Մառա Սարուխանյանի ավագ դուստրը՝ Ալեքսանդրան, օրերս դարձել է 3 տարեկան: Ծնողներն իսկական տոնի են վերածել աղջկա օրը՝ բացօթյա խնջույք նախաձեռնելով, իսկ հյուրերի թվում է եղել դերասանուհի-հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը: Միջոցառման լուսանկարները Մառան տրամադրել է BRAVO.am-ին, պատմել դստեր երազանքի, Հայաստան տեղափոխվելու եւ ամուսնու հետ հարաբերությունների մասին:
«Ալեքսանդրայի ծննդյան օրը հատուկ նշանակություն ունի ինձ համար. 3 տարի առաջ այդ օրն իմ կյանքն ամբողջովին փոխվեց: Նրա ծնունդը կյանքիս նոր իմաստ հաղորդեց, ուստի վեր եմ դասում բոլոր այլ առիթներից: Համավարակի պատճառով խնջույքը չկարողացանք մանկական սրճարանում կազմակերպել. բացօթյա ռեստորանում նշեցինք», - պատմել է Մառան:
Մառա Սարուխանյանն՝ ամուսնու եւ դստեր հետ
Իրականացրել են աղջկա ցանկությունը.«Շատ էր երազում պոնիի թեմատիկայով տարեդարձի մասին: Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչքան ուրախ էր, երբ առավոտյան տեսավ իր սենյակի զարդարանքն ու նվերները: Ես եւ ամուսինս երջանիկ ենք, երբ երջանիկ են մեր բալիկները. աշխատում ենք ամեն ինչ անել նրանց համար»:
Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին մեկ տարի է՝ ընտանիքով ապրում է հայրենիքում.«Մեզ համար չկա ավելի հարազատ վայր, քան մեր Հայաստանն է: Այստեղ մենք լիակատար երջանիկ ենք եւ մի վայրկյան չենք երկմտել մեր որոշման հարցում: Այստեղ ամեն ինչ այնքան հարազատ է. ուզում եմ՝ մեր օրինակով մեր երեխաներն էլ սիրեն իրենց լեզուն, քաղաքը, պատմությունը: Մեկ տարի առաջ Ալեքսանդրան վարժ խոսում էր ռուսերեն, բայց հիմա նախընտրում է հայերենը, ինչի համար միայն ուրախ եմ»:
Մառա Սարուխանյանը՝ կրտսեր դստեր հետ
Այս շրջանում Մառան ողջ ժամանակը տրամադրում է երեխաների խնամքին: Ասում է՝ առաջին տեղում ընտանիքն է.«Առաջիկայում չեմ ծրագրում աշխատել, բայց ինձ համար փնտրում եմ հետաքրքիր զբաղմունքներ: Երբ զգամ, որ կարող եմ թեկուզ նկարահանումը համատեղել ընտանիքիս հետ, գուցե աշխատեմ»:
Խոսել է նաեւ ամուսնու մասին.«Նա ինձ համար նաեւ ընկեր է: Միշտ ասում է, որ ուզում է ինձ լիակատար երջանիկ տեսնել, եւ դրա համար ջանք չի խնայում: Մենք ամեն ինչ միասին քննարկում ենք, խորհուրդ հարցնում: Նա չափից դուրս բարի սիրտ ունի եւ ամեն ինչ անում է բոլորիս երջանկության եւ ապահովության համար: Վստահեցնում եմ՝ լավ ամուսին ունենալը մի բան է, իսկ ամուսին, ով նաեւ քո ընկերն է, կատարյալ երջանկություն»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մառա Սարուխանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: