×


«Տանը փակված էի շատ երկար ժամանակ». Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան այս շրջանում ներկայանում է իր համար նոր ձեւաչափում. յութուբյան տիրույթում հեռարձակվող հումորային նոր ծրագրի հաղորդավարուհին է: Նա BRAVO.am-ին պատմել է վերջին ամիսներին իր փոխված առօրյայի մասին:

Ռոզին վստահ է, որ աշխատանքային դադարը պարտադիր է արտիստի համար. «Կարեւոր է, որ հանդիսատեսը քեզ կարոտի, կարեւոր է, որ այդ ընթացքում հանգստանաս եւ փորձես նորովի ներկայանալ՝ ավելի հետաքրքիր կերպով, նոր գաղափարներով: Թեկուզ փոքրիկ դադար պետք է ունենալ: Վերջին ամիսները հայտնի պատճառով այնքան էլ ստեղծագործական չէին: Դեռ մարտից մի շարք ծրագրեր անժամկետ հետաձգվեցին»:

Ռոզի Ավետիսովան


Դերասանուհին խստորեն հետեւել է հակահամաճարակային կանոններին.«Տանը փակված էի շատ երկար ժամանակ: Զբաղմունքս ֆիլմեր դիտելն ու գրքեր կարդալն էր: Մեկուսացման պատճառով թեեւ տնտեսական մեծ վնասներ կրեցինք, սակայն նաեւ դրական կողմ ուներ. կարողացանք երկար մնալ ընտանիքի կողքին, հարմարվել տան պատերի ներսում եղած կյանքին: Ինչ խոսք, ինձ հաջողվեց դա: Թեեւ ակտիվ կյանքի ու աշխատանքի սիրահար եմ, բայց այս ամենի մեջ էլ կար հետաքրքրություն: Կարեւոր էր նաեւ այն, որ բնությունը մի փոքր հանգստացավ մարդկությունից, թեեւ դաժան ճանապարհով»:

Վերջին նախագիծը, որում նկարահանվել է, «Անատոլիական պատմություն» սերիալն էր.«Վերջերս կարոտի սրացումներ ունեի, բայց փառք Աստծո, տեսախցիկի հանդեպ կարոտս արդեն իսկ առնում եմ, իսկ թատրոնում հանդիսատեսի հետ կենդանի շփմանը դեռ երկար կկարոտեմ»:

Ռոզի Ավետիսովան


Խոսելով «Բանանա շոուի» մասին, Ռոզին նշել է, որ սցենարային եւ մյուս աշխատանքներում ներգրավված չէ.«Միայն հաղորդավարուհու դերում եմ: Ժամանցային նախագծի շրջանակում ունենում ենք հայտնի հյուրեր, խաղում տարբեր խաղեր, շատ ծիծաղում, ուրախանում, մի փոքր հատվածում էլ կիսվում նորություններով»:

Այս շրջանում սերիալային առաջարկ չունի, բայց ներգրավված է նոր նախագծում, որի մասին դեռեւս չի կարող խոսել.«Ինչպես գիտենք, մեր կյանքում ամեն օր մի բան փոխվում է. այսօր չկա առաջարկ, վաղը գուցե եւ լինի: Հուսանք՝ լինելու դեպքում այն կլինի իմ եւ իմ հանդիսատեսի սրտով: Առաջնորդվում եմ սցենարի հետաքրքիր ու չկրկնվող լինելով, իսկ կերպարը որքան բարդ լինի, այնքան հետաքրքիր: Պետք է ներկայանալ նորովի. դերասանները չպետք է ձանձրացնեն, այլ լինեն թարմ ու ուրիշ»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ռոզի Ավետիսովայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին