×


Հայկական ֆիլմերի սիրային դրվագները՝ մեկ հոլովակում

Հայկական (կուզեք՝ խորհրդահայկական) ֆիլմերում գտնել հերոսների սիրահարվելու ակնթարթն ու դրանք զետեղել մեկ հոլովակում՝ ժամանակակից երաժշտությամբ. գուցե դժվար է պատկերացնել, սակայն երիտասարդ կինոօպերատոր Արեգ Կոզմոյանն արդեն իրագործել է այս խենթ գաղափարը:

Հոլովակի հեղինակը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ միտքը ծնվել է անսպասելիորեն՝ ժամանակակից մի երաժշտություն լսելիս.«Ինձ հետաքրքիր թվաց ժամանակակից երաժշտությունը հին կադրերի հետ համադրելու միտքը. Այդ կոնտրաստը կարծես թարմություն հաղորդի հին կադրերին։ Երաժշտությունը, որ ոգեշնչեց ինձ, վերջնական տարբերակում չեմ օգտագործել, սակայն առաջինը հենց այդ երգի հիման վրա էր: Հետո եւս մի քանի տարբերակ փորձեցի ու արդյունքում ստացա այն, ինչն այսօր կարող եք տեսնել»։

Մոտ հինգ րոպե տեւողությամբ հոլովակի պատրաստմանը, պարզվում է, Արեգը տրամադրել է բավական երկար ժամանակ.«Սկսելու օրից մի ամիս է անցել, բայց քանի որ իմ հիմնական աշխատանքը չէ, ամեն օր չէ, որ ժամանակ եմ տրամադրել։ Աշխատանքային ամբողջ գործընթացը մոտ 70-80 ժամ է տեւել։ Ներառել եմ 54 ֆիլմ ու փորձել գտնել դրանց հնարավորինս լավ որակի տարբերակները։ Ցավոք, հայկական կինոժառանգության թվայնացումն այն մակարդակի չէ, ինչ ես կուզեի տեսնել, իսկ եղածի անհասանելիությունը լուրջ խոչընդոտ է։ Շատերը հիմա ցանկություն ունեն դիտել այս տեսանյութում տեղ գտած ֆիլմերը, սակայն համեմատաբար լավ տարբերակները հեշտ հասանելի չեն. Յութուբի տարբեր ալիքներում տեղ գտած ֆիլմերն էլ որակապես այնքան վատն են, որ դիտելու ցանկությունն արագ վերանում է»։

Արեգ Կոզմոյանը


Հեղինակի խոսքով՝ 2007թվականից սկսած, երբ ընդունվում էր Թատերական ինստիտուտ, հասցրել է դիտել ներառված բոլոր ֆիլմերը, եւ չնայած, որ ժամանակի ընթացքում շատ բաներ մոռացվում են, պարբերաբար վերանայել է, քանի որ միշտ հին երեւանյան կադրեր է փնտրում՝ դրանք վերակենդանացնելու համար:

View this post on Instagram

A post shared by Երևանյան խրոնիկա (@yerevan_chronicles) on



«Մասնագիտությամբ կինոօպերատոր եմ. աշխատանքս կապված է նկարելու եւ վիդեոմոնտաժի հետ: Սկզբից «GIF»-եր էի սարքում՝ հայկական ֆիլմերի տեսարաններով ու երեւանյան փողոցներով, հետո որոշեցի նոր բան փորձել՝ վերստեղծել այդ կադրերի ձայնը։ Խնդիրն այն է, որ այդ տեսանյութերի մեծամասնությունը չունեն իրենց բնական «աղմուկը». եթե հատվածը ֆիլմից է, ապա հիմնականում երաժշտություն է, եթե «սովետական» ինչ-որ հաղորդումից է, ապա պատմողի արտակադրային ձայնն է, եւ այլն։ Սկսեցի մանրակրկիտ վերստեղծել ձայները՝ օրինակ, եթե մեքենա է անցնում փողոցով, փորձում եմ գտնել նույն մակնիշի մեքենայի շարժիչի ձայնը, քայլերի ձայները կատարյալ սինխրոնացնել եւ այլն։ Այս ամենից հետո տեսանյութերը սկսում են կենդանանալ, այդ նախագիծն անում եմ Ինստագրամում՝ yerevan_chronicles էջում»:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարը՝ Արեգ Կոզմոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին