×


«Ամուսնուս հետ ողջ գիշեր Փարիզի ամեն կամրջի վրա մի-մի գավաթ շամպայն խմեցինք». Ֆրիդա Յորք

Հունիսի 15-ին Ֆրիդա Յորքը դարձել է 35 տարեկան: Տոնական օրվա մանրամասները դերասանուհին վստահել է BRAVO.am-ին՝ խոսելով տղայի ու ամուսնու մատուցած անակնկալի մասին: Վերհիշել է նաեւ Փարիզում անցկացրած տպավորիչ տարեդարձը:

«Օրս սկսվել է շատ բարձր տրամադրությամբ: Առաջինն ամուսինս եւ տղաս են շնորհավորել: Որդիս անհամբեր սպասում էր, չէր քնում, որ օրը փոխվելուն պես հանձնի իր նվերը: Դաշնամուր նվագեցին եւ ինձ համար «Happy Birthday» երգը երգեցին: Ռոբերտն օծանելիք է նվիրել, ամուսինս՝ գեղեցիկ զարդ»,-պատմել է Ֆրիդան:

Ֆրիդա Յորքն՝ ամուսնու հետ


Մեծ խնջույքների սիրահար չէ.«Ինչքան մտերմիկ եւ հարազատ է մթնոլորտը, այնքան ավելի գնահատված է դառնում կայնքն ու ակնթարթը: Տոնական երեկոն երեքով ենք անցկացրել. իմ սիրելի սրճարանն էինք գնացել»:

Հոբելյաններից մեկը նշել է Ֆրանսիայի մայրաքաղաքում.«Ամուսնուս հետ ողջ գիշեր թափառեցինք Փարիզի փողոցներում եւ ամեն կամրջի վրա մի-մի գավաթ շամպայն խմեցինք: Իրոք անմոռանալի օր էր, կարծես Ռեմարկի երեւակայության մեջ լինեի»:

Ֆրիդա Յորքն՝ ամուսնու եւ որդու հետ


Ըստ նրա՝ բացթողումները եւս ձեռքբերումներ են.«Ամենամեծ ձեռքբերումս սիրելիներս են՝ ամուսինս եւ տղաս, նաեւ այն մարդիկ, որոնց հանդիպել եւ զարմացել եմ նրանց ուժի, սիրելու կարողության, բարության, մտքի, տաղանդի վրա. նրանք ինձ միշտ առաջ են մղում: Սխալներն ու վախերն էլ քայլեր են, առանց որոնց չի հյուսվում կյանքի ուղին: Երբեմն թախծում եմ, բայց մտքերս ու երազներս հանդիպում են արվեստի ամենակարող ուժին»:

Խոսել ենք նաեւ աշխատանքային նորություններից.«Վերջերս որպես ռեժիսոր համագործակցել եմ Նունե Եսայանի հետ: Նկարահանել ենք «Բժիշկ» կարճամետրաժ ֆիլմը՝ խիստ կարանտինային պայմաններում: Նորարարություն էր. ամբողջը «Skype»-ի միջոցով է արվել: Հստակ ծրագրած այլ նախագծեր դեռ չկան, հուսով եմ՝ շուտով այս ամենը որպես վատ երազ կհիշենք»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ֆրիդա Յորքի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW