×


«Ոչինչ չեմ անում կազմվածքս պահպանելու համար». Հայկուհի Մաթեւոսյան

Գարունը «Հայաստանի գեղեցկուհի 2019» Հայկուհի Մաթեւոսյանի ամենասիրելի եղանակն է, շատ է ափսոսում, որ վարակի լայն տարածումը խանգարում է լիարժեք վայելել այն: Ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, մի շարք աշխատանքներ, որոնցով զբաղված էր, չեղարկվել կամ հետաձգվել են:

«Հուսով եմ, որ այս համամարդկային քաոսը շուտափույթ կավարտվի, եւ բոլորս կանցնենք մեր բնականոն կյանքին: Հետաքրքիր ու գեղեցիկ գաղափարներ կան, որոնք կցանկանայի իրականացնել»,- ասել է նա եւ հավելել, որ այս ամենի մեջ դրական բանն այն է, որ շատերը սովորեցին ավելի շատ գնահատել, շնորհակալ լինել, սիրել, արժեւորել, օգնել եւ բարի գտնվել իրար հանդեպ:

Հայկուհին իր օրն այնպես է կազմակերպում, որ ամեն ինչ հասցնում է ավարտել ժամանակին: Որեւէ բան չանելու համար երբեւէ պատճառ չի փնտրում: Տանը մնալն էլ նպատակային է օգտագործում. ավելի շատ ժամանակ է հատկացնում այն զբաղմունքներին, որոնցով միշտ զբաղվել է՝ ճաշատեսակներ պատրաստել, գիրք կարդալ, ֆիլմեր դիտել եւ այլն:

Հայկուհի Մաթեւոսյանը


Իտալական խոհանոցի սիրահար է, ավելորդ կիլոգրամներից էլ չի վախենում. «Բազմիցս նշել եմ, որ ոչինչ չեմ անում կազմվածքս պահպանելու համար: Դեռ փոքր հասակից ունեցել եմ սլացիկ մարմին: Առանձնապես պարտաճանաչ կերպով չեմ զբաղվում սպորտով, թեպետ դա սխալ եմ համարում: Կարծում եմ՝ այն յուրաքանչյուրիս կյանքի կարեւորագույն մասը պետք է լինի: Իսկ զբաղվելու դեպքում պարտադիր լինում եմ մարզասրահում եւ մարզչիս հսկողության ներքո մարզվում»:

Չի հասկանում այն մարդկանց, ովքեր արտակարգ դրությունն ինքնակրթվելու հարմար առիթ են համարում: Կարծում է՝ արտակարգ դրությունը չէ, որ պետք է ստիպի մարդուն ինքնակրթությամբ զբաղվել:

Նա անկեղծացել է՝ նշելով, որ այս օրերին որոշ չափով նյարդային է դարձել: Ինչքան էլ փորձում է օրը հետաքրքիր դարձնել, միեւնույն է, մի բան խանգարում է.«Այսօր շատ ընտանիքներ ծայրահեղ վիճակում են: Իսկապես, շատ եմ մտահոգված նման ընտանիքների կարգավիճակով: Այս օրերին էլ ավելի ակնհայտ են դարձել նրանց խնդիրները: Ինչքան էլ բարեգործական քայլերով աջակցենք, խնդիրն արմատական է: Շատ եմ կարոտել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաներին: Արտակարգ դրության ավարտից հետո առաջինը նրանց եմ այցելելու: Շատ եմ կապվել նրանց: Չեք պատկերացնի՝ որքան գրկաբաց են ինձ ընդունում: Ուրախ եմ, որ կարողանում եմ ժպիտ եւ ուրախություն պարգեւել, նույնն էլ ստանալ»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկուհի Մաթեւոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին