×


«Նոր երգ ասա՝ լսեմ»․ Project LA, ԴԵՏՔ, Էլթոն Ջոն, Կիվանուկա եւ Ջոն Լեջենդ

Ի՞նչ երգ լսել, եթե արդեն հոգնել ես սմարթֆոնիդ չթարմացվող երգացանկից կամ նոր թողարկված երգերի բազմազանության մեջ չես գտնում ճաշակիդ ու տրամադրությանդ համապատասխան որեւէ գործ: BRAVO.am-ը ներկայացնում է նախորդ շաբաթվա նոր ու հետաքրքիր երգերը, տեսահոլովակները, որոնք ոճային ու ժանրային առումով տարբերվում են միմյանցից: Այդպիսով դուք կկարողանաք առանձնացնել ձեր նախընտրելի երգերն ու դրանցից մի քանիսն ավելացնել սիրելի փլեյլիսթում:

Project LA - «Eldorado»

Այս շաբաթվա մեր երգացանկն աչքի է ընկնում անիմացիոն տեսահոլովակների բազմազանությամբ։ Այդպիսի մի հոլովակ էլ օրերս ներկայացրել է «Project LA» երաժշտական նախագիծը, որի հեղինակը Լեւոն Արեւշատյանն է, իսկ պրոդյուսերը՝ Սուրեն Սահակյանը։ Նոր հոլովակը ներկայացնում է «Eldorado» երգը` Գոռ Սուջյանի կատարմամբ։ Այն ավելի վաղ ներկայացվել էր համերգի տեսագրությամբ, իսկ այս անգամ երկրպագուները կարող են վայելել երգի նոր ձայնագրությունը։



ԴԵՏՔ - «Մախմուր աղջիկ»

«ԴԵՏՔ» հայկական խումբը եւս նոր տեսահոլովակ ունի։ Տղաները նորովի են ներկայացրել «Մախմուր աղջիկ» երգը, որի կոմպոզիտորն է Խաչատուր Ավետիսյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ Սիլվա Կապուտիկյանը։ Խմբի նոր կատարումն աչքի է ընկնում նաեւ քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանի նվագակցությամբ, ով, ի դեպ, Խաչատուր Ավետիսյանի ուսանողուհին է եղել։



Freedom Is Expensive - «Down The Roof»

«FIX» (Freedom is Expensive) հայկական փորձարարական դուետը, որի կազմում հանդես են գալիս «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի անդամներ Նարեկ Բարսեղյանն ու Վարդան Փերեմուզյանը, նոր երգ է ներկայացրել՝ «Down The Roof»։ Երաժշտական նախագիծը, որի սկիզբը դրվել է դեռեւս 2018 թվականին, առաջիկայում կշարունակի նոր սինգլներ թողարկել։ Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում պատմել էր Նարեկ Բարսեղյանը, աշնանը նախատեսում են կենդանի հնչողությամբ համերգներով հանդես գալ, երբ արդեն հնարավոր կլինի մարդաշատ միջոցառումներ անցկացնել։



Surfaces, Էլթոն Ջոն - «Learn to Fly»

Ամերիկյան «Surfaces» երաժշտական խումբը նոր զուգերգ է ներկայացրել Էլթոն Ջոնի հետ՝ «Learn to Fly» (Սովորիր թռչել) երգի հիման վրա: «Ի սրտե հույս ունենք, որ այժմ այս երգը խրախուսման եւ ոգեշնչման աղբյուր կդառնա ավելի, քան երբեւէ»,- իրենց թվիթերյան էջում գրել են խմբի անդամները։



Մայքլ Կիվանուկա - «Light»

Ավելի ու ավելի շատ արտիստներ շարունակում են իրենց երաժշտությամբ կանգնել «Black Lives Matter» շարժման կողքին՝ ընդդեմ ռասայական խտրականության եւ անարդարությունների։ Բրիտանացի երգիչ, երգահան, կիթառահար Մայքլ Կիվանուկան եւս անիմացիոն նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ իր «Light» երգի հիման վրա, որն ընդգրկված է 2019-ին թողարկված «Kiwanuka» ալբոմում։



Ջոն Լեջենդ - «Never Break»

Ոգեշնչմանն ու խրախուսմանն է ուղղված նաեւ ամերիկացի երգիչ, դերասան Ջոն Լեջենդի նոր՝ «Never Break» երգը, որն ընդգրկված է օրեր առաջ թողարկված «Bigger Love» ալբոմում։ Երգիչն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր ալբոմի շապիկը եւ կից գրառում կատարել՝ նշելով, որ շուրջ տասնութ ամիս աշխատել են նոր ձայնագրությունների վրա՝ համագործակցելով հրաշալի մարդկանց հետ։ Երկրպագուները նոր հոլովակի մեկնաբանություններում գրել են, որ իսկապես հրաշալի երգ է եւ հույս ունեն՝ Լեջենդը մի օր անպայման այն կկատարի իր համերգների ժամանակ։



Դենիս Լլոյդ - «Alien»

Իսրայելցի երգիչ, երաժիշտ Դենիս Լլոյդն անիմացիոն նոր հոլովակ է ներկայացրել «Alien» երգի հիման վրա։ Վերադառնալով համերգային շրջագայությունից՝ Լլոյդը գրել է այս երգը՝ պատկերելով զգացողություններն այդ ընթացքի մասին։ Երգի եւ հոլովակի հերոսն իրեն այլմոլորակային է զգում շրջապատող աշխարհում՝ ամեն օր արթնանալով եւ հայտնվելով մի նոր վայրում։ «Սա փորձ է գտնելու ինքդ քեզ. թե իրականում որտեղ պետք է լինես, եւ որն է քո նպատակն այս կյանքում։ Հոլովակը ներկայացնում է երկու այլմոլորակայինների միջեւ կապը, որոնք եկել են այլ մոլորակներից եւ իրենց այլեւս միայնակ չեն զգում այդ ճամփորդության ընթացքում»,- ասել է երգիչը։



Hooverphonic - «Summer Sun»

Հետաքրքիր ու յուրօրինակ անիմացիոն հոլովակով է հանդես եկել նաեւ բելգիական «Հուվերֆոնիք» խումբը, որ հիմնականում ներկայանում է փոփ, ռոք, լաունջ եւ չիլաութ ոճերում։ Խումբը թողարկել է իր նոր՝ «Summer Sun» երգի տեսահոլովակը, որը մեծ մասամբ դրական արձագանքների է արժանացել երկրպագուների կողմից։ Հիշեցնենք, որ «Հուվերֆոնիքն» այս տարի պետք է ներկայացներ Բելգիան «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, սակայն, ինչպես հայտնի է, մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով։



Ջեսի Ռեյես - «Intruders»

Կանադացի երգչուհի, հեղինակ-կատարող Ջեսի Ռեյեսը էմոցիոնալ տեսահոլովակ է ներկայացրել իր «Intruders» երգի հիման վրա։ Անիմացիոն հոլովակում հերոսուհին պայքարում է սպիտակամորթ գաղութարարների դեմ՝ պաշտպանելու համար իր սիրելի հայրենիքը։ Նոր երգն ընդգրկված է Ռեյեսի դեբյուտային «Before Love Came to Kill Us» ալբոմում։ Երգչուհին այն թողարկել է այս տարվա ապրիլին՝ զարմացնելով ու հաճելի անակնկալ մատուցելով երկրպագուներին։



Honne - «No Song Without You»

Անգլիական «Honne» էլեկտրոնային երաժշտական դուետը եւս գեղեցիկ անիմացիոն հոլովակ է ներկայացրել՝ «No Song Without You» նույնքան գեղեցիկ երգի հիման վրա։ «Այս երգի խոսքերի մի մասը վերցրել եմ իմ հարսանեկան ելույթից»,- պատմել է խմբի վոկալիստ եւ պրոդյուսեր Էնդի Քլաթերբաքը։ Նա նաեւ ֆանտաստիկ է որակել ամուսնական կյանքը՝ պատասխանելով երկրպագուներից մեկի հարցին. «Դա ամենալավ բանն է, որ ես երբեւէ արել եմ»,- ասել է նա։



Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport