×


«Չէի կարողանում քնել ու չէի շփվում տան անդամների հետ». Ցողիկ Մարտիրոսյան

Աշխույժ կյանքին կտրուկ հրաժեշտ տալը ոմանց համար չափազանց բարդ ու սթրեսային է եղել: Երիտասարդ դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանին տնային մեկուսացման առաջին օրերին հյուր է եկել անտանելի դեպրեսիան: Ապրումների մասին նա պատմել է BRAVO.am-ին, ինչպես նաեւ տրամադրել իր նոր ֆոտոշարքը:

«Հասկացա, որ մեծ աղետ է»

Մինչ վիրուսի ի հայտ գալը զբաղված էի իմ շատ սիրելի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 2 նոր ներկայացում էինք նախատեսում, որոնցից մեկում ես նույնպես մասնակցություն ունեի: Շատ հետաքրքիր ու բուռն աշխատանքային ընթացք էր, բայց, ցավոք սրտի, այս վիրուսը կանգնեցրեց ամեն ինչ: Սկզբում չէի հասկանում՝ ինչ է կատարվում, բայց հետո հասկացա՝ սա մեծ աղետ է, քանի որ չէի կարող գնալ աշխատանքի, տեսնել ընկերներիս, տնից դուրս գալ: Խախտվել էր նյարդային համակարգս, ու գիշերները չէի կարողանում քնել: Ննջարանիցս գրեթե դուրս չէի գալիս, չէի շփվում տան անդամների հետ, չէի գտնում ընդհանուր լեզու, որովհետեւ շոկի մեջ էի: Միշտ ակտիվ կյանք եմ վարել, ու այս պասիվությունն ինձ հունից հանում էր:

Ցողիկ Մարտիրոսյանը


Խոհանոցում

Տնային գործեր միշտ էլ մայրիկիս հետ արել եմ: Սիրում եմ օգնել նրան նաեւ խոհանոցում: Սիրում եմ այնտեղ անցկացնել ժամանակս, որեւէ բան մոգոնել, պատրաստել հետաքրքիր աղցաններ ու ուտեստներ: Առավել լավ են ստացվում հենց աղցանները:

Որ գրկի

Այս օրերին մարդիկ սկսեցին հասկանալ, թե ինչ է կարոտը: Սկսեցին կարոտել ընկերներին ու բարեկամներին, իրենց աշխատանքը: Անհամբեր սպասում եմ այս ամենի ավարտին, որ գնամ ու գրկեմ ընկերներիս: Շունչս արդեն կտրվում է կարոտից: Հիմա ոչինչ նախօրոք չեմ պլանավորում, քանզի չգիտեմ, թե ինչ կլինի:

Ցողիկ Մարտիրոսյանը


Թատրոնը

Այս ընթացքում ամենաշատը թատրոնն եմ կարոտել: Կարոտել եմ բեմն ու թատրոնի ամբողջ շենքը՝ մարդկանցով, պատերով, վարագույրներով ու ամեն ինչով:

Նոր ֆոտոշարքը

Կարոտել էի բնությունը, մաքուր օդն ու քամին: Ուզում էի այս լուսանկարների միջոցով մարդկանց բնությունից մի մասնիկ փոխանցել: Լուսանկարիչ Մարատ Կարապետյանի հետ առաջին անգամ էի համագործակցում, բայց վստահ եմ՝ ոչ վերջին: Շատ եմ հավանել ֆոտոշարքը: Կարծում եմ՝ հրաշալի լուսանկարներ են ստացվել: Արձագանքներն էլ բավական լավն էին: Այս ընթացքում մասնակցել եմ նաեւ 2 փոքրիկ նկարահանման: Տեսանյութերը շուտով կցուցադրվեն:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարատ Կարապետյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին