց, որ այդ կերպարն ինձ նման է: Դետալներից փայլաթիթեղը (ֆոլգա) դարձավ կերպարի մեխը: Կերպարները ստեղծել եմ այն ամենով, ինչ այդ պահին տանն ունեի. ֆլեշմոբի իմաստը դրանում է:
Դինա Հովհաննիսյան, լրագրող, մենթալ թվաբանության մարզիչ
Այս շրջանում բոլորս ինչ-որ նոր հոբբիներ ենք ձեռք բերում, իմը նույնականացավ աշխարհի տարբեր ծայրերում ապրող արվեստասերներների հոբբիի հետ։ Առաջին կտավը, որ կրկնօրինակեցի, 15-րդ դարի ռենեսանսի հայտնի ներկայացուցիչ, հոլանդացի նկարիչ Յան վան Էյքի «Տղամարդու դիմանկարն» էր։ Երբ արդյունքը տեղադրեցի սոցցանցային իմ էջերում, արձագանքը «ստիպեց» շարունակել շարքը։
Հաջորդը, արդեն ապրիլի 7-ի կապակցությամբ, կրկնօրինակեցի ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիսթլերի ամենահայտնի գործը, որում պատկերված է նկարչի մայրն ու կոչվում է «Կոմպոզիցիա սեւի եւ մոխրագույնի մեջ։ Ուիսթլերի մայրը»։ Այս նկարի հետ կապված զվարճանքի հատուկ ալիք բարձրացավ, քանի որ գործը շատերին հայտնի է Ռոուեն Ատկինսոնի կատակերգական «Միսթր Բին» ֆիլմից։
Սրանց հաջորդեցին արդեն Սանդրո Բոտիչելլիի վրձնին պատկանող Դանթեի դիմանկարի կրկնօրինակումը, ապա՝ Էդուարդ Մանեի՝ Բերտա Մորիզոյինը...
Ընկերներիցս շատերին թվում է, որ նախապատրաստական երկար աշխատանք եմ տանում՝ կապված հատկապես հագուստի հետ, բայց պետք է անկեղծանամ ու ասեմ, որ ամեն ինչ շատ արագ ու էքսպրոմտ է ստացվում, ու սրա պատճառով էլ գլխիս մեկ կարմրավուն սավան է հայտնվում, մեկ՝ սպիտակ գիշերազգեստ, մեկ էլ՝ ալ կարմիր կիսաշրջազգեստ։
Քանի որ դեռ առնվազն մեկ ամիս տանն ենք լինելու, գուցե նոր կրկնօրինակումներ եւս լինեն, սակայն Օրսեի թանգարանի կողմից արժանացած ուշադրությունից հետո (թանգարանի ինստագրամյան պաշտոնական էջը Ուիսթլերի մոր կրկնօրինակումս like-ի էր արժանացրել) կփորձեմ էլ ավելի որակով աշխատանքներ ստանալ։
Սուսաննա Գեւորգյան, նկարչուհի
Մասնագիտությամբ դիզայներ եմ, բայց չեմ աշխատել, քանի որ զբաղվել եմ բալիկներիս խնամքով: Վերջին մի քանի տարիներին փոխել եմ մասնագիտությունս. հիմա նկարչուհի եմ, ապրում եւ ստեղծագործում եմ Ռուսաստանում: Ֆլեշմոբի մասին աղջիկս պատմեց, նայեցի լուսանկարներն ու միտք ծագեց մասնակից դառնալ այդ ամենին: Սկսեցի ուսումնասիրել հայտնի նկարիչների աշխատանքներն ու ընտրեցի Պալ Ֆրիդի կտավը:
Այնպես ստացվեց, որ ունեի նմանատիպ զգեստ, այդ պատճառով հեշտ կրկնօրինակեցի: Մեկնաբանությունները շատ դրական են, շատ հաճելի արձագանքներ եմ ստացել:
Զրուցեց` Մարիամ Խաչատրյանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: