×


Նարինե Աբգարյանը՝ հայրիկի հետ

«Պատերազմող սահմանում հայրս ազնվամորի է հավաքում, մայրս՝ լոբի եփում»․ Նարինե Աբգարյան

Գրող, բլոգեր Նարինե Աբգարյանը, ով ապրում եւ ստեղծագործում է Ռուսաստանում, ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում անկեղծ գրառում է կատարել սահմանին տիրող իրավիճակի եւ հոր հետ իր հեռախոսազանգի մասին, որը մեծ ուշադրության ու հավանումների է արժանացել։ Նշենք, որ Նարինեն ծնվել ու մեծացել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, որտեղ էլ այժմ ապրում են նրա ծնողները: 

«Իմ հարցին, թե ինչպես են գործերը, հայրս ուսերն է թափ տալիս․

- Առավոտ վաղ գնացի հողամաս, ազնվամորի ու դեղին լոբի բերեցի։ Մայրդ ազնվամորին սառեցրեց․ մուրաբա արդեն պատրաստել է։ Դե, իսկ լոբին կեփի, կուտենք սխտորի սոուսով։

- Կրակոցների ձայները Բերդում լսվո՞ւմ են։

- Աղջիկս, ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր։ Մենք երբեք առաջինը չենք հարձակվում, բայց եթե իրենք սկսեն, թող իրենք իրենց մեղադրեն:

Պատերազմի նոր օջախ ունենք, կրկին մեր մարզում։ Արդեն մեկ օր է։ Գիշերվա կարճատեւ դադարից հետո հիմա շարունակում են հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ...

Տավուշցիների փակ խմբում արագ հարցումը համոզեց՝ մարդիկ հանգիստ են, լիովին վստահում են երկրի ղեկավարությանը, հավատում են իրենց բանակին։ Աղոթում են զինվորների համար։ Մենք մահեր չունենք, եւ տա Աստված՝ չունենանք։


Այնտեղ՝ պատերազմող սահմանագոտում, հայրս ազնվամորի է հավաքում, իսկ մայրս դեղին լոբի է եփում։

Ազնվամորի, լոբի, թավա, որն արդեն ավելի քան երեսուն տարեկան է, եւ հայրիկի հանգիստ ձայնը՝ «Աղջիկս, մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի»։ Այսպիսին է ահա կյանքը»,-գրել է նա:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը/BRAVO.am/
Լուսանկարները՝ Նարինե Աբգարյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին