Տիկնիկային թատրոնի դերասաններ, ամուսիններ Մուրադ Նադիրյանի եւ Աննա Խաչատրյանի ընտանիքը տասը տարեկան է: Նրանք BRAVO.am-ին պատմել են, որ հոբելյանական օրն անցկացրել են եկեղեցում:
Մուրադ Նադիրյանը եւ Աննա Խաչատրյանը
«Դեռ ամսիներ առաջ որոշել էինք ամուսնության 10-ամյակը մեծ շուքով նշել: Պատրաստվում էինք, եւ երբ արտակարգ դրություն հայտարարվեց, շատ նեղվեցինք. մեր ծրագրերը ջուրն ընկան»,-պատմել է Աննան եւ ավելացրել, որ օրն անցկացրել են այն եկեղեցում, որտեղ պսակադրվել են.«Գրեցինք տեղաշարժման թերթիկները եւ գնացինք Սուրբ Հովհաննես եկեղեցի: Խոր վերլուծություններն ու այն հույզերը, որ ապրեցինք եկեղեցում, երեւի չէինք զգա, եթե լիներ մեր պլանավորած խնջույքը: Իսկապես, երբեք չես իմանա, թե Աստված ինչ է պատրաստել քեզ համար»:
Դերասանուհին կարծում է՝ ակտիվ կենցաղ վարող մարդկանց համար մեկուսանալն առավել դժվար է.«Բայց ինչ արած, պետք է հետեւենք հրահանգներին եւ մնանք տանը: Իսկ երեխաներն ամբողջ օրը դաս են անում եւ չար լինելու ժամանակ չունեն:)»:
Մուրադ Նադիրյանը՝ երեխաների հետ
Երեխաների դասապատրաստմանը հետեւում է նաեւ Մուրադը.«Փորձում եմ օգնել ինչքան նյարդերս հերիքում են: Աննան ավելի հանգիստ է»,-նշել է դերասանն ու հավելել, որ անհամբեր սպասում է կարանտինի ավարտին.«Կարոտել եմ աշխատանքս: Ուղղակի վախենալու մի բան կա, ինձ թվում է՝ այսքանից հետո մեկ ժամից ավելի դրսում չեմ կարողանա մնալ. կկարոտեմ տնեցիներին»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: