×


Սոֆի Դեւոյանը 71-ամյակը տոնում է Քովիդ-19-ից ապաքինվելով եւ ընտանեկան ջերմ մթնոլորտում

Պարուհի, պարուսույց, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանն այսօր դառնում է 71 տարեկան։ Նրա տարիքը կարող ենք հասկանալ միայն նրա գործունեությանը ծանոթ լինելով, այլապես տեսքից կռահել դա չի ստացվում։ Անցած տարի արտիստուհին մեծ շուքով եւ շքեղ միջոցառմամբ նշեց իր հոբելյանը, այս տարի տարեդարձը լիովին տարբերվում է վերջինից. վարակվել է կորոնավիրուսով եւ տոնական օրը կանցկացնի միայն ընտանիքի հետ։

Սոֆի Դեւոյանի հետ զրուցել ենք հիվանդության, համաճարակային իրավիճակի, վերջին ճամփորդության եւ, իհարկե, լավատեսության մասին։

- Մեծ շուքով նշեցիք Ձեր 70-ամյակը, այսօր ինչպե՞ս եք տոնում։

- Հիանալի համերգ էր, եւ որեւէ մեկի մտքով այն ժամանակ չէր անցնում, որ այս տարի կարող է նման իրավիճակ լինել: Այսօր միայն ընտանիքի անդամներով ենք։

Ճիշտն ասած՝ ես ոչինչ չէի ուզում անել, բայց երեկ հարսս՝ Զառան, եկավ տուն լեփ-լեցուն տոպրակներով, աշխարհի ամենահամով մրգերով, տղաս էլ ուզում է ինքն իր ձեռքով խորոված անել, եւ ընտանիքով նշենք։

Սոֆի Դեւոյանը


- Ցավոք, կորոնավիրուսը Ձեզ էլ չշրջանցեց, ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա։

- Շատ զգույշ էի, տնից դուրս չէի գալիս, բայց իմ տան աշխատողն ինձ վարակեց: Գուցե լավն էլ հենց դա է, որ հիմա հիվանդանամ։ Կարծում եմ՝ հաղթահարելու հարցում ինձ օգնում է այն, որ զբաղվում եմ պարով։ Արդեն պետք է դեպի ապաքինում գնամ. 20 օր է անցել։

Սկզբում՝ 8-10 օր, միայն որովայնի, մեջքի եւ գլխի ցավեր ունեի, բայց ոտքի վրա էի, ամեն ինչ անում էի նախկինի պես, բայց հետո զգացի, որ թուլացա, եւ բժիշկն ինձ խորհուրդ տվեց հակաբիոտիկ խմել, որն էլ արեցի։ Երեկ կրկին զննում անցա. ամեն ինչ նորմալ էր։ Ես ամեն դեպքում աշխատում էի շարժման մեջ լինել, դժվար էր շատ, որովհետեւ այս հիվանդությունն ընկճվածություն է առաջացնում, բայց ես լավատես մարդ եմ։ Ուզում եմ բոլորին ասել, որ չհուսահատվեն, շատ շարժման մեջ լինեն, որովհետեւ շարժումն իրոք օգնում է թե՛ թոքերին, թե՛ ընդհանրապես օրգանիզմին։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել. շատ մարդիկ իմ հիվանդության օրերին գրեցին եւ ոգեւորեցին, ինչն ինձ շատ օգնեց։ Շնորհակալ եմ վերաբերմունքի եւ ուշադրության համար։ Բոլորին առողջություն եմ մաղթում. այս պահին մարդկության համար ամենակարեւոր բանն է։ Եթե լինենք առողջ, մնացած ամեն ինչ կստեղծենք ու կանենք։

- Ինչպե՞ս կարողացաք պահպանել լավատեսությունը։

- Ես չեմ ուզում, որ մարդիկ հուսահատվեն. պետք է կարողանաս ապրել այսօրվա կյանքով, որովհետեւ աշխարհը փոխվում է եւ փոխվել է, եւ ես՝ այս տարիքիս, պետք է կարողանամ ընկալել այլ աշխարհ, պետք է մտածեմ այսօրվա երիտասարդների նման։ Մոտեցումը փոխվել է, իսկ ինչպիսի՞ն կլինի այս նոր աշխարհը, ոչ մեկս դեռ չգիտենք։

Պետք է ապրենք այն հույսով, որ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու, եւ չպետք է թույլ տանք, որ մեր ապագա սերունդը տեսնի այն, ինչ հիմա կատարվում է, եւ որ նրանք ապրեն ավելի լավ պայմաններում։

Իմ թոռնիկը՝ Սոֆին, մեզ շատ ոգեշնչեց։ Նա սովորում է Մոսկվայի «ԳԻՏԻՍ» ինստիտուտում, երբ սկսվեց համաճարակը, եկավ Երեւան, եւ ճանապարհները փակվեցին, բայց իր գալը շատ իմաստալի էր, քանի որ բոլորիս ոգեւորեց իր նոր գործունեությամբ. նոր բրենդ է ստեղծել, շապիկների վրա նկարում է, երկար աշխատանք է տանում եւ գեղեցիկ արդյունք ստանում։ Բրենդի անունը դրել է «Թույն», հետաքրքիր մտահղացում ունի նաեւ տուփերի հետ կապված, օրինակ՝ շապիկները լինելու են «բանկաների» մեջ։ Իհարկե, նաեւ պարապում է առցանց, քանի որ Մոսկվայում իրենց դասերը սկսվել են։

Սոֆի Դեւոյանը՝ թոռնուհու հետ


- Հիվանդության օրերին մեկուսացած եք եղել, եւ Ձեր ընտանիքի անդամները կարողացել են զերծ մնալ վարակից, իսկ ինչո՞վ էիք զբաղվում դրանից առաջ՝ այս մեծ դադարի ընթացքում։

- Պատկերացրեք՝ օրս շատ աննկատ է անցնում։ Մինչեւ հիվանդանալս, մենք ամեն օր ամբողջ ընտանիքով 4-5 կիլոմետր քայլում էինք՝ մեր շների ուղեկցությամբ, արդեն ավանդույթ էր դարձել մեզ համար։ Միասին նախաճաշում եւ ճաշում էինք, խաղեր էինք կազմակերպում, ֆիլմեր էինք դիտում. բոլորս զարմացել էինք։ Օրերը շատ հետաքրքիր էին անցնում, որովհետեւ առաջվա գերզբաղված կենցաղում դրա կարիքը բոլորս ունեինք, բայց չէինք զգում, որ պակասում է։ Երբ վերադառնանք հին կյանքին, կարծում եմ՝ մարդիկ շատ կկարոտեն այս շփումը միմյանց հետ։ Վատի մեջ էլ ինչ-որ լավ բան կա։

- Ձեր կյանքի մասն են կազմում նաեւ Ձեր աշակերտները, զգո՞ւմ եք նրանց հետ շփման պակասն այս օրերին։

- Իմ բոլոր 11 դպրոցները փակ են, ծնողները վախենում են երեխաներին դասերի բերել։ Բայց ինչքա՞ն կարող են երեխաները տանը նստել. մեծ հույս ունեմ, որ սեպտեմբերին բոլորը կմտնեն հունի մեջ: Շատ հետաքրքիր մանկական ծրագրեր ունեմ եւ ցանկանում եմ անպայման իրականացնել։ «Պարի եւ հոգու թատրոնի» հետ կապված ծրագիր ունեի, երեխաների հետ էլ հետաքրքիր ներկայացումներ պետք է բեմադրեի։ Հուսով եմ՝ երեխաներն էլ են շատ կարոտել։

- Շարունակում էիք դասերը համացանցային տարբերակով։

- Այո, բայց համարում եմ, որ պարի համար լավ տարբերակ չէ. պետք է մոտենաս երեխային, ոտքն ուղղես, ձեռքն ուղղես, առանց շփման շատ դժվար է։ Ինչքան էլ ցույց տաս շարժում, նա էլ կրկնի, միեւնույն է՝ իրական շփումը, այն նրբությունն ու վերաբերմունքը, որ նվիրում ես նրան, ոգեշնչում է եւ շատ կարեւոր է: Դու գովում ես նրանց, կամ էլ ասում՝ չստացվեց, բայց դու ուժեղ ես եւ պետք է հաղթահարես, չէ՞ որ դրանք կյանքի փոքրիկ դասեր են, որոնք իրենց օգուտ են տալիս ոչ միայն պարի հարցում, այլ ընդհանրապես։

Նպատակ ունեմ Մոսկվայում եւս դպրոցներ բացել, որովհետեւ ցանկանում եմ, որ այնտեղ էլ հայկական պարը շատ ավելի զարգանա։

- Այսօր մարդկանց վախերն ու խուճապը շատ է. ի՞նչ եք կարծում, դա դեպի դրակա՞ն, թե՞ բացասական աշխարհ կտանի։

- Այս ամենը հենց այնպես չի, հավանաբար. մարդիկ երեւի շատ չափերն անցան, շատ խառնվեցին բնությանը, պետք էր մի քիչ բնությանը մոտ լինել։ Այս ամենն ինչ-որ կերպ կչարացնի մարդկանց, որովհետեւ շատերը զրկվեցին աշխատանքից, շատերը չգիտեն՝ ինչպես պիտի շարունակեն ապրել։ Շատ-շատ բաներից հիմա պետք է մարդիկ իրենց զրկեն: Առաջ ինչ-որ բան գնելը հեշտ էր թվում, կարող էիր ճամփորդել, մարդիկ ավելի անհոգ էին ապրում, քանի որ տեղաշարժվելու խնդիր չունեին: Կարող էր գնալ ուր ուզում ես, տեսնել ինչ ուզում ես, եւ մեկ էլ փակվում ես «բանտում» եւ պետք է հաղթահարես՝ առանց իմանալու, թե ինչ է սպասվում քեզ։

- Դուք երեւի աշխարհի բոլոր երկրներում շրջագայել եք, կարոտո՞ւմ եք ճամփորդությունները։

- Ինձ պակասում է շփումը, հպումը։ Երբեք չեմ մտածել այդ պակասի մասին, միշտ իմացել եմ, որ յուրաքանչյուր պահ կարող եմ նստել ինքնաթիռ եւ տեսնել Փարիզում գտնվող իմ մտերիմներին, պարուհիներին, որոնք այնտեղ են ապրում։ Երբ վերջերս խոսեցի Փարիզում ապրող ինձ մտերիմ մարդկանց հետ՝ հասկացա, որ ինչ-որ մի բան կտրվել է, որ ես հիմա չունեմ այդ հնարավորությունը իրենց տեսնել եւ շփվել։ Հասկացա, որ մենք շատ սովոր ենք իրար դիպչելու, ձեռքով բարեւելու։ Ճապոնիայում, օրինակ, այդ հարցում շատ զգույշ են. ձեռքով չեն բարեւում, իրարից հեռավորություն են պահպանում, դե, ուրիշ մշակույթ է։ Մենք շատ ջերմ ենք, եւ այսօր ես դրա կարիքը զգում եմ եւ մտավախություններ ունեմ ապագայի հետ կապված, սակայն հույսս չեմ կտրում։ Ասում են՝ երբ ինչ-որ բան շատ վատ է, դրանից հետո շատ լավ է լինում ամեն ինչ։

- Վերջին անգամ հենց Փարիզ էիք մեկնել։

- Մենք գնացինք Իտալիա, գեղեցիկ ժամանակ անցկացրինք, իսկ հետո մեկնեցինք Փարիզ. շատ էի ուզում ներկա գտնվել իմ պարուհու՝ Ինեսսայի հարսանյաց հանդեսին։ Հանդիպեցի իմ մտերիմներին, մասնակցեցի հարսանիքին, վերադարձանք Հայաստան, եւ հետո սկսվեց այս ամենը։

Սոֆի Դեւոյանն՝ իր պարուհու հարսանիքին՝ Փարիզում (Լուսանկարը՝ Ռուբեն Պապոյանի)


Առհասարակ, Փարիզն իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է։ Առաջին անգամ 1969թ.-ին ոտք դրեցի Փարիզի օդանավակայան. մինչ այժմ ես այդ հոտը հիշում եմ։ Երբ մտա Փարիզ, հասկացա, որ երեւի անցյալ կյանքում ես այդտեղ եմ ապրել, ինձ համար ամեն ինչ շատ հարազատ էր, միգուցե շատ էի կարդացել ֆրանսիական գրականություն, նաեւ դա էր այդպիսի զգացողություն առաջացնում։ 10 անգամ եղել եմ Փարիզում, հատուկ քաղաք է ինձ համար, չնայած՝ տարիների ընթացքում Փարիզի արտաքին կերպարը շատ փոխվեց։ Առաջ երբ մտնում էի այդ քաղաք, միանգամից երեւում էր՝ որ գույներն են նորաձեւ, քանի որ ֆրանսուհիները շատ էլեգանտ էին հագնված, հիմա դա էլ է փոխվել, Փարիզն ավելի սեւ է դարձել, շատերը սեւի մեջ են, շքեղությունը, որ կար առաջ, հիմա չտեսա։

Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոֆի Դեւոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին