×


«Ուզում էի երգել լուսավոր սիրո մասին». Հռիփսիմե Խաչատրյանի «Օր օրի» հոլովակն ու կապը Քրիստինե Պեպելյանի հետ

Սիրային նոտաներն անմիջապես դիպչում են մարդու սրտին, իսկ մեղեդային նուրբ երգն ու երաժշտությունն առավել զգացմունքային ու գունեղ դարձնում այն: Նմանատիպ մի նոր երգով է հանդես եկել երիտասարդ երգչուհի Հռիփսիմե Խաչատրյանը, որի «Օր օրի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան կայացավ օրեր առաջ: Հռիփսիմեն BRAVO.am-ին պատմել է ինչպես նոր աշխատանքի եւ համագործակցությունների, այնպես էլ Հայաստան վերդառնալու շարժառիթների մասին:

Երգչուհին ծնվել եւ ապրել է Ռուսաստանում ու հենց այնտեղ էլ ստացել է երկու բարձրագույն կրթություն՝ սովորելով արվեստի, մշակույթի պատմություն եւ հոգեբանություն: Սակայն 4 տարի առաջ տեղափոխվել է Երեւան եւ այժմ էլ սվորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ուսանելով երգչուհի Քրիստինե Պեպելյանի մոտ.«Շատ շնորհակալ եմ նրան՝ իր փորձը փոխանցելու համար։ Քրիստինե Պեպելյանը ոչ միայն լավ դասախոս է, այլեւ հիանալի մարդ»։


Երազկոտ, սակայն կյանքին ռեալիստի աչքերով նայող Հռիփսիմեն նշում է, որ շատ է սիրում գիրք կարդալ, լողալ եւ, իհարկե, երգել: Երաժշտության հանդեպ սերը ծնողները նկատել են դեռ փոքր տարիքում եւ իրենց դստերը տարել երաժշտական դպրոց: Իսկ արդեն 20 տարեկանում նա վերջնականապես որոշել եւ ընտրել է երգի ուղին: Մինչ այս նոր երգն ու տեսահոլովակը հանդես է եկել 2 այլ երգով՝ «Քեզ գտա» եւ «Առանց քեզ». վերջինիս հեղինակը հենց ինքն է: Երգերը կգտնեք այստեղ:

Նոր երգի մասին երգչուհին հետեւյալն է պատմել.«Ուզում էի երգել լուսավոր սիրո մասին, եւ իմ տեսահոլովակի ռեժիսորն առաջարկեց փորձել այս հրաշք երգը: Կարծում եմ՝ ստացվել է»:

Հռիփսիմե Խաչատրյանը


«Օր օրի» երգի խոսքերի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Վահե Հարությունյանը: Ինչպես Հռիփսիմեն է նշել, նկարահանումներն անցել են շատ բարեհաջող.«Ամեն ինչ ընթացավ ծրագրածի պես: Նկարահանող խմբի հետ անչափ հաճելի էր աշխատել, իսկ նկարահանման հրապարակում ջերմ մթնոլորտ էր տիրում: Բոլորը շատ պրոֆեսիոնալ էին կատարում իրենց աշխատանքը, ինչի արդյունքում էլ որեւէ դժվարություն եւ բարդություն չզգացի»:

Հռիփսիմե Խաչատրյանը


Զրույցի վերջում խոսելով իր նպատակների ու ապագա ծրագրերի մասին՝ Հռիփսիմեն ասել է.«Պատրաստվում եմ շարունակել երաժշտական ճանապարհը: Առաջիկայում, իհարկե, կներկայացնեմ նոր երգեր: Ինչպես նաեւ պլանավորում եմ ապագայում ունենալ մանկական զարգացման կենտրոն, որտեղ կկարողանամ ապագա սերնդին փոխանցել իմ երաժշտական գիտելիքները»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարիչ` Արամ Սալոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին