×


«Որոշեց մեկ ամիս շուտ ծնվել». Արեւիկ Ալավերդյանը դուստր է ունեցել

Արեւիկ Ալավերդյանը եւ Հայկ Շահբազյանը կրկին ծնողներ են դարձել: Փարիզաբնակ զույգը դուստր է ունեցել: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ աղջնակը սահմանաված ժամկետից մեկ ամիս շուտ է ծնվել:

«Զգացողություններս նույնն էին, ինչ առաջնեկիս տեսնելու պահին: Հուզմունք, ուրախություն, լարվածություն՝ ամեն բան խառնվել էր իրար: Անբացատրելի երջանիկ եմ: Ամուսինս ողջ ընթացքում կողքիս է եղել, միասին ենք այդ ուրախ պահն ապրել»,-պատմել է նա:

Նորածնին Կարինե են անվանակոչել.«Այս հարցը նույնիսկ չենք քննարկել: Հայկը շատ փոքր է եղել, երբ մայրը մահացել է, եւ միշտ երազում էր աղջիկ ունենալ եւ նրա անունով կոչել: Երջանիկ եմ, որ կարողացա ամուսնուս վաղեմի երազանքն իրականացնել»:

Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ


Զույգի առաջնեկը՝ Դավիթը, դեռ չի տեսակցել քրոջը.«Համավարակի տարածումը կանխելու նպատակով տեսակցություններն արգելված են: Նրանց առաջին հանդիպումը մեր տանը կլինի: Աշխարհում տիրող իրավիճակի պատճառով մայրս չկարողացավ այս ընթացքում մեզ հետ լինել: Տղայիս խնամքով մեր շատ մտերիմ ընկերներն են զբաղվում: Նրանց տանը որդիս իրեն շատ ուրախ է զգում. հասակակից բալիկ կա, միասին խաղում են»:

Անհրաժեշտ իրեր գնումներով չի հասցրել զբաղվել.«Այս հղիությունս նախորդից շատ էր տարբերովում. առաջին եռամսյակը մեծ դժվարությամբ եմ հաղթահարել, հետո այնքան զբաղված էի Դավթի խնամքով, համավարակի հետ կապված վախերով, որ նույնիսկ երեխայի իրերը պատրաստելու ժամանակ եւ ոգեւորություն չէր մնում: Վերջին օրերին կարողացա որոշ իրեր առցանց գնել, բայց շատ բացեր կան. դուրս գրվելուց հետո նոր պետք է ձեռք բերենք»,- եզրափակել է Արեւիկը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արեւիկ Ալավերդյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին