×


«Երեխայի նման հուզվել էի». ինչպես Մաշա Մնջոյանը գրավեց «Ավստրալիայի ձայնի» ժյուրիին

Մաշա Մնջոյանի ելույթը «Ավստրալիայի ձայնը» նախագծի «Կույր լսումների» փուլում նախ արժանացավ ժյուրիի բոլոր անդամների բուռն արձագանքին. պտտվեցին բոլորը, հետո արդեն երգչուհու հաջողությունը ողողեց սոցցանցերի հայկական տիրույթը: 17 տարեկանում «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող դարձած Մաշան BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է նոր մարտահրավերների եւ Սիդնեյում հաստատվելու առիթի մասին:

«Սիրում եմ Ավստրալիան»

Արդեն մեկուկես տարի է, ինչ Սիդնեյում եմ: Նպատակս այստեղ սովորելն էր. Ավստրալական երաժշտական ինստիտուտի ուսանող եմ: Բազմիցս նշել եմ, որ այս երկիրը շատ եմ սիրում, այդ իսկ պատճառով էլ հենց այստեղ ուսանելն ընտրեցի ու եկա:

Մաշա Մնջոյանը


«Այս անգամ ոչինչ չխանգարեց»

Հայաստանից միշտ հետեւել եմ «Ավստրալիայի ձայն»-ին, լավագույններից էր ե՛ւ որակապես, ե՛ւ մասնակիցների վոկալներով: Այն ինձ համար առաջատարներից է եղել, եւ միշտ էլ հոգուս խորքում փափագում էի, որ մի օր կմասնակցեմ: Սակայն այլ երկրից լինելն այդ հնարավորությունը չէր տալիս: Այս անգամ ոչինչ չխանգարեց, քանի որ այստեղ սովորում եմ, վիզայի խնդիր էլ չկար: Մտածեցի՝ եթե չփորձեմ, հաստատ կզղջամ:

«Չեմ ուզում համեմատել»

Երեւի չարժե ասել, թե ինչքան լարված էի: Հաճախ են հարցնում՝ արդյոք շատ է տարբերվում «Հայաստանի ձայնը» մրցույթից: Փորձում եմ համեմատել, բայց եւ չեմ էլ ուզում համեմատել: Թեեւ նույն ձեւաչափն է, նույն նախագիծը, բայց անհամեմատելի են ու շատ տարբեր. այլազգիներ, այլ մտածելակերպ, բոլորովին այլ մատուցում: Շատ պրոֆեսիոնալ է կազմակերպված, սիրալիր ու ջերմ են բոլորը: Իսկ ժյուրիից մասին խոսք չկա. երկուսն Ավստրալիայում հայտնի աստղեր են, մյուս երկուսն էլ արտերկրից են՝ եւս շատ սիրելի արտիստներ:

Երեխայի նման

Եթե առաջին անգամ ոչ ոք դեռ չգիտեր ինձ եւ ես ներկայացնում էի իմ ձայնային տվյալները, այս անգամ ես ներկայացնում էի նաեւ մի ամբողջ ազգ: Այդպիսի պատասխանատվություն էի վերցրել ինձ վրա: Երեխայի նման հուզվել էի եւ կարծես առաջին անգամ բեմ դուրս գայի:



Գրավել է

Մեծ ցանկություն ունեի ժյուրիի 4 անդամների սրտերն էլ գրավել: Ոչ մեկը չի տեսնում քեզ, քո տեսքը, պարզապես, զգալով քո ձայնն ու քեզ, պտտվում են: Եթե ձայնդ տեղ է հասնում, ուրեմն՝ ասելիք կա: Ուրախ եմ, որ առաջին փուլում կարողացա նման հաջողություն գրանցել:

Արձագանքը

Անթիվ-անհամար նամակներ ու զանգեր եմ ստանում, ինչը ե՛ւ սպասելի էր, ե՛ւ անսպասելի: Ավստրալացիները նույնպես շատ-շատ լավ մեկնաբանություններ են գրում: Կան նաեւ ոչ այնքան լավ կարծիքներ, ինչը նույնպես նորմալ է մրցույթի ժամանակ: Իսկ հայերն, ինչպես միշտ, հայրենակցի կողքին են: Գնահատելի է, շնորհակալ եմ, որ միշտ պատրաստակամ են քաջալերել:


Հաջորդիվ

Ոչինչ չեմ կարող ասել եւ բացել փակագծերը, քանզի չի թույլատրվում: Միայն կարող եմ ասել, որ հաջորդը զուգերգի փուլն է, իսկ ընթացիկ նորություններին կարելի է հետեւել իմ եւ մրցույթի սոցցանցային էջերում: Անչափ շնորհակալ եմ բոլորին՝ ջերմության համար:

Զրուցեց Կիմա Միրզոյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մաշա Մնջոյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport