Համավարակի պատճառով փոխվել է Լյուսի Հայրապետյանի ոչ միայն աշխատանքային օրակարգն, այլ նաեւ ամիսներ առաջ ծրագրած ամառային արձակուրդը: Հունաստան ուղեւորվելու փոխարեն մոդել-հաղորդավարուհին իր հանգիստն անցկացնում է Ջերմուկում: BRAVO.am-ի հետ նա զրուցել է հանգստի նախընտրելի տարբերակների մասին՝ վերհիշելով առաջին այցն Իտալիա:
«Պասիվ արձակուրդներն ինձ համար չեն. պասիվ հանգստի կմեկնեմ այն ժամանակ, երբ այլեւս չապրեմ: Եղել են դեպքեր, երբ ծրագրել եմ ոչինչ չանել, բայց մեկ օր անց գերակտիվ օրակարգի եմ անցել: Եթե հաջողվում է, ընկերներով ենք մեկնում. այդպես շատ ավելի աշխույժ է անցնում: Ամենատպավորիչ ուղեւորությունս տարիներ առաջ է եղել, երբ ես ու քույրս՝ Մարիամն, առաջին անգամ գնացինք Ինդոնեզիա՝ Բալի: Մեր ընկերների խորհրդով մի ափ էինք ընտրել, ուր հասնելուն պես փոշմանեցինք: Երեք օր անց մի շարք տուգանքներ վճարեցինք եւ տեղափոխվեցինք մեկ այլ լողափ, որտեղ սերֆինգի ճամբար կար: Որոշել ենք ամեն տարի գնալ այնտեղ եւ մեր սիրելի ջրային սպորտաձեւով զբաղվել»,-ասել է Լյուսին:
Լյուսի Հայրապետյանը
Եվրոպական առաջին երկիրը, որ բացահայտել է, Իտալիան է.«Սիրահարվել եմ Իտալիային, այնքան, որ հասցրել եմ արդեն 3-4 անգամ լինել: Շրջել եմ Հռոմում, Ֆլորենցիայում, Միլանում եւ այլ քաղաքներում: Ընկերներով էինք ու իսկապես հիանալի ժամանակ անցկացրինք: Հանգստի համար երկիր ընտրելիս ուշադրություն եմ դարձնում լեզվին. եթե իմ սիրելի լեզվաընտանիքն են պատկանում, ուրեմն հաստատ մշակույթը, խոհանոցն ու մարդկանց էլ կսիրեմ: Շատ եմ սիրում իտալերենը, իսպաներենն ու ֆրանսերենը: Ջրային հանգստի սիրահար եմ, կարեւորում եմ, որ տեղանքում օվկիանոս, կամ գոնե ծով լինի, պալմաներ, էկզոտիկ բնություն եւ արեւադարձային մրգեր՝ մանգո, անանաս, ավոկադո. եթե այս ամենն առկա է՝ ուրախությանս չափ չի լինում»:
Լյուսի Հայրապետյանը
Խոսել ենք խափանված ծրագրերի մասին.«Անկեղծ կլինեմ՝ այժմ պետք է Հունաստանում լինեի, ոչ թե՝ Ջերմուկում: Հունիսի 25-ին ընկերուհուս տարեդարձն էր, որոշել էինք այնտեղ նշել: Համավարակի պատճառով նա մնաց Դուբայում, ես՝ այստեղ: Նախատեսել էինք Հունաստանից մեկնել Կիպրոս, այնուհետեւ՝ Գերմանիա՝ մեր մյուս ընկերուհուն տեսության: Տարեվերջին, եթե սահմանները բացվեն, մոտ մեկ ամսով Վիետնամ եմ մեկնելու»:
View this post on Instagram
Օգտվելով առիթից՝ փորձում է բացահայտել Հայաստանը.«Որքան էլ տարօրինակ հնչի, ավելի շատ այլ երկրներում եմ եղել, քան՝ Հայաստանի տարբեր վայրերում: Որոշել եմ մեր գեղատեսիլ վայրերն այցելել: Ջերմուկը պատահական եմ ընտրել: Ընկերներիս հետ եմ այստեղ ու բավական հագեցած ու աշխույժ օրեր ենք անցկացնում: Բուժման կուրսեր ենք անցնում, բժշկի ցուցումով առողջարար ջուր խմում, զբոսնում, սար բարձրանում, լուսանկարվում, լողավազանում լողում եւ մեր հյուրանոցի տանիքին արեւը վայելում: Բավական լավ ու բարձրակարգ սպասարկում է. այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել ենք, նաեւ մատչելի է: Այս կարգի հյուրանոցները Եվրոպայում ավելի թանկ արժեն: Շատ եմ ուզում Տաթեւի վանքում լինել, ճոպանուղի նստել. երբեք չեմ այցելել»,- եզրափակել է մոդելը:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լյուսի Հայրապետյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: