×


«Այս նախագծի համար հետ եկա». Անդրանիկ Խաչատրյանը՝ «Անատոլիական պատմության» մասին

Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվում է Մարկ Արենի «Անատոլիական պատմություն» վեպի հիման վրա նկարահանված համանուն հեռուստադրաման: Հայատյաց թուրքի որդու՝ Դեմիրի կերպարում է Անդրանիկ Խաչատրյանը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է սերիալի ցուցադրումը հետաձգելու պատճառի, թուրքի մարմնավորելու հոգեբանական կողմի մասին: Անդրանիկը նաեւ անդրադարձել է իր հետաձգված պլաններին:

Օգնեցին հանդիպումները

Վեպի էկրանավորման նախապատրաստական աշխատանքների մասին շատերս էինք տեղյակ: Երբ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանից ստացա առաջարկը, սիրով համաձայնեցի: Այդ շրջանում երկրում չէի ու հատուկ այս նախագծի համար հետ եկա: Մինչ նկարահանումները դերասանական կազմով հանդիպումներ ենք ունեցել. քննարկել ենք գիրքը, մեր հերոսներին, նրանց հարաբերությունները: Այդ հանդիպումները շատ օգնեցին: Ֆիլմը պետք է նոյեմբերին ցուցադրվեր: Հետաձգվեց, քանի որ որոշեցին ցույց տալ ապրիլի 24-ին նախորդող շրջանում:

Անդրանիկ Խաչատրյանը՝ «Անատոլիական պատմություն» սերիալի նկարահանումներին


Հեղինակը վրեժ է լուծել

Նախքան առաջարկը գիրքը չէի կարդացել: Երբ կարդացի, շատ տպավորվեցի: Գրքի միջոցով հեղինակը՝ Մարկ Արենը, հոգեբանական տեսանկյունից վրեժ է լուծել: Վեպում չկան մարդասպանություն, արյունահեղություն, բայց կա հոգեբանական մեծ ողբերգություն: Չեմ կարծում, որ կա ավելի ծանր հարված, քան ամբողջ կյանքում մեկ այլ մարդու կյանքով ապրելը: Այն էլ այս դեպքում թուրքի կյանքով ապրած հայի մասին է խոսքը: Բայց որքան ուժեղ մարդ է Մուսթաֆան, որ համակերպվում է իրականության հետ ու սկսում փնտրել իր ծնողների գերեզմանը: Հետաքրքիր են Մուսթաֆայի ապրումները, երբ դուրս է գալիս իր հայրական տնից` առանց որեւէ փաստաթղթի կամ լուսանկարի, միանգամից չի գնում, այլ սպասում է ինչ-որ բանի: Ներքին մի զգացում ուղղորդում էր նրան: Այդ նամակն ու լուսանկարները փոխեցին 85 տարի որպես թուրք ապրած մարդու կյանքն ու հայացքները:

Թուրքի կերպարը

Երբ ծանոթացա դերին, նույնիսկ մտքովս չանցավ, որ թուրքի կերպարով հանդես գալը մեծ պատասխանատվություն է իրենից ենթադրում: Միայն նկարահանումներից հետո սկսեցի վերլուծել այդ ամենը: Մենք մեծ բեռ էինք վերցրել մեր ուսերին, բայց, կարծում եմ, կարողացանք տեղ հասցնել: Ֆիլմի ասելիքն արդիական էր երեկ, այսօր եւ վաղը: Այս պատմության հիման վրա պետք է նկարահանվեր ֆիլմ: Թող ի լուր աշխարհի հայտնի դառնա մեր պատմությունը, որովհետեւ արդարությունը, վաղ, թե ուշ, ջրի երես է բարձրանալու:

«Անատոլիական պատմություն» սերիալի նկարահանումներին


Ազգային պատկանելիությունը

Կերպարային առումով Դեմիրը տարբերվում է Մուսթաֆայի մյուս զավակներից: Իր գաղափարները հարում են միայն մարդկությանը եւ բիզնեսին: Ազգային պատկանելիությունը Դեմիրի դեպքում երկրորդ, երրորդ պլան է մղվում: Իսկ Սուլեյմանի պարագայում, ինչպես իր հոր, ազգային հարցերը ծայրահեղական են: Նրանք բացարձակ ազգային գաղափարների կրող են:

«Գրքում մի փոքր այլ է»

Ֆիլմում Դեմիրը եւ հայրը գնում են Դեմիրի հարսնացուի ձեռքը խնդրելու: Գրքում մի փոքր այլ է. Դեմիրը մենակ է գնում, եւ այդ ժամանակ բացահայտված է լինում նրա ազգությունը: Կարծում եմ` ռեժիսորը ճիշտ լուծում է գտել: Եթե այդքան վաղ ներկայացվեր, որ Դեմիրը հայ է, հետքրքրություն չէր լինի, պետք է հեռուստադիտողին մտածելու տեղիք տանք: Դեմիրի հավանած աղջկա մայրը եւս հայ էր, ու սա էլ ճակատագրի մի հարված է նրանց ընտանիքի համար:

Անդրանիկ Խաչատրյանը


«Շատ պլաններ չեղարկվել են»

Հիմա Հայաստանում եմ ու տնից դուրս չեմ գալիս, ինչպես այս օրերին բոլորը: Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ շատ պլաններ չեղարկվել են: Խորեն Աբրահամյանի 90-ամյա հոբելյանին նվիրված բեմականացում էինք նախատեսում: Հուսով եմ՝ այս ամենը շուտ կավարտվի, ու բոլորս կվերադառնանք մեր բնականոն կյանքին:

Զրուցեց՝ Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Անդրանիկ Խաչատրյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին