×


«Ընթացքը շատ դժվար էր ու ծանր». Լիանա Վանոյանը՝ կորոնավիրուսով վարակվելու եւ ապրումների մասին

«Կինստագրամ» սիթքոմի դերասանուհի Լիանա Վանոյանն օրեր առաջ Ինստագարմի իր էջում հումորային ակնարկով հետեւորդներին հայտնեց, մեղմ ասած, ոչ այնքան ուրախ լուրը՝ «Թագավարակը թագադրեց ինձ, հասավ ուզածին»: Բարեբախտաբար, հիմա վերականգնողական փուլում է եւ արդեն անհամեմատ լավ է զգում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է վիրուսի սկզբնական շրջանի բարդությունների, անկեղծացել՝ ապրումների մասին: Չենք շրջանցել նաեւ մամուլում շրջանառվող կեղծ լուրերի թեման:

Լիանայի խոսքով՝ առաջին իսկ ախտանշաններից հասկացել է, որ սովորական մրսածություն չէ.«Ուզում եմ հերքել այն թյուր կարծիքը, որ կորոնավիրուսը նման է սովորական հարբուխի: Մարմնի սաստիկ ցավեր, գլխացավեր, այնքան բարձր ջերմություն, որ թվում է, թե մարմինդ եռում է. սրանք ախտանիշներ են, որ, անկեղծ ասած, վախեցնում են: Բայց ես երեւի պատրաստ էի, քանի որ ողջ օրը դրսում էի, շփվում էի շատ մարդկանց հետ ու չկարողացա խուսափել վարակվելուց, որքան էլ դիմակ եւ ձեռնոց դնելը մեզ ինչ-որ չափով ապահովագրում է: Բուժվում եմ տանը, արդեն 8-րդ օրն է՝ թեստի հաստատումից հետո: Ընթացքը շատ դժվար էր ու ծանր: Սաստիկ ցավերով է ուղեկցվել, մինչ այժմ էլ ունեմ գլխացավեր, բայց քանի որ թոքաբորբ չէ. ախտահարվել են միայն վերին շնչառական ուղիներս, կարիք չի եղել հիվանդանոց գնալու, որովհետեւ կան մարդիկ, որոնց վիճակը շատ ավելի բարդ է, իսկ, ինչպես գիտեք, հիմա հիվանդանոցներում տեղերը սահմանափակ են»:

Լիանա Վանոյանը


Նա նշել է՝ գուցե չբարձրաձայներ վարակվելու մասին, եթե հասարակության շրջանում չնկատեր թերահավատություն այս վարակի նկատմամբ.«Որքան վտանգավոր է այս վիրուսը, նույնքան էլ դրան չհավատացողներն են վտանգավոր: Ամեն օր ես պատուհանից տեսնում եմ մարդկանց, որոնք դիմակ չեն դնում, ողջագուրվում են ու համբուրում իրար: Երբ հաստատվեց, որ կորոնավիրուսով եմ վարակվել, սկզբում բարդույթավորվեցի. ոչ ոքի չէի ցանկանում պատմել, բայց հետո հասկացա, որ իմ լսարանը մեծ է, եւ իմ օրինակով գուցե շատերը հասկանան, որ վիրուսն իսկապես գոյություն ունի»:

Վարակված լինելու մասին հայտնելն ունեցավ նաեւ բացասական կողմը. սկսեցին շրջանառվել դերասանուհու առողջական վիճակի մասին տարատեսակ լուրեր.«Ես չգիտեմ, թե որքան անպատասխանատու կարող են լինել մարդիկ, որ նման վերնագրով նյութ հրապարակեն՝ «Լիանա Վանոյանի հետ դժբախտ դեպք է պատահել», չէ՞ որ ընթերցողներից մեկն էլ գուցե իմ մայրը լինի: Եվ այդ ամենն անում են մի քանի դիտում հավաքելու համար»:

Լիանա Վանոյանը


Խուճապային տրամադրությունից չի խուսափել նաեւ Լիանան.«Գիտեք, բոլորը խոսում են կորոնավիրուսի մասին, բայց երբ արդեն ինքդ ես վարակվում, առաջին զգացումը վախն է. վախենում ես, որ չես հասցնի քո սիրելի մարդկանց տեսնել եւ հուսահատվում ես: Ծնողներիս 4 ամիս կլինի՝ չեմ տեսել. պիտի գնայի Գյումրի, բայց հանգամանքների բերումով չգնացի, եւ երբ իմացա, որ վարակվել եմ, ապրումներս հակասական էին. ուրախ էի, որ չգնացի եւ չվարակեցի ծնողներիս, որոնք ռիսկային խմբում են, բայց նաեւ տխրեցի՝ մտածելով՝ գուցե նրանց էլ չտեսնեմ: Առաջին հինգ օրերի ընթացքում, որոնք ամենածանրն էին, սկսեցի կյանքին ուրիշ կերպ նայել. սկսեցի «նախանձել» վաղ առավոտյան փողոցները մաքրող մարդկանց, ովքեր տեսնում են Երեւանը, մտածել, որ ես էլ նորից դուրս կգամ, ընկերներիս կտեսնեմ, կզբոսնեմ, իսկ հիմա դեռ կապված եմ այս վարակին եւ զգում եմ դրա յուրաքանչյուր գործողությունն իմ օրգանիզմում: Այս ճանապարհն անցնելով՝ ուզում եմ ասել՝ հավատացե՛ք, վարակը գոյություն ունի: Պետք չէ վախենալ կամ խուճապի մատնվել, պարզապես պետք է սկսենք մտածել դիմացինի մասին, քանի որ նա տանը ունի ծնողներ, տատիկ, պապիկ. մենք պիտի դառնանք ավելի հոգատար իրար հանդեպ: Ի վերջո, վիրուսներն ու այլ իրավիճակները փոփոխական են, իսկ այդ հատկանիշը մեզ պետք կգա կյանքի բոլոր փուլերում»:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիանա Վանոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին