×


«Աստված չանի, բայց պետք է մտածել այդ մասին». Նարեկ Բավեյան

Երկու ամսից ավելի է՝  Նարեկ Բավեյանը հարկադիր պարապուրդում է, ինչպես այս շրջանում շատ երգիչներ, ովքեր աշխատում էին ռեստորանային համալիրներում: Ինչպիսին է իր ընտանիքի կարանտինային առօրյան, եւ թե ում հետ առաջիկայում զուգերգ կներկայացնի, նա պատմել է BRAVO.am-ին:

«Ընտանիքով խստորեն հետեւել ենք մեկուսացման բոլոր կանոններին: Միայն երբեմն քաղաքից դուրս ենք գնացել՝ բնության գիրկ, կամ էլ ուշ երեկոյան զբոսնել ենք ոչ մարդաշատ վայրերում: Փոխարենը երկու ամսում հասցրել եմ երկու ծավալուն գիրք կարդալ, մեկը՝ Ռեմարկի «Հաղթական կամարը», մյուսը՝ «Կլառնետահարը», որի հեղինակը թուրք է: Մինչ կարանտինը եւս կարդում էի, բայց առհասարակ դանդաղ եմ կարդում: Գիշերն եմ սկսում ընթերցել, երբ բոլորը քնած են եւ ոչ մի շշուկ չկա: Նաեւ տղայիս հետ եմ ժամանակ անցկացրել. միասին զբոսանքի ենք գնացել եւ այլն»,-նշել է երգիչը:

Նարեկ Բավեյանը՝ որդու հետ


Թե ինչպես է կարողացել այս ընթացքում ընտանիքին ֆինանսապես ապահովել, նա ասել է.«Իհարկե, խնայողությունների շնորհիվ: Տարիներ շարունակ աշխատում եմ, սեւ օրվա մասին մտածել եմ. գուցե համաճարակ չլիներ, բայց այնպես ստացվեր, որ վատառողջ լինեի եւ չկարողանայի աշխատել: Աստված չանի, բայց պետք է մտածել այդ մասին: Բացի այդ, կինս պետական աշխատող է եւ այս ընթացքում ստանում է իր աշխատավարձը: Որեւէ օժանդակությունից չենք օգտվել, չենք էլ բողոքում, քանի որ շատ ավելի կարիքավոր մարդիկ կան, թող պետությունը նրանց օգնի»:

Նարեկ Բավեյանը եւ Քրիստինա Սարգսյանը


Նարեկը նոր երգեր է հեղինակել, մարզվել է տան պայմաններում.«Նորությունն այն է, որ այժմ հեռախոսային խաղեր եմ խաղում, իսկ նախկինում իմ հեռախոսի մեջ ոչ մի խաղ չկար: Ինչ վերաբերում է նոր երգերին, ապա մեկը զուգերգ է Մաշ Իսրայելյանի հետ: «Անտանելի է» մեղեդային երգն անպատասխան սիրո մասին է, գործիքավորել է Արա Թորոսյանը: Կարելի է ասել՝ իմ առաջին զուգերգն է: Ճիշտ է՝ Միշոյի հետ եւս համատեղ երգ ունեցել ենք, բայց դա ռեփերի եւ երգչի համագործակցություն էր»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Բավեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին