×


«Այն միայն աղջիկ փախցնելու մասին չէ». Լուսինե Քոչարյանը՝ Samuum-ի եւ «Ուկրաինայի ձայն»-ից հետո ունեցած խնդիրների մասին

«Կոլորիտային է, ուժեղ ու ոճային»՝ այսպիսի մեկնաբանությունների արժանացավ հայ-ուկրաինական «Samuum» խմբի նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Մարիա» երգի հիման վրա։ Թողարկվելուց անմիջապես հետո այն հայտնվեց հայկական, ուկրաինական եւ նույնիսկ բրիտանական մեդիաների ուշադրության կենտրոնում։ Հոլովակի պրեմիերան կայացավ բրիտանական հայտնի «CLASH magazine»-ի կայքում, որից հետո էլ երգին անդրադարձան նաեւ «Chimeo» եւ «Yorkshire Times» ամսագրերը։



Նշենք, որ «Սամում» խմբի համահիմնադիրն ու վոկալիստը Լուսինե Քոչարյանն է, ով դեռեւս երեք տարի առաջ հայտնի դարձավ ուկրաինական «Ձայնը» նախագծից։ BRAVO.am-ը Լուսինեի հետ զրուցել է նորաստեղծ խմբի, առաջին տեսահոլովակի, թողարկվելիք ալբոմի, ինչպես նաեւ ԱՄՆ մեկնելու եւ այնտեղ հաստատվելու պատճառների մասին։

«Լիովին վստահում ու հասկանում ենք միմյանց»

Պարզվում է՝ խմբի ստեղծման գաղափարը ծագել է դեռ հինգ տարի առաջ, երբ Լուսինեն ու Անդրանիկ Բերբերյանը՝ խմբի բասիստն ու տեսահոլովակի ռեժիսորը, հանդիպել են՝ քննարկելու եւ կիսվելու իրենց մտքերով։ Սակայն այդ ընթացքում Լուսինեն հասցրել է մեկնել Միացյալ Նահանգներ, այդ իսկ պատճառով նրանց համատեղ աշխատանքի արդյունքն այսօր է տեսանելի դառնում երաժշտասերներին:

«Հեռավորությունը չի խանգարում, որ միասին աշխատենք։ Մենք լիովին վստահում ու հասկանում ենք միմյանց, եւ հենց սկզբից էլ ամեն ինչ շատ հեշտ ու օրգանական է ստացվել։ Անդրանիկն այն ռեժիսորն է, որ եթե նույնիսկ այս նախագիծը չանեինք միասին, ես միեւնույն է՝ հենց նրան էի դիմելու տեսահոլովակների համար։ 150 տոկոսով վստահում եմ նրան ու նրա տաղանդին»,- ասում է Լուսինեն։

«Samuum» խմբի պաստառներից


«Ամեն մեկն իր պատմությունն է գտնում»

Ինչ վերաբերում է «Մարիա» երգի տեսահոլովակին, ապա այն աչքի է ընկնում հատկապես իր հետաքրքիր ու ինքնատիպ խորհրդանիշերով։ Կարելի է հղումներ գտնել Փարաջանովի, Քիարոստամիի, Խոդորովսկու 60-ականների եւ 70-ականների պսիխոդելիկ ֆիլմերին։ Խմբի անդամների խոսքերով՝ այն ձայնային մետաֆորա է, թե որքան փակ, կաշկանդված ու անազատ է իրեն զգացել մերձարեւելյան կինը՝ ավանդույթներով պայմանավորված կաղապարների պատճառով։ Հոլովակում հերոսուհուն գողանում են, որպեսզի ամուսնացնեն։ Աղջկան դա չի զարմացնում, ավելին՝ նա անտարբեր է։ Ագրեսիվ ավանդույթի հանդեպ զիջողականությունն էլ ստեղծում է տեսահոլովակի լարվածությունը։

Լուսինեն ասում է՝ վաղուց էին ծրագրել հոլովակը Հայաստանում նկարահանել, եւ այն, որ ինքը ներգրավված չի եղել այդ աշխատանքներում, պայմանավորված չէ ԱՄՆ-ում լինելու հանգամանքով. ի սկզբանե հենց այդպես էր որոշված.«Այն ժամանակ, երբ ամբողջ թիմը գնացել էր Հայաստան՝ հոլովակը նկարելու, ես այստեղից միշտ կապի մեջ եմ եղել բոլորի հետ։ Շատերը, հավանաբար, հասկանում են, որ երգն ու հոլովակը միայն աղջիկ փախցնելու մասին չեն։ Հետաքրքիր է, որ ամեն մեկն իր պատկերացումն ունի այդ հարցում, յուրաքանչյուրն իր պատմությունն է գտնում հոլովակը դիտելիս»։

Նրանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ արդյո՞ք տեսահոլովակի հիմքում եղած երեւույթներն այսօր դեռ այդքան արդիական են։ Լուսինեն միանգամից դրական պատասխան տվեց՝ նշելով, որ եթե նույնիսկ ուղիղ իմաստով դիտարկենք միայն աղջիկ փախցնելու փաստը, ապա անգամ ԱՄՆ-ում մինչեւ այսօր նման դեպքեր լինում են.«Խոսքն առհասարակ այն մասին է, որ մենք՝ հայերս, շատ բաներ պահում ենք մեր մեջ, ամբողջ էներգիան հավաքում ենք ու ծանրացնում մեր սիրտը։ Իսկ այն, թե ինչ սյուժեով եւ ինչպես ենք նկարահանել տեսահոլովակը, դա պարզապես մեր տեսակետն է, ինքնարտահայտման եւ մտքերը փոխանցելու միջոցը»։

Իսկ թե ինչպես ստացվեց, որ «Մարիա»-ի պրեմիերան բրիտանական «CLASH magazine»-ի կայքում եղավ, Լուսինե Քոչարյանը պատմում է, որ երգն ուղարկել էին տարբեր մարդկանց ու լրատվամիջոցների՝ սպասելով արձագանքի. «Նրանք էլ երեւի հավանեցին մեր աշխատանքն ու ներկայացրին իրենց կայքում։ Մենք շատ ուրախ ենք այդ առիթով»։

Լուսինե Քոչարյանը


«Մեկուկես տարի չկարողացա երգել»

Մեր զրուցակցին նաեւ հարցրինք, թե ինչպես է փոխվել իր կյանքն ու ստեղծագործական ուղին Ուկրաինայի «Ձայնը» նախագծին մասնակցելուց հետո։ Հատկանշական է, որ հաջող ելույթներից հետո Լուսինեին այլեւս չտեսանք նոր երգերով, տեսահոլովակներով ու համագործակցություններով, որ կարող էին լինել նախագծում ձեռք բերած կապերից ու հայտնիությունից հետո։ Սակայն ինչպես պարզվում է, նախագծի ավարտից կարճ ժամանակ անց մեկնել է ԱՄՆ՝ առողջական խնդիրների պատճառով եւ մեկուկես տարի այլեւս չի կարողացել երգել.«Դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ ես պետք է կարողանայի օգտագործել հաջողության այդ ալիքը։ Բայց, ցավոք, դադարեցի երգել։ Այդ մասին դեռ չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, բայց որոշել եմ, որ առայժմ այստեղ եմ մնալու»,- նշեց նա։

«Նոր հոլովակները ներկայացնում են մեր հոգեվիճակը»

Լուսինեն նաեւ հավելեց, որ շուտով թողարկվելու է իրենց դեբյուտային ալբոմը։ Այն սկզբում կներկայացվի EP-ի տեսքով՝ ընդգրկելով չորս-հինգ երգ, այնուհետեւ կթողարկվի ամբողջական տարբերակը։ Ալբոմը հայկական էթնոէլեկտրոնիկ, փանք, փսիխոդելիք հիփ-հոփի խառնուրդ է լինելու։ Այս տարվա ընթացքում «Samuum»-ը պլանավորում է թողարկել եւս 2 տեսահոլովակ.«Կան պատմություններ, որոնք հորինված են, տեսանյութեր, որոնք նկարահանված են գեղեցկության համար։ Իսկ այս տեսահոլովակները ներկայացնում են մեր հոգեվիճակը, այն, թե ինչպես ենք զգում ու տեսնում այս աշխարհը։ Եթե ինչ-որ մեկին դա հետաքրքիր է, ապա դեռ կա ինչ-որ բան մեզնից լսելու եւ տեսնելու»,- եզրափակեց նա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Samuum»-ի եւ Լուսինե Քոչարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW