×


«Բաժանման եզրին էինք հասել». Գոհար Հարությունյանի ընտանիքի պատմությունը

Գոհար Հարությունյանի եւ Մնացական Թումասյանի ընտանիքը 13 տարեկան է: «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» եւ «Միսիս գլոբ 2009» տիտղոսները կրող գեղեցկուհու հետ BRAVO.am-ը զրուցել է ընտանեկան ներդաշնակ առօրյայի, հաղթահարած դժվարությունների եւ խոստումը չդրժելու մասին:

«Պատրաստվում էինք գեղեցիկ կերպով նշել մեր ամուսնության տարեդարձը, հյուրեր ունենալ, բայց համավարակը խանգարեց: Տոնական երեկոն տանն ենք անցկացրել՝ երեխաների հետ: Նվերներով էլ չենք փոխանակվել. այս պայմաններում նվեր գնելու հարցն էլ դժվար լուծելի է: Հոգու խորքում ուրախ ենք, որ կարողացել ենք հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու այսքան տարի հաշտ պահել մեր ընտանիքը: Մենք էլ՝ մյուս զույգերի պես, շատ դժվարությունների միջով ենք անցել: Շատերին թվում է՝ հայտնի մարդկանց կյանքում ամեն ինչ այլ է, խնդիրներ չունեն, երջանիկ եւ անհոգ են ապրում, պետք է խոստովանեմ, որ այդպես չէ. մենք էլ բազում խնդիրներ ու տարաձայնություններ ենք ունենում, որոնք ժամանակի ընթացքում շտկում ենք ու առաջ շարժվում»,- ասել է Գոհարը:

Լուսանկարը՝ Գոհար Հարությունյանի հարսանեկան արխիվից


Հաճախ են վերլուծում միասին ապրած տարիները.«Ինչ խոսք՝ շատ սխալներ ենք արել: Ավելի շատ ինքս ինձ եմ մեղադրում: Հայ կինը միշտ սկզբում փորձում է անմնացորդ նվիրվել իր ամուսնուն, ընտանիքին, երեխաներին, կենցաղային հոգսերին, այնքան՝ մինչեւ խղճալի իրավիճակում է հայտնվում: Ինքս էլ բացառություն չեմ եղել, այնքան էի տրվել ընտանեկան հոգսերին, երեխաներին, այնքան էի այդ ամենն ուռճացրել, որ վատ վիճակում էի հայտնվել: Աստիճանաբար կաողացա հաղթահարել: Երկու աղջիկներիցս հետո բավական երկար ժամանակ դեպրեսիվ շրջանում էի, շատ էի մտածում տղա երեխա ունենալու մասին: Ափսոսում եմ ժամանակը, որ ծախսել եմ այդ մտատանջությունների վրա: Հիմա, երբ երկու սեռի երեխա էլ ունեմ, նայում եմ նրանց ու մտածում՝ ինչ կլիներ, եթե հինգ աղջիկ ունենայի: Միգուցե տղա չունենալու դեպքում մինչ օրս ինձ տանջեր այդ հարցը»,- նշել է նա:

Ներդաշնակ ժամանակներ են.«13 տարվա ընթացքում բազում վերլուծություններ եմ արել՝ հասկանալով, որ ընտանիքի երջանկության համար ամենակարեւորը սերն է, փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը: Խորհրուդ կտամ՝ կանայք իրենց ավելի շատ սիրեն, չզրկեն իրենց աշխարհիկ հաճույքներից, չխեղճանան, փորձեն հոգեպես եւ ֆիզիկապես առողջ մնալ, դրանից է բխում ամուսնու եւ երեխաների ուրախությունը. առողջ մայր, առողջ կին եւ առողջ մթնոլորտ: Այս պահին մենք հասել ենք նրան, որ մեր տանը խաղաղ մթնոլորտ է: Հինգ երեխաների հետ, իհարկե, դժվարություններ լինում են, բայց հաղթահարելի են: Փորձում եմ լուծումներ գտնել, օրակարգ եմ կազմել փոքրիկներիս համար, եւ խաղաղության ենք եկել, մեկս մյուսին լավ ենք հասկանում: Ընտանիքն էլ պետք է կարողանաս ճիշտ ղեկավարել: Այ, օրինակ՝ մի դեպք պատմեմ. մեր տանը նախաճաշը մինչեւ ժամը 10:00-ն է, տղայիս մի քանի անգամ ձայն տվեցի, չլսեց, ես էլ հավաքեցի խոհանոցն ու իրեն ներս չթողեցի մինչեւ ճաշի ժամը, դրանից հետո պարտաճանաչ գալիս է: Իմ այդ քայլով ես վատ մայր չդարձա, հակառակը, նրանք կարգ ու կանոնով ապրել կսովորեն եւ իրենց համար ողջ կյանքում ավելի հեշտ կլինի»:

Գոհար Հարությունյանի ընտանիքը


Հավատարիմ է մնացել խոստմանը.«Հարսանիքի օրը հաճախ ենք հիշում: Շատ շոգ էր, բայց դա չէր խանգարում մեր ուրախությանը: Սկեսրայրիս հայրն իր ընտանիքով թուրքերի կողմից ջարդի է ենթարկվել, ամուսնուս ցանկությամբ Ծիծեռնակաբերդ գանցինք եւ այնտեղ խոստացանք շատ երեխաներ ունենալ: Ճիշտն ասած՝ կես ճանապարհից ցանկանում էի հետ կանգնել խոստումիցս, ինչն էլ մեր ընտանիքում բազում անախորժությունների առիթ դարձավ, նույնիսկ բաժանման եզրին էինք հասել: Մնացականը շատ խիստ գտնվեց այդ հարցում: Ինքս էլ սթափվեցի եւ պայքարեցի ընտանիքս համար, այժմ խոստումս իրականացրած եմ համարում. հինգ երեխայով կբավարարվենք: Տարիքից, հոգեկան եւ ֆիզիկական խնդիրներից ելնելով՝ այլեւս չեմ մայրանա: Ամուսինս շատ հարցերում է ինձ օգնում, բայց երեխաների կրթության եւ առողջության հետ կապված հարցերում ձեռնպահ է մնում»,- եզրափակել է գեղեցկուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գոհար Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին