×


«Կարեւոր է Արցախի խորհրդանիշները պահպանել». վերաստեղծված Արցախի կամերային նվագախմբի առաջին համերգը

Արցախի կամերային նվագախումբը վերակազմավորվել է եւ իր առաջին համերգն ունեցել Երեւանում։ Կոմիտասի անվան երաժշտության տանն այն գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ երեք հեղինակի կատարումներով վերսկսել է իր գործունեությունը։

Բայց մինչ համերգի մեկնարկը բեմում է հայտնվել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանն ու օրհնության խոսք ասել։ Նա ընդգծել է, որ ընդունված կարգի համաձայն՝ անդրանիկը, սովորաբար, նվիրում են Աստծուն, եւ նվագախմբի առաջին համերգն էլ բացառություն չէ։


«Համերգը դասական է, կրում է նաեւ հոգեւոր բաղադրիչ ու անդրադառնում մեր երգին։ Թեեւ մեր սրտերը լացում են, ցավում են, սգում են եւ քարացած են, սակայն այս պարագայում է, որ Տերը մեզ ասում է. «Երանի սգավորներին, որովհետեւ Աստծո կողմից մխիթարվում են»: Մխիթարությունը ոչ միայն գալիս է մեր ցավը ամոքելու, այլ նաեւ մեզ զորություն է տալիս: Եվ հոգեւոր երաժշտությունն էլ ունի մեր սրտերն ամոքելու բաղադրիչ: Ցանկանում եմ, որ կարողանանք ընկալել ու հասկանալ դասական երաժշտության տված կարեւոր ուղերձը, մեզ զգանք մխիթարված եւ առավել եւս՝ զորացված: Ցանկանում ենք, որ Արցախի կամերային նվագախումբը հաջողություններ արձանագրի իր ճանապարհին»,- ասել է նա ու առաջարկել այդ զորությունը տեսանելի դարձնելու համար երեկոն սկսել տերունական աղոթքով։


Նվագախմբի անցած ճանապարհի մասին խոսել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինե Մխիթարյանը։ Նա հիշել է 2004 թվականը, երբ Արցախում հայկական պետականություն կար ու ՀԲԸՄ-ն երկրի պետական կամերային նվագախմբի հիմնադիրն ու նախաձեռնողը եղավ։

«Ժամանակին մաեստրո Գեւորգ Մուրադյանն էլ հատուկ եկավ այն գլխավորելու համար ու իր հետ բերեց ամբողջ լարային կազմը։ Նվագախումբը հյուրախաղերի էր մեկնում տարբեր մայրցամաքներ, իսկ հիմա այն Արցախի բռնազավթումից ու մարդկանց բռնի տեղահանությունից հետո Հայաստանում է վերահիմնադրվել։ Մեզ համար շատ կարեւոր ու նաեւ հուզիչ պահ է: Երբ Հասմիկ Պապյանի հետ քննարկումներ էինք ունենում, շատ էինք ուզում պահպանել Արցախ անվանումը, նա կասկած էլ չուներ, որ այն մնալու է։ Այս նախաձեռնության համար շնորհակալություն Պապյանին ու Նարեկ Հախնազարյանին, որոնք Հայաստանում նվագախմբի ստեղծման համանախաձեռնողը դարձան ու նրան նոր շունչ հաղորդեցին։ Ձեզ բարի, կանաչ ընթացք եմ մաղթում»,- նշել է Մխիթարյանը։


ՀԲԸՄ-ի տնօրենը վստահ է, որ շատ կարեւոր է Արցախի խորհրդանիշները պահպանել, որպեսզի պատմական հնարավորության դեպքում դրանք իրենց ինստիտուտներով հնարավոր լինի տեղափոխել այնտեղ։

Ապա բեմը հայտնվել է Արցախի կամերային նվագախմբի տրամադրության ներքո: Թեեւ երաժիշտներն անչափ հուզված էին ու մեծ պատասխանատվություն էին զգում, բայց կարողացան անմոռանալի ու տպավորիչ երեկո պարգեւել ներկաներին։ Համերգը սկսեցին Մոցարտի «Դիվերտիսմենտ դո մաժոր»-ով, ապա բուռն ծափահարություններից հետո կատարեցին Չայկովսկու լարայինների համար սերենադը, իսկ վերջում հանդիսատեսին անչափ հուզեցին Կոմիտաս-Ասլամազյան մանրանվագներով։


BRAVO.am-ի հետ զրույցում նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահ ու համահիմնադիր Հասմիկ Պապյանը նշել է, որ Արցախի հետ տեղի ունեցած արհավիրքից հետո ամեն մեկը պիտի որեւէ բան անի ու փորձի պահպանել նրա հետ կապված հիշողությունը։ Եվ քանի որ նվագախմբի արցախցի երաժիշտները Հայաստանում են հաստատվել, որոշել են նրանց վերամիավորել. «Մեր նպատակը մեկն է՝ չկորցնել հիշողությունն ու հնարավորինս պահպանել մեր մշակութային ժառանգությունը: Գիտեի, որ Նարեկը նաեւ դիրիժորությամբ է շատ հաջող զբաղվում, իրեն տեսել եմ Վիեննայում նվագախումբ ղեկավարելիս, եւ ուզեցի, որ շարունակի այդ գործունեությունն ու այդ իմաստով Հայաստանին էլ օգուտ բերի»։

Նրա խոսքով՝ նվագախումբը հիմնականում շեշտը կդնի համաշխարհային հայտնի ստեղծագործությունների կատարման վրա, ինչպես նաեւ կանդրադառնա հայկական երաժշտությանը։


Համերգից հետո իրենց հույզերով կիսվեցին նաեւ երաժիշտները։ Նելլի Հակոբյանը մյուսների պես լսումների արդյունքում է ընդգրկվել նվագախմբում։

«Տապավորությունները համերգից հետո շատ մեծ են, ամեն օր ենք նախապատրաստվել ու փորձեր ունեցել: Գործերի ընտրությունը լավն էր, հայկական երաժշտությամբ համերգն ավարտելը շատ հուզիչ էր»,- խոստովանել է նա։

Մարիաննա Մանուկյանը ցանկանում է մնալ նվագախմբի կազմում ու նպաստել նրա կայացմանը. «Նարեկ Հախնազարյանի հետ աշխատելը մեծ փորձառություն է եղել ինձ համար ու շատ բան եմ սովորել փորձերի ժամանակ, իսկ համերգն ամբողջությամբ հաճույք էր ու ադրենալի մեծ պաշար տվեց»։


Հենրի Երկանյանը Նարեկ Հախնազարյանի ինստագրամյան էջից է իմացել նվագախմբում ընդգրկվելու լսումների մասին ու որոշել ուժերը փորձել։ Նարեկին վաղուց է ճանաչում նրա վարպետության դասերից, իսկ հիմա նոր կարգավիճակով են սկսել աշխատել միասին, խոստովանում է՝ կամերային նվագախումբը չափից շատ նուրբ մոտեցում է պահանջում, իսկ առաջին համերգի ժամանակ կատարել են իրենց համար անսահման կարեւոր ստեղծագործություններ:


Բոլորի հետ զրուցելուց հետո իմացանք նաեւ Նարեկ Հախնազարյանի ունեցած ապրումների ու որպես նվագախմբի ղեկավար առաջին փորձառության մասին. «Իմ մեջ տպավորությունների ծով է, որովհետեւ երկար ենք այս իրադարձությանը պատրաստվել: Հոկտեմբերին լսումներ ունեցանք, որի արդյունքում թարմացրինք ու մեծացրինք նվագախմբի կազմը: Տարբեր պատճառներով նախորդ կազմից մի քանի երաժիշտ չկարողացավ շարունակել աշխատանքը, Լսումներին Արցախից երկու նոր մասնակից ունեցանք եւ ընդգրկեցինք նվագախմբում: Ուրախ եմ, թե համերգն ինչպես անցավ, շատ արդյունավետ ճանապարհի սկիզբ եմ համարում: Երաժիշտները շատ երիտասարդ են, երեւի թե, մեր նվագախմբի միջին տարիքը 20-ից մի փոքր է բարձր: Գերագույն հաճույք ու պատասխանատվություն է այդպիսի երիտասարդների հետ աշխատել, որոնցից շատերը մինչ այս նվագախմբում նվագելու փորձ չունեին»,- անկեղծացել է դիրիժորը:


Հախնազարյանի համար էլ նվագախումբ ղեկավարելու առաջին փորձն էր, թեեւ այլ կոլեկտիվների հետ որպես հրավիրված դիրիժոր աշխատել է, սակայն հիմա ամեն ինչ այլ է՝ պատասխանատվություն է զգում երաժիշտների որակի համար: Դրա համար էլ, երբ Հասմիկ Պապյանն առաջարկել է գլխավորել Արցախի կամերային նվագախումբը, շատ հակասական ապրումներ է ունեցել, բայց գերակայել են ուրախությունն ու պատրաստակամությունը։

«Դեռ առաջնային նպատակը նվագախմբի երաժշտական, պրոֆեսիոնալ ու տեխնիկական առումներով զարգացումն է, եւ ոչ թե համերգների քանակը: Շուտ է խոսել հյուրախաղերի մասին, բայց նախնական խոսակցություններ կան Միացյալ Նահանգներում, Կանադայում ու Ֆրանսիայում համերգներ ունենալու վերաբերյալ: Հույս ունեմ՝ ամեն ինչ ստացվելու դեպքում մի քանի ամսից անակնկալ կազմով շատ մեծ համերգ կունենանք Երեւանում, որը լուրջ իրադարձություն կլինի երկրի մշակութային կյանքում»,- ավելացրել է թավջութակահարը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW