×


«Քիչ առաջ ինձ կատաղության հասցրին, բայց միեւնույն է՝ գանձեր են». Արսեն Գրիգորյանի ընտանիքը 11 տարեկան է

Արսեն եւ Ջուլիետտա Գրիգորյանների ընտանիքը 11 տարեկան է: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչն ամփոփել է համատեղ ապրած տարիներն ու վերհիշել հարսանիքի օրը՝ առանձնացնելով բացթողումներն ու ձեռքբերումները:

«Շատ արագ անցավ ժամանակը: Երկար ու կարճ տարիներ էին, քանի որ 11 տարին քիչ չէ, բայց եւ չնկատեցինք՝ ինչպես անցկացրինք: Իմ կյանքում շատ քիչ որոշումներ եմ կայացրել, որոնցից գոհ եմ մնացել, սա այդ եզակիներից է: Եթե կրկին ընտրելու հնարավորություն ունենայի, նույն կնոջը կընտրեի: Չենք փորձել միմյանց մեջ որեւէ բան փոխել. մարդն իր բնավորությամբ է ծնվում, եւ որքան էլ ձգտենք, ոչինչ չենք կարող փոխել: Հարմարվել ենք միմյանց դրական ու բացասական կողմերին»,- ասել է նա:

Արսեն Գրիգորյանը՝ երեխաների հետ


Գլխավոր ձեռքբերումը երեխաներն են.«Նրանք քիչ առաջ ինձ կատաղության հասցրին, բայց միեւնույն է՝ մեր գանձերն են: Ձեռքբերում են մեր սերն ու մեր տունը, համատեղ ապրած ամեն մի երջանիկ օրը, մեր տարիներն ու հիշողությունները: Բացթողումերն էլ շատ-շատ են, օրինակ՝ կինս հաճախ աշխատանքային ծրագրեր է ներկայացնում, ես էլ իրեն սատարելու փոխարեն խանգարում եմ: Ջուլիետան ավելի ակտիվ է, ես վախենում եմ ինչ-որ բան կորցնելուց»:

Հոբելյանի կապակցությամբ միմյանց ուշ են շնորհավորել.«Երբ արթնացա, արդեն տանը չէր. ընկերուհիների հետ Դիլիջան էր գնացել: Երեկոյան էլ հատուկ ոչինչ չենք կազմակերպել. նման թիթիզ բաները մեզ համար չեն, 11 տարի միեւնույն կնոջ հետ ապրում ես, ի՞նչ անակնկալի մասին է խոսքը (ծիծաղում է,-հեղ): Մեր մտերիմ ընկերներից մեկը հաճելի ու համեղ նվեր էր պատրաստել տորթի տեսքով, ինչի համար շատ շնորհակալ ենք»:

Ջուլիետտա եւ Արսեն Գրիգորյանները


Ամուսինները հաճախ են հիշում իրենց ամուսնության օրը.«Իրոք անկրկնելի օր էր: Շատերը կցանկանան մեր հարսանիքի պես հարսանիք ունենալ: Ոչ թե յուրահատուկ ինչ-որ բաներ էինք կազմակերպել, այլ մթնոլորտն էր շատ թեժ, ուրախ քեֆ էր: Մեր բոլոր ընկերները՝ Հասմիկ Կարպետյանը, Հայկոն, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանն ու այլք, լիաթոք ուրախացել են մեզ համար: Ի դեպ, այդ օրը Հռիփսիմեի ու Մարտինի համար ճակատագրական էր. նրանց մեջ զգացմունքներ ծնվեցին: Մեր մուտքը ռեստորան շատ սիրուն էինք կազամկերպել. երկուսս երգելով մտանք սրահ, ասեմ՝ Ջուլիետտան շատ լավ է երգում»:

Արսեն եւ Ջուլիետտա Գրիգորյանների հարսանիքին


Զիջողի դերում հիմնականում կինն է լինում.«Եթե ընտանիքում վեճեր չեն լինում, ուրեմն՝ հիվանդ մթնոլորտ է տիրում: Բոլոր նորմալ զույգերն էլ խոսակցություններ ունենում են: Շատ չորկող եմ, թողնում եմ հաշտեցման առաջին քայլն ինքն անի»,- եզրափակել է Արսենը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արսեն Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին