×


«Զգացմունքների տեղատարափում ցուրտը չզգացի». Նարեկ Հախնազարյանի հուզիչ կատարումը Ծիծեռնակաբերդում

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին սուրբ նահատակների հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա երաժշտական բացառիկ ծրագրով Ծիծեռնակաբերդի բարձունքից։ Հուշահամալիրում «Ոգեկոչման գիշերը» մեկնարկեց երաժիշտ Նարեկ Հախնազարյանի հուզիչ ելույթով. նախ նա կատարեց Կոմիտասի «Կռունկը»։

Թավջութակահարը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նվագելիս իր ապրումների, զոհերի հիշատակին անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու եւ անսովոր ցրտի մասին:

«Զանգեցին կազմակերպիչներն ու ասացին, որ համերգային ծրագրի բացումը ես եմ անելու: Ստեղծագործություններն ինքս եմ ընտրել: Անպայման ուզում էի, որ դրանցից մեկը հայկական լիներ: Կոմիտասի «Կռունկ»-ից ավելի համապատասխան ստեղծագործություն, կարծում եմ, չէի գտնի»,- ասել է նա եւ հավելել, որ երկրորդ գործը Հայաստանում շատ է նվագել.«Խոսքը Ջովանի Սոլիմայի «Ողբ»-ի (Lamentatio) մասին է: Երեկվա օրն ամենահամապատասխան օրերից էր այդ ստեղծագործության համար»:




Նարեկ Հախնազարյանը խոստովանել է, որ ելույթի ընթացքում ցուրտը նույնիսկ չի զգացել.«Ապրիլի 24-ն ինքնին շատ զգացմունքային օր է, իսկ Ծիծեռնակաբերդում տիրող երեկվա մթնոլորտն աննկարագրելի էր: Ելույթս շատ հուզիչ էր: Համերգը բացօթյա էր, եւ, անկեղծ ասած, շատ ցուրտ էր, բայց չնայած ցրտին, ավանդույթի համաձայն, նվագեցի իմ համերգային շապիկով: Զգացմունքների եւ հուզմունքի տեղատարափում ցուրտը չզգացի»:

Թավջութակահարը համերգային շրջագայությունների պատճառով հազվադեպ է կարողանում այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ապրիլի 24-ին.«Երեկ նվագելուց հետո տուն եմ վերադարձել, բայց մինչ այդ ծաղիկներ խոնարհեցի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Շատ քիչ է լինում, որ այս օրը Հայաստանում եմ լինում: Հիմնականում զոհերի հիշատակին նվիրված համերգային շրջագայություններով եմ հանդես գալիս արտերկրում: Հայաստանում գտնվելիս էլ այստեղ եմ ելույթ ունեցել, իսկ ապրիլի 24-ին այնքան մեծ է մարդկանց հոսքը հուշահամալիր, որ ծաղիկներ խոնարհելու համար ժամեր են պետք: Ես ել ամեն տարի իմ երաժշտությամբ եմ պարտքս կատարում»,- եզրափակել է Նարեկը:

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Կադրը՝ Ոգեկոչման գիշերվա արարողությունից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW