×


Անսպասելի մետալ-երեկո Ֆիլհարմոնիայի բակում. մեկնարկել է YereVibe-ը

Երեւանյան երաժշտական կյանքը համալրվել է այլընտրանքային նոր հարթակով։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նորաբաց «ԲԱԿ-STAGE» բացօթյա տարածքում երեկ տեղի է ունեցել «YereVibe» համերգաշարի առաջին միջոցառումը։

Նոր նախագծի շրջանակում նախատեսվում է բացօթյա համերգների շարունակական շարք՝ տարբեր ժանրերի եւ այլընտրանքային հնչողության երաժշտության սիրահարների համար։ Իսկ առաջին երեկոյի համար ընտրվել էր Ֆիլհարմոնիայի համար ոչ այնքան սովորական ուղղություն՝ մետալը։


Ծանր ռիֆերը, բարձր երաժշտությունն ու խմբերի կենդանի կատարումները փոխել էին տարածքի սովորական տրամադրությունը։ Ֆիլհարմոնիայի բակում հանդես եկան ծանր գրուվի երեք ներկայացուցիչներ՝ Perfect Legacy-ն, N.O.R.G.-ն ու Sootrah-ն:

Ֆիլհարմոնիայի ադմինիստրատիվ թիմի անդամ Նելլի Շահնազարյանի խոսքով՝ «ԲԱԿ-STAGE»-ի գաղափարը վաղուց էր մշակվում, սակայն հենց «YereVibe»-ը դարձավ առաջին պաշտոնական նախագիծը, որով ազդարարվեց հարթակի լիարժեք գործունեությունը։


«YereVibe-ն իր մեջ ներառելու է տարբեր ժանրերի երաժշտություն, ներկայացնելու է տարբեր արտիստների եւ ընդգծելու է Երեւանի վայբը՝ նոր շունչ հաղորդելով քաղաքին։ Քանի որ Ֆիլհարմոնիան չունի ժանրերի սահմանափակում, եւ մեզ համար կարեւոր է միայն որակը, այսօր ամենաանսպասելի սկիզբն ենք տալիս՝ ընտրելով մետալ ժանրը»,- նշել է Նելլի Շահնազարյանը:

Ֆիլհարմոնիա ասելիս մարդիկ սովորաբար պատկերացնում են դասական երաժշտություն։ «YereVibe»-ի միջոցով ցանկանում են ցույց տալ, որ բաց են որակյալ երաժշտական այլ ուղղությունների համար եւ կարող են մեկ հարթակում համախմբել տարբեր հետաքրքրություններ ունեցող երիտասարդների։

Նելլի Շահնազարյանը


«Միգուցե իրենց ավելի հետաքրքրող երաժշտության միջոցով երիտասարդներին բերենք այս շենք ու ցույց տանք, որ բոլոր ժանրերն էլ իրենց տեղն ունեն․ մետալն իր ձեւով կարող է ոգեշնչել, դասականն՝ իր, ջազն՝ իր։ Կարեւորը որակն է», - ընդգծել է Նելլին՝ հավելելով, որ «YereVibe»-ի հաջորդ համերգները սպասվում են հոկտեմբերին։

Սարգիս Հովակիմյանը


«Perfect Legacy» խմբի վոկալիստ Սարգիս Հովակիմյանը Bravo.am-ի հետ զրույցում կարեւորեց նման հարթակներում մետալ համերգների կազմակերպումը. «Երկար ժամանակ թյուր կարծիք է եղել, թե մետալը չար կամ վատ երաժշտություն է, որը չպետք է լսել։ Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ կարծրատիպը վերանա։ Ֆիլհարմոնիայի նախագիծը միանշանակ կօգնի ժանրի տարածմանը»: 


Վոկալիստի խոսքով՝ թեեւ համերգին մասնակցող երեք խմբերն էլ ոճային առումով տարբեր են, նրանց միավորում է մեկ ընդհանուր ուղերձ՝ երաժշտությունը պետք է հասանելի լինի բոլորին։

Տեքստը՝ Լիանա Թեհմուրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW