×


«Ես եւ ամուսինս հայկական անուններ ենք նախընտրում». Իռեն Աբելյանը բալիկի է սպասում

Ամուսնությունից հետո Շվեդիայում բնակվող Իռեն Աբելյանն ամռանը երկրորդ անգամ կմայրանա: Գեղեցիկ կարգավիճակում գտնվող դերասանուհին ընտանեկան պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով, որոնք էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:

«Երկու հղիությունների ժամանակ էլ, մինչ թեստ անելը, զգացել եմ օրգանիզմիս փոփոխությունը: Միշտ ուզել եմ հատուկ անակնկալով մատուցել ուրախալի լուրը, բայց քանի որ անհամբեր եմ ու էմոցիոնալ, չեմ դիմացել ու միանգամից հայտնել եմ ամուսնուս։ Որդուս հետ առավոտյան արթնացրինք ու ասացինք. շատ ուրախացավ: Ավելի շատ կուզեի դուստր ունենալ, բայց տղա է։ Մի կողմից լավ է. Շանթ-Իշխանը միայն եղբայր է ուզում, իր ցանկությամբ կլինի»,- պատմել է Իռենը:

Իռեն Աբելյանը


Անվան ընտրության հարցում երկմտում են.«Երեխայի անունը որոշելուց երկուսս էլ նախընտրություն ենք տալիս միայն հայկական անուններին: Օտարության մեջ էլ ավելի ես կառչում արմատներիդ եւ ուզում ես, որ երեխաներդ էլ միշտ հիշեն իրենց ծագման մասին։ Երկու տարբերակ ենք քննարկում. կա՛մ մեր առաջին թագավորներից մեկի անունը կտանք՝ Մենուա, կա՛մ ի պատիվ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ Մոնթե կանվանակոչենք, չնայած՝ Մոնթե անունը ֆրանսիական ծագում ունի»,- նշել է նա։

Փոքրիկի համար անհրաժեշտ իրերի գնումներով միայնակ է զբաղվում.«Ամուսինս ատում է գնումներ անելու ընթացքը, եւ իր օգնությունը կայանում է նրանում, որ երբ գնումներս ցույց եմ տալիս, միասին ուրախանում ենք։ Շանթ-Իշխանի գրեթե բոլոր իրերն արդեն իսկ երկրորդիս համար պահել էի, գնելու շատ բաներ չունեմ։ Ինչ էլ պետք է, արդեն ձեռք եմ բերել: Որդուս հետ էլ հաճախ խոսում ենք ապագա եղբոր մասին, որպեսզի հետո անակնկալի չգա ու ավելորդ սթրեսներից հնարավորինս խուսափի։ Հաճախ փաթաթվում ու համբուրում է փորս եւ հարցնում՝ երբ է եղբոր հետ խաղալու»։

Իռեն Աբելյանը


Ինքնուրույն է զբաղվելու երեխաների խնամքով.«Երբ շատ լարված եմ լինում քննություններով, ունենում եմ պատարագ կամ փորձ եկեղեցում, կամ էլ եթե հիվանդանում եմ, ամուսինս օգնության է հասնում, բայց հիմնականում մենակ եմ զբաղվել եւ զբաղվելու երեխաներիս խնամքով»։

Խոսել ենք նաեւ համավարակի պատճառով հետաձգված ծրագրերից. «Հղիությանս ողջ ընթացում ակտիվ կենսակերպով եմ ապրել: Ինչ տեղափոխվել եմ Շվեդիա, միանգամից սկսել եմ երգել շվեդական եկեղեցում, ինչն ինձ օգնում է պահպանել ձայնս եւ ավելի զարգացնել երգեցողությունս, հիմա էլ սկսել եմ քայլեր ձեռնարկել սոլո երգի ասպարեզում, եւ մայիսի 5-ին տեղի էր ունենալու մեծ համերգ, 2 երգ էլ ես էի կատարելու, եթե ի հայտ չգար այս կորոնավիրուսը։ Նաեւ եկեղեցու երգչախմբում պետք է երգեինք Կոմիտասի «Դլե յամանը»։ Առաջիկա ծրագրերում միայն առողջությունս պահպանելն է, որ երեխաներիս պիտանի եւ օգտակար լինեմ։ Հետո տեսնենք՝ ինչ կլինի»:

Իռեն Աբելյանը


Ամեն տարի պարտադիր այցելում են Հայաստան.«Հայրենիքիս հանդեպ կարոտը չափից ավելին է: Բացի դա, ուզում եմ՝ Հայաստանի հանդեպ սեր ու կապվածություն ունենան երեխաներս։ Ընտանիքիս ու մտերիմներիս հավասարաչափ շատ եմ կարոտում նաեւ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնն՝ իր բոլոր անդամներով։ Կարոտում եմ երեւանյան փողոցներն ու անցուդարձը, հայկական օդն ու ջուրը, որոնք ինձ անբացատրելի էներգիա եւ ուժ են տալիս»,- եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանակարները տրամադրել է Իռեն Աբելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին