×


«Հիմա կսկսենք մտածել երեխա ունենալու մասին». Նադյան եւ Էդգարն ԱՄՆ քաղաքացիներ են դարձել

Էդգար Ռոստոմյանը եւ Նադեժդա Հովհաննիսյանը Լոս Անջելեսում բնակություն հաստատելուց յոթ տարի անց ԱՄՆ քաղաքացիություն են ստացել: Մոդել-դերասանուհին BRAVO.am-ի հետ զրուցել է հաղթահարած դժվարությունների, երեխաներ չունենալու պատճառի, կարոտի եւ Լիվ Թայլերի հետ մտերմության մասին:

«Այն ժամանակ բավական մարտական էինք տրամադրված. նոր կյանք ու կարիերա սկսլեու նպատակով էինք հատել օվկիանոսը: Դժվարություններից չէինք վախենում, Հայաստանում այնքան բան էինք տեսել եւ կոփվել, որ այստեղի խոչընդոտները դաշտային ծաղիկներ էին թվում: Բնականաբար, դժվար էր կայացած եւ ճանաչված լինելուց հետո այստեղ զրոյից սկսել, աշխատանք գտնել: Գլենդելում հայկական ռեալիթի շոուի կազմում ընդգրկվելու առաջարկ ստացանք, ու քանի որ ընտրության տարբերակ չկար, համաձայնեցինք: Մեր մասնակցությունը, պետք է խոստովանեմ, մեծ արձագանք գտավ: Երկար ժամանակ մանկապարտեզում եմ աշխատել. 14 երեխայի խնամք էր ինձ վստահված: Հաճելի էր նրանց հետ զբաղվելը, մտածում էի՝ երեխա ունենալու ժամանակն է, բայց դեռ շատ անելիքներ կային, եւ որոշեցինք լիարժեք ոտքի կանգնել, կայանալ, որպեսզի մեր ապագա բալիկների համար ապահովենք անհոգ, ապահով եւ գեղեցիկ մանկություն: Կարծում եմ՝ հիմա լրջորեն կմտածենք այդ ուղղությամբ»,-ասել է Նադյան:

Նադյա Հովհաննիսյանը


Նա նշել է, որ Հայաստանում ունեցած աշխատանքային հաջողությունների շնորհիվ են կարողացել ավելի հեշտորեն ապրելու եւ աշխատելու իրավունք ձեռք բերել.«Բայց չափազանց դժվար էր թողնել հայկական համայնքն ու մտնել հոլիվուդյան կինոարտադրության աշխարհ: Երեք տարի փոքրիկ դերեր ունեցանք տարբեր սերիալներում, որից հետո բացվեց մեր կանաչ ճանապարհը դեպի «Screen Actors Guild» (Կինոդերասանների միություն): Ստիպված եղա փոխել անունս. Նադեժդան դժվարարտասանելի էր եւ փոխարինվեց Նադյայով»:

Շատ է կարոտում Հայաստանն ու այստեղ բնակվող մայրիկին.«Ոչինչ չի կարող ստիպել մեզ օտարանալ մեր հայրենիքից: Վերջերս երկարատեւ այցով այդտեղ էինք, վայելեցինք մեր Երեւանը, հանդիպեցինք հին ու նոր ընկերներին, բարեկամներին: Ապրելով ԱՄՆ-ում՝ ակամա փորձում ես քո ծննդավայրի համար ավելի պիտանի լինել, պաշտպանել քո երկրի օրենքը, դրոշն ու օրհներգը: Կցանկանամ՝ հաճախ գանք»:

Լիվ Թայլերը եւ Նադյա Հովհաննիսյանը


Խոսել ենք նաեւ աշխատանքային նորություններից.«Վերջին մեկ տարին այդ առումով շատ ակտիվ էր: Պայմանագիր եմ կնքել «20th Century Fox» ընկերության հետ եւ սկսել նկարահանվել մեծ հայտնիություն ունեցող «911 Lone Star» սերիալում: Շատ ոգեւորվեցի՝ իմանալով, որ խաղընկերս իմ սիրելի դերասանուհիներից Լիվ Թայլերն է լինելու: Բավական մտերմացել ենք, կարծես անբաժան զույգ լինենք. շաբաթական 4 օր 12-15 ժամ միասին ենք եղել, այժմ նկարահանումները դադարեցվել են, բայց մեր հարաբերությունները դեռ շատ ջերմ են: Հուսով եմ՝ համավարակը շուտ կնահանջի եւ աշխատանքները կվերսկսվեն: Էդգարն էլ աշխատանքային ակտիվ շրջանում է, համագործակցում է «Ամազոն» կինոարտադրող ընկերության հետ: Վերադարձել է երաժշտության աշխարհ. մեր տունը վերածվել է մեծ ստուդիայի»,-եզրափակել է Նադյան:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նադյա Հովհաննիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին