×


«Հայերեն խոսել սովորեցրել է հայրս». Հովիկ Կեուչկերյանը՝ հայի մարմնավորելու, «Թղթե տան» ու հայրենիք այցի մասին

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանում շատերը դիտեցին ու պարզապես սիրահարվեցին իսպանական «Թղթե տունը» սերիալին: 3-րդ եթերաշրջանից հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ, քանի որ հայտնի կողոպտիչների թիմին միացավ Բոգոտայի դերակատար Հովիկ Կեուչկերյանը:



Դերասանական կարիերան 38 տարեկանում սկսած նախկին բռնցքամարտիկը, որը նաեւ գրող է ու սթենդ ափ ժանրում է հանդես եկել, այս օրերին Հայաստանում է՝ նկարահանվելու Արման Նշանյանի «Փիփլ Օֆ Ար» ընկերության նոր ֆիլմում:

Կեուչկերյանին հանդիպել չհաջողվեց. հրավիրող կողմը որոշեց միայն մի հեռուստաընկերության այդ հնարավորությունը տալ: Ուստի դերասանը մամուլի հետ կապերի պատասխանատուի միջոցով գրավոր պատասխանել է մեր հարցերից որոշներին:

Կեուչկերյանը պատմել է, որ չնայած ամբողջ աշխարհում «Թղթե տունը» սերիալի նկատմամբ մեծ հետաքրքրությանն, այն դիտել է նկարահանվելու առաջարկից հետո միայն: Բայց քասթինգին մասնակցելուց առաջ հասցրել է 2 անգամ դիտել ու շատ է տպավորվել.

«Նոր հերոսները հեշտությամբ են լեզու գտել առաջին ու երկրորդ եթերաշրջաններում նկարահանված դերասանների հետ: Աշխատանքն ընթացել է շատ ջերմ մթնոլորտում, ու մի մեծ ընտանիքի պես ենք եղել»:


Բոգոտան, ինչպես նրան ճանաչում են ամբողջ աշխարհում, տպավորված է Հայաստան կատարած իր այցով ու հայրենիքում ստացած ջերմության մեծ չափաբաժնով.

«Աննկարագրելի երկիր է՝ հրաշալի մարդկանցով: Հայաստանում ամենաշատը սիրել եմ մարդկանց ու կերակուրները: Իհարկե, հարգում եմ հայերի պատմությունը, եկեղեցիները, ինքս հասցրել եմ լինել Խոր Վիրապում, սակայն հենց մարդկանց ու ուտեստները չեմ կարող չառանձնացնել»:

Կեուչկերյանը խոստովանում է, որ իր իսպանուհի մայրն էլ հաճախ է հայկական կերակուրներ պատրաստել. հատկապես նշում է տոլման: Այդ ամենում, իհարկե, մեծ ավանդ ունի տատիկը, որը հարսին է փոխանցել իր խոհանոցային գիտելիքները:


Լիբանանում ծնված ու Իսպանիայում մեծացած դերասանին հայերեն հայրն է սովորեցրել: Նա յուրահատուկ գեղեցիկ բարբառի է տիրապետում, որն այնքան հատուկ է սփյուռքահայերին:

Առաջին անգամ հայի կերպար կերտում է «էմմի»-ի մրցանակակիր դերասան, ռեժիսոր Մայքլ Գուրջյանի ֆիլմում, պրոդյուսերն Արման Նշանյանն է: Աշխատանքային «Նոր հայ» անվանմամբ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, նախատեսվում է, որ այն կցուցադրվի 2021 թվականին:

«Գործակալներս հայտնեցին, որ հայկական ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, սցենարին ծանոթանալուց հետո անմիջապես կապվեցի Գուրջյանի հետ: Վերջինս նաեւ ֆիլմի սցենարի հեղինակն է, համապրոդյուսերը եւ գլխավոր դերակատարներից մեկը: Համաձայնությունս տվեցի ու ֆիլմում մարմնավորում եմ հայ տղամարդու կերպար: Դեպքերը տեղի են ունենում խորհրդային տարիներին, երբ Ստալինը Հայաստան վերադառնալու կոչով էր դիմել: Ֆիլմը հայկական է, սակայն այն կհետաքրքրի բոլորին՝ անկախ ազգությունից: Կարծում եմ՝ այն կսիրվի, քանի որ հույսի ու պայքարի պատմություն է ներկայացնում»:


Նշանյանն այս անգամ նախընտրել է կադրից դուրս մնալ, քանի որ կերպարային առումով խորհրդային տարիներին իրեն պարզապես չի տեսնում: Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորել են նաեւ Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Ժան-Պիեր Նշանյանը, Նարինե Գրիգորյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը ու այլք:

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ «Փիփլ Օֆ Ար»-ի եւ համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW