×


«Հեռավորությունը մեզ երբեք չի բաժանել». Արթուր Կարապետյանը եւ Լիլի Ավագյանն ազգականներ են

Դերասան Արթուր Կարապետյանը եւ ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանը բարեկամական կապ ունեն: Լիլին BRAVO.am-ին ասել է, որ սիրված դերասանն իր մայրիկի հորաքրոջ որդին է: Նրա հետ զրուցել ենք ոչ միայն իր եւ Արթուրի մտերմության, այլեւ համավարակի պատճառով չեղարկված ծրագրերի մասին:

«Շա՜տ մտերիմ ենք: Նա ինձ համար առաջին հերթին իր տեսակով՝ համբերությամբ, հոգատարությամբ, բարությամբ, նվիրվածությամբ, մեծ օրինակ է ու նաեւ դպրոց: Անվերջ կարելի է զրուցել, լիցքավորվել նրանից բխող դրական էներգիայով, սովորել, սովորել ու սովորել: Հեռավորությունը մեզ երբեք չի բաժանել: Մեր ընտանիքները միշտ կապի մեջ են»,-նշել է Լիլին եւ ավելացրել.«Կարծես ավանդույթ է դարձել՝ տարեդարձս, աշխարհի որ ծայրում էլ լինեմ, առաջինը գրեթե միշտ նա է շնորհավորում: Ես միշտ ասում եմ, որ թատրոնը ճանաչել ու սիրել եմ նրանցով: Թատերասեր հանդիսատես եմ դարձել անգիտակցաբար, երբ դեռ մայրիկիս գրկում նստած էի դիտում ներկայացումները: Հիշում եմ՝ ներկայացման ավարտին վազում էի բեմ, ծաղիկներ տալիս Սաթիկին, հետո փակվում էր վարագույրն, ու ես մնում էի բեմում՝ դերասանների հետ, եւ դա իմ ամենասիրելի պահն էր: Իմ մանկության վառ հիշողություններում են Պարոնյանի անվան թատրոնի կուլիսները»:


Նրա խոսքով՝ հաճախ են օվկիանոսը կտրում եւ հանդիպում.«Աշխարհն այլեւս այնքան է փոքրացել, որ արդեն նշանակություն չունի, թե որտեղ ենք ապրում»:

Պարզվում է՝ մեկ ամիս առաջ Լիլին Հայաստան է ժամանել եւ վայրէջքից անմիջապես հետո իմացել է, որ բոլոր ծրագրերը չեղարկվում են.«Մարտի 13-ին եկա, ու պարզվեց՝ ոչինչ չեմ կարող անել մի ամբողջ շաբաթ: Միակ լավ բանն այն է, որ մարտի 14-ին հայրենիքում նշեցի տարեդարձս: Եվ կարելի է ասել՝ վերջին չվերթով կարողացա Միացյալ Նահանգներ վերադառնալ»:

Լիլի Ավագյանը՝ եղբոր եւ մայրիկի հետ, Սաթիկ Հախնազարյանը եւ Արթուր Կարապետյանը


Նա նաեւ պատմել է, որ ապրիլի 7-ին եւ 9-ին իր ընկերության նախաձեռնությամբ Միացյալ Նահանգներում պետք է տեղի ունենային Project LA խմբի համերգները, բայց հայտնի պատճառով չեղարկվել են:

Լիլին այս շրջանում հիմնականում տանն է լինում, ասում է՝ մտորելու, որոշ հարցեր վերանայելու, վերաարժեւորելու շրջան է.«Ճիշտ է՝ ընտանիքիս հետ եմ, բայց ինձ համար իրավիճակը մի քիչ «մենակ մնալուն» ծառայեց ու համընկավ կյանքիս նոր փուլի հետ: Համենայն դեպս չեմ դժգոհում ու հույսով եմ լցված, որ այս փորձության միջով յուրաքանչյուրս եւ համայն աշխարհը պատվով դուրս կգա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլի Ավագյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին