×


Արեւ Թովմասյան. «Էմոցիաներ գողանում եմ, տեքստեր՝ երբեք»

Ժամանակակից հեղինակ Արեւ Թովմասյանի գործերը կարդալուց եւ լսելուց հետո դեռ երկար ժամանակ մտորում ես դրանց մասին: Իսկ պարզելու համար, թե ինչպիսին է նման հուզիչ տողերի հեղինակը, նրա հետ զրուցեցինք Bravo.am«Բացահայտում» շարքի համար:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Հույն ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի ֆիլմերը, Վիվալդիի «Տարվա եղանակները», Վան Գոգի կտավները:

- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։

- Երբ աղջկաս վրա բարկացած եմ լինում, կարող եմ հանկարծակի հարցնել բազմապատկման աղյուսակը։ Դա իսկապես շատ զվարճալի է, երբ ինձ կողքից եմ տեսնում։

- Գրելու հետ կապված առաջին հիշողությունը:

- Դպրոցահասակ տարիքում գրագողություն էի արել։ Շարադրության համար տեքստը բառ առ բառ արտագրել էի։ Գրականության ուսուցչուհիս հասկացել էր, ու դա ամենասարսափելի բանն էր եւ միաժամանակ՝ ամենակարեւոր դասը։ Այդ օրվանից սկսած՝ էմոցիաներ գողանում եմ, տեքստեր՝ երբեք։

- Իսկ առաջին արձագանքը, երբ հասկացաք, որ դիպչում եք մարդկանց հոգիներին:

- Հետաքրքիր ապրում է։ Քեզ թվում է՝ այն, ինչ գրել ես, որեւէ մեկը չի կարող հասկանալ։ Բայց յուրաքանչյուրն այն հասկանում է սեփական ապրումով ու փորձով։ Յուրաքանչյուր արձագանքի հետ եւս մեկ անգամ եմ կարդում գրածս բանաստեղծությունը, արդեն՝ այդ մարդու աչքերով։

- Ստեղծագործելու ամենասիրելի կողմերը:

- Թեթեւության ու ազատության զգացումը։ Ամեն ինչ «քրինջ» որակվող օրերում մեծ խիզախություն է հոգիդ աշխարհին ցույց տալը։ Նոր բանաստեղծությունը հանրային դարձնելով՝ ինձ ամեն անգամ համարձակ եմ զգում։  


- Իսկ ամենադժվարնե՞րը:

- Միակ դժվարությունը չգրելն է։

- 3 գրող, որոնցից ամենաշատն եք ոգեշնչվել:

- Չափածո ժանրում ստեղծագործողներից Հովհաննես Գրիգորյանը եւ Վիոլետ Գրիգորյանը մեծ ազդեցություն ունեն։ Չգիտեմ՝ ընթերցողը դա տեսնում է, թե ոչ, ես զգում եմ նրանց շունչը։ Երբեք չեմ թաքցնում, որովհետեւ կարծում եմ՝ հիանալի է ոգեշնչվելը։

- Հայ հեղինակների ամենասիրելի գործերը:

- Կարող եմ նշել այն հեղինակներին, որոնց սիրում եմ կարդալ՝ Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Հակոբ Մովսես, Վիոլետ Գրիգորյան։ Իմ սերնդակիցների գործերն էլ եմ շատ սիրում։ Երկարի (Երեմ Կարապետյան) բանաստեղծությունները հաճախ վերընթերցում եմ, Լուսանե Ջալալյանը սրտումս մեծ տեղ ունի, Վիկտորիա Սամուելը, Արփի Ստեփանյանը հրաշալի գիր, միտք ու հոգի ունեն։ Արձակ ժանրում Արամ Պաչյանին չենք կարող չգնահատել, Էդգար Կոստանդյանի «Որբանոցը» մոռանալ անհնար է, Հովիկ Աֆյանը չի դադարում զարմացնել մեզ, Աշոտ Ստեփանյանը սիրում է գրականությունը, Սյունե Սեւադան, վստահ եմ, որ դեռ շատ ասելիք ունի։ Ուզում եմ բոլորի անունները նշել: Այս անսիրտ օրերում մարդիկ փորձում են իրենց հոգին մեր առաջ բացել, որովհետեւ խիզախ են։

- Ժամանակակից հայ գրականությունը, պոեզիան՝ մի քանի բառով:

- Փնտրտուքների մեջ է հայ գրականությունը։ Ինքն իրեն է փնտրում, եւ դա հրաշալի է։


- Գրող, որի հետ դեմ չէիք լինի երեկոյան զրուցել:

- Լուսանե Ջալալյանի հետ վաղուց երկար զրույցներ չեմ ունեցել կյանքի մասին։ Սիրելիս, եթե կարդում ես՝ ես կարոտել եմ մեր երեւանյան երեկոները ու մեր երգը քաղաքի փողոցներում։ Լուսանեի հետ հանդիպումից հետո կուզեի զրուցել Մյուրիել Բարբերիի հետ. նրա «Ոզնու նրբագեղությունը», որը վերջերս եմ կարդացել, իսկական զրույց է կյանքի մասին ու կյանքի հետ։ 

- Իսկ ամենահետաքրքրող հարցը, որ կտայիք:

- Ինչպե՞ս փրկվել։

- Երեք հեղինակ, որոնց կավելացնեիք դպրոցական ծրագրում:

- Դժվար հարց է։ Գրականագետ եւ մանկավարժ չեմ, չէի ուզի այս հարցին լուրջ դեմքով պատասխանել։ Բայց կուզեի երեխաներին ազատ ընթերցանության հնարավորություն տալ, ծանոթացնել գրականության մութ ու լույս կողմերի հետ, թողնել կարդալ ամեն ինչ ու գտնել իրենցը։ Հանդիպումներ կազմակերպել գրողների, գրականությամբ ապրող մարդկանց հետ։

- Երեք բառ, առանց որոնց չի ստեղծվում եւ ոչ մի ստեղծագործություն: Իսկ Ձերո՞նք:

- Ապրել, ապրել ու էլի մի քանի հարյուր անգամ՝ ապրել։ Առանց այս բառի հնարավոր չէ ստեղծել։ Գուցե, երբեւէ այս բառը չօգտագործվի որեւէ ստեղծագործության մեջ, բայց առանց դրա ինչ էլ ստեղծես, դու արհեստական բանականություն կհամարվես։ Իմ գործերում կարմիր գծով գնում է «սերը» կամ «չսերը»։ Դեռ չեմ հասկացել՝ որն է ավելի շատ։


- Ձեր գրած որեւէ աշխատանք ներկայացնելու հետ կապված առաջին ապրումները:

- Առաջին աշխատանքը, որը գնահատվել էր խմբագրի կողմից եւ տեղ գտել թերթում, իմ պատանեկության սիրո արդյունքն էր։ Երջանիկ էի, հոնորար էի ստացել ու մանդարիններ գնել դրանով։

- Ինչի՞ մասին այսօր առաջին անգամ կպատմեք/կխոստովանեք:

- Չեմ կարդացել ռուս գրականություն։ Չգիտեմ՝ ով պետք է ների ինձ սրա համար, բայց վերջապես կա՛մ ներեք ինձ, կա՛մ ստիպեք կարդալ։

- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը։

- Ամառն ինձ անհոգության մասին է հիշեցնում։ Մանկության սարերի, տատիկիս տանն անցկացրած օրերի, կարմիր կակաչների, պապիկիս ձեռքով պատրաստած քարե տան, ծովի, զով երեկոների ու էլի շատ երջանիկ պահերի մասին, որոնք սրտումս կլինեն մինչեւ մահ։ 

- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ։

- Սովորություն ունեմ վայելելու ամեն հատիկ օրը։ 

- Մանկության անմոռանալի հիշողությունն՝ ամռան հետ կապված:

- Հիշողություններն անսպառ են։ Սարերի, կարմիր կակաչների, սագերի, խաղերի, բակի երեխաներով կազմակերպած միջոցառումների, ծառերը մագլցելու, ոտքերի չլավացող վերքերի, աղմկոտ հավաքույթների, ամենահամով մրգերի, ամենաթանկ մարդկանց մասին են իմ հիշողությունները։ Դրանք ինձ ջերմացնում են, ինչքան մեծանում եմ, այնքան ավելի շատ եմ կառչում դրանցից։


- Ինչպե՞ս է ամառը ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա։

- Ստեղծագործական էներգիաս եղանակից կախված չէ։ Կյանքն է ազդում այդ էներգիայի վրա, որը չի դադարում խաղալ մեզ հետ։ Ես էլ խաղի մեջ եմ մտնում իր հետ: Դեռ ոչ ոք չի պարտվել, բայց դե, հո գիտենք՝ վերջում ով է պարտվելու։

- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը։

- Ինքդ քեզ վերցնում ես, հասնում որեւէ ծով, նստում որեւէ նավ ու թափառում ծովերում։ Մնացյալն ունայն է։

- Մոլորակի վրա ամենալավ տեղը: 

- Աղջկաս անկողինը։ Երբ ինձ գրկում է, ասում, որ սիրում է աշխարհի չափ։ 

- 3 վայր, որ որոշիչ են եղել Ձեր կյանքում:

- Վայրերը չեմ հիշում, բայց բոլոր երեքում էլ ես համոզված եմ եղել, որ դա լավագույն որոշումն է։

- 3 անհրաժեշտ ապրում:

- Բոլոր հնարավոր ապրումներն անհրաժեշտ են մարդուն: Առանց դրանց չես գտնի իրական հանգստությունը։


- 3 ոգեշնչող հանգամանք:

- Մայր լինելս, կին լինելս, խելագար լինելս:

- Ովքե՞ր են Ձեր կյանքի կարեւոր մարդիկ:

- Բոլոր այն մարդիկ, որոնց ես սիրում եմ անվերապահորեն։

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Նկարել, երգել, թմբուկ նվագել։

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:


- Իմ սովորություններն ինձնից են ուզում ազատվել, դեռ բաց չեմ թողնում։ Նոր սովորություններն ինձ գտնում են հաճախ, կարիք չի լինում նրանց փնտրել. ինչ-որ տիեզերական ուժ դրանք միշտ ուղարկում է, երբ անհրաժեշտ է։

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած մարդիկ:

- Սպորտով զբաղվող մարդիկ։ Եթե ուզում եք ոգեշնչվել, հաճախեք մարզասրահներ։

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Իսկական արեւ է: Համեստությունն իմ լավագույն կողմը չէ (ծիծաղում է,-հեղ.):

- Ձեր երբեւէ ունեցած ամենագեղեցիկ ու քննարկված նկարը:

- Օ՜, ինչպես արդեն նշեցի՝ համեստությունը լավագույն կողմս չէ, դրա համար բոլոր նկարներս էլ գեղեցիկ են։ Քննարկված չեն, որովհետեւ այդքան հայտնիություն չունեմ, որ մարդիկ ցանկանան ինձ քննարկել։ Սիրելի մարդիկ գրում են սիրելի մեկնաբանություններ։ Բոլորս գոհ ենք։


- Իսկ վերջին կադրը, որ արել եք Ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ: 

- Սիրով։ Քանի որ հրաշալի կադր է։ Համազգային թատրոնում ներկա էի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացմանը։ Միայն ներկայացման վերջում հասկացա, որ ամբողջ ընթացքում բերանս բաց նայել եմ. հիացած էի։ Իսկ կադրում սիրելի Տաթեւ Հովակիմյանն է։ Նա ամեն անգամ հիացնում է իր տաղանդով։


- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:

- Ծովը։

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Ինձ սիրելի մարդկանց առողջ ու ողջ լինելու։ Ինձ սիրելու եւ ներելու համար։

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Թռչել մեծ բարձրությունից։ Աղջկաս ծնվելուց հետո սկսեցի վախենալ։ Պատասխանատվության զգացումը թույլ չի տալիս։

- Ի՞նչ է պետք հասցնել անպայման անել ամռան ընթացքում:

- Չմեռնել։

- Ինչի՞ բույրն առնել:

- Ծաղկած ծիրանենու։

- Ի՞նչ շոշափել:

- Աղջկաս ձեռքերը։

- Ի՞նչ զգալ:

- Սեր:


- Ի՞նչ դիտել:

- Մայրամուտը։

- Ի՞նչ լսել:

- Որ քեզ սիրում են՝ անկախ ամեն ինչից։

- Ի՞նչ սովորել:

- Անգլերեն, վերջապես։

- Ու մի խորհուրդ Ձեզնից. ո՞ւմ գրկել պարտադիր:

- Բոլոր նրանց, ում սիրում ենք, եւ նրանց, ովքեր մեզ են սիրում։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Արեւ Թովմասյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW