BRAVO.am-ն ընթերցողներին օգնում է նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ մեր զրուցակիցը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի եւ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի հիմնադիր Մարիամ Ղազանչյանն է:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Երաժշտական կրթություն չունեմ, բայց նվագում եմ կիթառ եւ դաշնամուր: Ծիծաղս չեմ կարողանում զսպել եւ այդ պատճառով երբեմն հայտնվում եմ սխալ իրավիճակներում (ծիծաղում է,- հեղ.): Առաջին կուրսում բուֆետի գումարով տիկնիկ էի գնում:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Շատ են, բայց կփորձեմ առանձնացնել նրանք, որոնց ժամանակ առ ժամանակ անդրադառնում եմ՝ Դոստոեւսկու «Դեռահասը», «Good Bye, Լենին» ֆիլմը եւ «The No Smoking Orchestra» խումբը:
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։
- Զվարճալի է, որ վերջերս իմ մասին տարօրինակ բաներ չեմ լսում (ծիծաղում է,- հեղ.):
- 3 պատճառ, թե ինչո՞ւ է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը հարազատ Ձեզ:
- 2007 թվականից եմ աշխատում այնտեղ, ունեմ սիրելի դերակատարումներ: Իսկ ամենահարազատը պապիկիս`Երվանդ Ղազանչյանի հետ կապված հիշողություններն են:
- Դերասանի եւ ռեժիսորների ընտանիքից լինելու առավելություններ ու թերություններ:
- Առավելությունն այն է, որ անկախ քո կամքից՝ ավելի հեշտ ես հայտնվում ուշադրության կենտրոնում, իսկ թերությունն այն է, որ ես չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում (ծիծաղում է,- հեղ.):
- Արվեստագետներ, որոնցից ամենաշատն եք ոգեշնչվել:
- Կան այդպիսի արվեստագետներ եւ դրանք այն մարդիկ են, ովքեր իսկապես անհանգստացած են իրենց մասնագիտության համար, անտարբեր չեն եւ թատրոնն իրենց համար պարզապես կողքից զբաղմունք չէ: Իրենք քիչ են, բայց հուսով եմ՝ շատերի հետ դեռ չեմ ծանոթացել:
- Ձեր մասնակցությամբ ներկայացումներ, որոնք մեծ հետք են թողել:
- Երբեք չեմ հետաքրքրվել, թե իմ մասնակցությամբ ներկայացումներն ինչ հետք են թողնում, բայց մի դեպք հիշեցի: Խաղում էինք Նիլ Սայմոնի «Մոլորվածները» պիեսը, որում մարմնավորում եմ Բելլային, ով ոչ սովորական ճակատագիր ունի: Ներկայացումից հետո կուլիսներ եկավ մի տարեց տղամարդ՝ երեւի մոտ 70 տարեկան, ձեռքս սեղմեց եւ ասաց. «Վերջին անգամ լաց եմ եղել 20 տարի առաջ, պատճառ ունեի, ու այսօր քո անկեղծ խաղի շնորհիվ ես կրկին կարողացա լաց լինել ու տարիների կուտակված բեռից ազատվել»:
- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:
- Երբ ներկայացման ժամանակ խաղընկերոջդ բեմական անունը մոռանում ես (ծիծաղում է,- հեղ.):
- 3 միֆ դերասանների մասին, որ ընդհանրապես ճիշտ չեն:
- Միֆերը շատ են եւ դրանք ստեղծվում են դիլետանտների թեթեւ ձեռքով, ովքեր նույնիսկ պատկերացում չունեն, թե լուրջ դերասանությամբ զբաղվող մարդն ինչ վարքագիծ ունի: Սա շատ ցավոտ թեմա է ինձ եւ, վստահ եմ, շատերի համար:
-Հոգեվիճակ, որ ունենում եք բեմում:
- Բեմում լավ առումով հիստերիայի մեջ եմ ընկնում:
- Ումի՞ց դեմ չէիք լինի մասնագիտական խորհուրդ հարցնել, եւ ի՞նչ կուզեիք իմանալ նրանից:
- Այդ հարցն ինձ համար մի քիչ վիճելի է, քանի որ նույնիսկ լավ խորհուրդը կարող է բացասական արդյունք տալ: Պրոֆեսիոնալ տեսանկյունից շատ անգամ փոքր խորհուրդը կարող է շեղել ճիշտ ճանապարհից: Այլ բան է, երբ պրեմիերաներից հետո մոտենում եմ կոնկրետ մարդկանց եւ կարծիք հարցնում, որովհետեւ ինձ համար կարեւոր է, թե ինչ կասեն:
- Կերպարներ, որոնք մեծ հետք են թողել Ձեզ վրա կամ օգնել Ձեզ նորովի բացահայտել, ու ինչպե՞ս են դա արել:
- Իմ խաղացած կերպարները երբեք որեւէ կապ չեն ունեցել ինձ հետ ու դրա շնորհիվ աշխատելու խանդավառությունս ավելի մեծ է եղել: Հետաքրքիր է, երբ քո խառնվածքից ելնելով, պիտի որոշես ուրիշի ճակատագիրը: Կնշեմ այն դերերը, որոնց նվիրվել եմ անմնացորդ, դրանք են Ջոն «Մեղրի համ»-ում, Մաշան՝ «Երեք քույր» ներկայացման մեջ, Բելլան՝ «Մոլորվածներ»-ում եւ Ռիտան՝ «Ցիլինդր»-ում:
- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ կողմերը:
- Արվեստի բոլոր կողմերն էլ գեղեցիկ են:
- Ձեր ամենասիրելի 3 թատրոններն ու ռեժիսորները:
- Զուտ տպավորություն թողնելու համար, իհարկե, կարող եմ շատ եվրոպական թատրոններ նշել, բայց կարծում եմ՝ սիրելի թատրոնն այն է, որտեղ ինքդ ես ստեղծագործական ընթացք ունեցել: Սկսել եմ Պատանի հանդիսատեսի թատրոնից եւ ամենավառ հիշողություններս կապված են հենց այդ թատրոնի հետ. մինչ օրս էլ այն հարազատ է: Հետո զուգահեռ սկսեցի աշխատել նաեւ Պարոնյանի անվան թատրոնում, որտեղ էլ շարունակում եմ լինել: Նաեւ ինձ համար շատ հարազատ է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, քանի որ այնտեղ նույնպես հրաշալի ստեղծագործական ընթացք եմ ունեցել: Երբ հերթը հասնում է ռեժիսորներին, միշտ խուսափում եմ այդ հարցից. չեմ սիրում առանձնացնել: Յուրաքանչյուր ռեժիսոր, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու, առանձնահատուկ դեր է խաղացել իմ կյանքում:
- Ձեր ուսուցիչները, որոնցից կյանքի մասին ու մասնագիտական կարեւոր խորհուրդներ եք ստացել:
- Շատ ուսուցիչներ եմ ունեցել եւ ունեմ, բայց առիթից օգտվելով՝ կուզեմ առանձնացնել իմ վարպետին, իմ կուրսի ղեկավար, լուսահոգի Զավեն Տատինցյանին, ում հաճախ եմ հիշում: Նա լուրջ ազդեցություն է ունեցել իմ կյանքում: Շատ խիստ էր, ամեն մանրուքից բռնկվում էր, բայց նույնիսկ այդ պահերին մենք սիրում էինք նրան: Իսկական պրոֆեսիոնալ էր, տեսակ, եւ իր պես երկրորդին չեմ հանդիպել:
- Նշեք Ձեր բնավորության գծերից, որոնք ամենաշատն եք սիրում ու որոնից կուզեիք հրաժարվել:
- Կարողանում եմ լավ ընկեր լինել, առաջին հերթին լավը տեսնել, չգիտեմ, երեւի, դրական գիծ է: Իսկ բացասականը՝ ցանկացած վատ երեւույթ սրտիս շատ էի մոտ ընդունում, ինչը, կարծում եմ, ժամանակի ընթացքում հաղթահարել եմ:
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Մեր Մարիա՞մը (ծիծաղում է,- հեղ.):
- Ինչպե՞ս է Ձեզ փոխել ու նորովի բացահայտել մայրությունը:
- Ուրիշ սեր եմ բացահայտել, որ բառերով անհնար է նկարագրել:
- Ծնող լինելու ամենահաճելի ու դժվար կողմը:
- Ամենահաճելին, որ արդեն ծնող եմ, իսկ դժվարը՝ պետք է այնքան ուժ գտնես քո մեջ, որ շատ ծնողական սկզբունքներ կողք դնելով, երեխայիդ համար ընկեր դառնաս:
- Երեխաներից սովորած կարեւոր հատկություններ։
- Առանց կաշկանդվելու ասել այն, ինչ մտածում ես, չնայած, միեւնույն է, այդպես չի ստացվում (ծիծաղում է,- հեղ.):
- Ձեր ամենամեծ հավատը, որին կարող ենք հենվել:
- Հավատն է ինքս իմ հանդեպ, եւ դրա ապացույցը տեսել եմ, եթե ինքդ կասկածես՝ բոլորը կկասկածեն:
- Մոլորակի վրա ամենալավ տեղը:
- Հայաստանն է:
- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:
- Պապիկիս տան գրքերի հոտը:
- Վայրեր, որոնք որոշիչ են եղել Ձեր կյանքում:
- Թատրոնը:
- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:
- Իմ մանկության հուշերը կապված են նաեւ մեր մեծերի հետ: Ես այն երջանիկներից եմ, որ առիթ եմ ունեցել ներկա լինելու Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի եւ անվանի այլ արտիստների փորձերին: Երանի այն ժամանակ մի քիչ մեծ լինեի, վստահ եմ՝ հարցերս շատ կլինեին:
- Վերջին մեկ տարվա ազդեցիկ պահի կադրը:
- Շատ եմ շրջագայել, բայց միշտ երազել եմ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեսնել: Այս տարի բախտ վիճակվեց լինել Բուդապեշտում: Նախքան հուշարձանը մոտիկից տեսնելն այլ զգացողություն ունեի, բայց երբ մոտեցա, մի տեսակ ընկճվեցի՝ տարօրինակ զգացողություն առաջացավ, որը բառերով չես նկարագրի: Նաեւ իմացա, որ հուշարձանի հեղինակը թատրոնի ռեժիսոր է:
- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ դեռ կհասցնեք հրաժարվել:
- Ինքս չեմ հրաժարվել: Կարծում եմ, եթե որեւէ բան հեռանում է քեզնից, ուրեմն՝ հենց սկզբից էլ քոնը չի եղել:
- 3 ոգեշնչող հանգամանք:
- Երաժշտությունը, փողոցում քայլող մարդկանց տարբեր տրամադրությունները եւ լավ ստեղծագործական ընթացքը:
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքի կուզեիք տիրապետել:
- Թատրոնն ու կինոն չեմ փոխի ոչ մի բանի հետ (ծիծաղում է,- հեղ.):
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Ցանկացել եմ մեքենա վարել, բայց ֆոբիաներիս պատճառով մինչեւ հիմա վախենում եմ:
- Ի՞նչն է հիմա Ձեզ պակասում:
- Մարդկային շփումը. սոցիալական հարթակները վերացնում են իսկականը:
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- Ամեն ինչի:
- Ի՞նչ կար 2024-ին Ձեր անպայման անելու ցուցակում:
- Ինչ պլանավորել էի, կատարվեց, սակայն մանրամասները կլինեն 2025-ին:
- Ինչի՞ շնորհիվ ամենաշատը կհիշվի 2024 թվականը:
- 30 տարվա ամենամտերիմ ընկերներս կարճ ժամանակով եկան Հայաստան, եւ հիմա ավելի թարմ են հիշողություններս:
- 2025-ի համար մաղթանք՝ ինքներդ Ձեզ ու բոլորիս:
- Հույս, հավատ, սեր:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Ղազանչյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: