×


Մարիա Հունանյան. Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ շներին աշխարհում ամենաշատն եմ սիրում

Աշտարակի դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիա Հունանյանի խաղը մեկ անգամ դիտելուց հետո դեռ երկար չես կարողանում մոռանալ նրան: Bravo.am-ի «Բացահայտում» շարքում ծանոթացել ենք երիտասարդ դերասանուհու ու նրա մասնագիտական նախասիրությունների հետ:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Առաջինը կնշեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը, որն իսկապես մեծ ազդեցություն է թողել ինձ վրա: Աղոթագիրքը կարդացել եմ կյանքի այն ժամանակահատվածում, երբ ամենաշատը դրա կարիքն ունեի ու այն իսկապես բժշկելու կարողություն ունի: Հաջորդը թույլ տվեք իմ ամենասիրելի ֆիլմը նշել՝ Լարս ֆոն Թրիերի «Խավարում պարողը», դիտածս երբեւէ ամենահուզիչ եւ էմոցիոնալ ֆիլմը, որը միշտ մնում է հիշողությանդ մեջ: 3-րդ գործը Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» գիրքն է, որն յուրաքանչյուր ընթերցասեր գոնե մեկ անգամ պետք է կարդա: Ինչո՞ւ գոնե մեկ։ Որովհետեւ այնքան մանր դետալներ կան, որոնք մեկ անգամ կարդալով՝ չես նկատի: Իմ ընթերցացանկի ամենատպավորիչ գրքերից է: 


- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։

- Նկատել եմ, երբ որպես հանդիսատես եմ գնում թատրոն, շատ տարօրինակ տեսք կարող եմ ունենալ կողքիս նստած մարդու համար, քանի որ բեմում գտնվող դերասանի յուրաքանչյուր էմոցիան կարծես պատճենվում է իմ դեմքին (ծիծաղում է,-հեղ.): Ես իսկապես դերասանին հավասար բոլոր էմոցիաները կիսում եմ եւ կարող եմ շատ տարօրինակ ու ծիծաղելի տեսք ունենալ: Բայց կցանկանայի, որ նման հանդիսատես իմ մասնակցությամբ ներկայացումների ժամանակ էլ ունենայի (ծիծաղում է,-հեղ.):

- Դերասանի մասնագիտությունն ընտրելու կարեւոր շարժառիթները:

- Ամենակարեւոր բանն ինձ համար այն է, որ, դերասանի մասնագիտությունն ընտրելով, ավելի ես մոտենում ինքդ քեզ, ավելի լավ ես սկսում ճանաչել քեզ, բացվում ես այն կողմերով, որոնց մասին չէիր էլ մտածի, որ ունես: 

- Ի՞նչ է փոխանցում այս մասնագիտությունը, որ ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ ստանալ:

- Ահռելի քանակությամբ էներգիա, եւ խոսքս միայն լավ էներգիայի մասին չէ (ծիծաղում է,-հեղ.): Կարողություն հուզելու, զվարճացնելու, ապրումակցելու մարդկանց: Ստեղծում է մի անտեսանելի կապ քո եւ անծանոթ մարդու միջեւ, որը երկուսիդ էլ թույլ է տալիս շատ բաներ հասկանալ: Եվ, իհարկե, ներքին գոհունակություն, երբ կարողանում ես հանդիսատեսի ներսում ինչ-որ մի բան փոխել կամ մի լույս վառել:  


- Բեմ դուրս գալու հետ կապված ապրումները:

- Ամեն անգամ առաջին անգամվա պես լարվում եմ: Ես դեռ նոր եմ այս ասպարեզում, բայց մանկական ներկայացումները, որն օրվա մեջ մի քանի հերթափոխով ենք խաղում, նույնիսկ դրանցից առաջ լարվածությունը կա, ինչը, կարծում եմ, բնական է, մանավանդ, որ փոքրիկ հանդիսատեսն ամենախստապահանջն է։ 

- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:

- Թատրոնում իսկապես հանգստանում եմ, կարող եմ դուրս հանել կուտակված վատ էմոցիաներս եւ երեխաներից ահռելի դրական էներգիա եմ ստանում, ինչը շատ է օգնում թե կյանքում, թե բեմում:

- Ձեր 3 ամենասիրելի դերերը:

- Առաջին տեղում կնշեմ Գոռ Մարգարյանի «Մեղրի համը» ներկայացման մեջ Ջոյի կերպարը: Նույնիսկ կարող եմ ասել՝ երազանքի դեր է, քանի որ որպես դերասանուհի ինձ թույլ է տալիս երեւալ ամբողջ գունապնակով: Շատ խորը եւ հոգեբանական ներկայացում է, որը յուրաքանչյուր դեռահաս եւ դեռահասի ծնող պետք է դիտի:

Երկրորդն իմ առաջին ֆիլմի հերոսուհին է՝ Լիլիթը, ամերիկահայ ռեժիսոր Դերան Սարաֆյանի «Մեր լավագույն օրերը» ֆիլմում: Լիլիթի կերպարը բոլորովին կապ չուներ ինձ հետ, բայց, այնուամենայնիվ, նրա մեջ հոգեհարազատ բաներ գտա, ինչն էլ թույլ տվեց շատ սիրել նրան: Իսկ վերջինը մանկական ներկայացումից նշեմ՝ «Տերն ու Ծառա»-ում Ծաղրածուի կերպարը: Այն Վիգեն Ստեփանյանի բեմադրությունն է, իսկ ռեժիսորը՝ Սարգիս Շողունցը: Այն մյուս խաղացածս կերպարներից շատ է տարբերվում իր խառնվածքով, էներգիայով, ազատությամբ եւ հենց դա է ինձ դուր գալիս: 


- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

- Դժվարը փնտրտուքների շրջանն է, երբ ամեն բան դեռ հում է եւ պետք է քանդակագործի նման զրոյից կերտես կերպարդ: Շատ երկար ու դժվար պրոցես է, բայց եւ այնպես՝ ինձ համար հենց ամենահաճելին, քանի որ այդ ժամանակ ես շատ բաներ բացահայտում կերպարիդ ու ինքդ քո մասին: 

- 3 ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:

- Ինգմար Բերգման, Ժան-Լյուկ Գոդար, Դեյվիդ Ֆինչեր:

- 3 թատրոն, որ գերել են Ձեզ:

- Առաջինը կնշեմ հենց Աշտարակի դրամատիկական թատրոնը, որտեղ աշխատում եմ, քանի որ այն շատ նոր ու ժամանակակից է իր դերասանական եւ ռեժիսորական կազմով,  կատարած ներկայացումներով: Մյուսները Համազգային եւ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոններն են: 

- Արվեստով զբաղվելու ամենագեղեցիկ հատկությունը:

-Ստեղծագործելու եւ ազատ զգալու կարողությունը:

-Դերասանուհիներ, որոնց կցանկանաք մարմնավորել նրանց կենսագրական ֆիլմերում:

- Օդրի Հեփբըրնին:



Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Մարիա Հունանյան (@mariahunanian)



- Ձեր սիրելի դերասանների որակները, որոնք կուզեիք Դուք էլ ունենալ:

- Կուզեի չվախենալ իմպրովիզացիաներ անել եւ դա ինձ հնարավորություն կտա ավելի ազատ լինել բեմում: Կարծում եմ, որ ժամանակի եւ փորձի հետ ամեն բան իր տեղը կընկնի (ծիծաղում է,-հեղ.):

- Ձեր սերնդի հայ ու համաշխարհային լավագույն դերասանները:

- Համաշխարհային դերասաններից՝ Էմմա Սթոուն, Զենդայա, Թոմ Հոլլանդ: Հայերից՝ Տաթեւ Հովակիմյան, Հռիփսիմե Նահապետյան, Արման Մաթեւոսյան:

- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը։

- Այդքան էլ չեմ նախընտրում, շոգի հանդեպ դիմացկունություն չունեմ (ծիծաղում է,-հեղ.): Ավելի շատ նախընտրում եմ գարունը, երբ ամեն ինչ նոր է ծաղկում եւ կարծես էլ ավելի շատ ես ուզում ապրել: 

- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ։

-Ամեն ամառ անպայման պիտի այցելեմ իմ ծննդավայր՝ Սիսիան եւ վայելեմ տատիկիս ու պապիկիս մշակած այգու բերքերն ու բնությունը:


- Ինչպե՞ս է ամառը ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա։

- Սովորաբար ամռանը մարդիկ ուզում են հանգստանալ եւ դրանից փոքր-ինչ տուժում է ստեղծագործելու ցանկությունը: Ես, ընդհակառակը, չեմ սիրում ամռանը ոչինչ չանել եւ միշտ մի բան գտնում եմ, որպեսզի աշխատեմ ու ստեղծագործեմ: 

- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը։

- Կարծում եմ՝ ծովի ափին: Աշխարհի ամենահանգիստ ու գեղեցիկ տեղն է:

- Մոլորակի վրա ամենալավ տեղը:

- Քո տունը (ծիծաղում է,-հեղ.):

- 2 երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:

- Տխրելու համար՝ Չեթ Բեյքերի «Almost Blue»-ն, Ժակ Բրելի «Ne me quitte pas»-ը, ուրախանալու՝ Գլորիա Գեյնորի «I will survive»-ը, «KISS»-ի «I was made for loving you»-ը:

Երգացանկս շատ խառն է (ծիծաղում է,-հեղ.):

- Ովքե՞ր են Ձեր կյանքի կարեւոր մարդիկ:

- Ընտանիքս ու ընկերներս:

-  Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Ասեղնագործության արվեստին: Շատ եմ սիրում ասեղնագործ իրեր:


- Երեւանում Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի 3 վայրերը:

- Կասկադը, Թումանյանի ու Կոմիտասի անվան զբոսայգիները: Առհասարակ շատ եմ սիրում այգիներ ու բնություն:

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:

- Ամեն հնարավոր տեղից ուշանալու սովորությունից կուզեի ազատվել:

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Ես կնշեմ 3-ից ավել մարդկանց, իսկ ավելի ճիշտ՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոցում սովորող ուսանողներին, ինձ «Քրջի Bazzar» ներկայացման մեջ իրենց խաղով են գերել: Ներկայացումը նայելուց հետո դեռ երկար ժամանակ տպավորված էի ուսանողների խաղով, քանի որ իսկապես կարողացել էին ցույց տալ մարդ էակին իր բոլոր գույներով ու էմոցիաներով: Պարտադիր նայելու ներկայացումների շարքից է: 

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Երեւի կասեն, որ շներին աշխարհում ամենաշատն եմ սիրում (ծիծաղում է,-հեղ.):


- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Կպչուն մտքերից:

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել վերջին շրջանում:

- Մեկնեցի իմ երազանքի քաղաք՝ Փարիզ: 

- Ձեր երբեւէ ունեցած ամենագեղեցիկ ու քննարկված նկարը: 

- Ամենաքննարկված ֆոտոշարքը եղել է լուսանկարիչ Լիլի Ղազարյանի հետ համագործակցությունը: Փորձել էինք «Ամելի» ֆիլմի տրամադրությամբ ֆոտոշարք ստանալ: Հույս ունենք՝ ստացվեց ու սիրվեց: 


- Իսկ վերջին կադրը, որ արել եք ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ: 

- Վերջինը սա է:


-  Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:

- Բնություն ու մաքուր օդ:

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Ընտանիքիս: Օրհնված եմ, որ ունեմ իրենց:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Օդապարիկով թռչել:

-  Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ 10 տարեկանում:

- Ասել մայրիկին, որ դաշնամուրի դասերի փոխարեն ինձ վոկալի գրանցի: 


- Իսկ 80 տարեկանում ի՞նչ կասեք:

- Ապրել կյանքը նույն եռանդով:

- Ի՞նչ կա 2026-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Շատ ճամփորդել, արդեն մեկ երկրում հասցրել եմ։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Մարիա Հունանյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW