×


«Բուժման ամենադժվար տեսակն են առաջարկել»․ Ժակը՝ առողջական խնդրի եւ Հայաստանը նորովի բացահայտելու մասին

Հակոբ Պապիկյանն օրեր առաջ սրտի հետազոտություն (կորոնարոգրաֆիա) է անցել։ BRAVO.am-ը նրա հետ զրուցել է առողջական վիճակի, փոխված առօրյայի եւ հեռուստաեթեր վերադառնալու ցանկության մասին:

«Զարմանալի, բայց միեւնույն ժամանակ սպասելի էր առողջական խնդիրների ի հայտ գալը. էմոցիոնալ մարդ եմ, ով ապրումները խնամքով թաքցնում է, ինչն էլ վնասում է։ Սրտի գանգատներ ունեի եւ բժշկի էի դիմել: Հրատապ ու լուրջ խնդիր չկա, իսկ հետազոտվելը լավ բան է եւ ցույց տվեց, որ շատ հարցերի պետք է այլ կերպ նայեմ։ Բուժման ամենադժվար տեսակն է ինձ առաջարկվել՝ խտացնել եսասիրությունն ու լինել հնարավորինս անտարբեր տեղի ունեցող երեւույթների հանդեպ։ Այս պահին ինձ լավ եմ զգում, տանն եմ։ Դեղորայքային բուժում եմ ստանում, ըստ բժիշկների՝  ապրելակերպս էլ պետք է փոփոխեմ։ Որոշակի ժամանակ անց նորից ստուգումների կգնամ՝ հասկանալու համար այլ քայլերի անհրաժեշտություն կա, թե՝ ոչ»,-ասել է Ժակը։

Ժակը՝ կնոջ հետ


Հետեւում են հակահամաճարակային կանոններին.«Այս ամիսների ընթացքում միշտ փորձել ենք մնալ օրենքի պահանջների սահմաններում։ Շատերի նման մենք էլ երեխաների օրը ճիշտ կազմակերպելու, նրանց համար հետաքրքիր զբաղմունքներ մտածելու դժվարություններ ենք ունեցել։ Նախկինում բավական ակտիվ կյանքով ենք ապրել, հիմա դժվար է հարմարվել սահմանափակումներին։ Բախտներս բերել է, որ իմ հայրական տունը մեծ այգի ունի, եւ այնտեղ ենք անցկացնում մեր ժամանակի մեծ մասը։ Այս վատ իրադարձությունը լավ առիթ է մեր երկիրը նորովի բացահայտելու, մեր գեղատեսիլ վայրերում հիանալի ժամանակ անցկացնելու համար։ Օրեր առաջ Ջերմուկում էինք, լավ լիցքաթափվեցինք»,- նշել է նա։

Աշխատանքային դադար չի ունեցել.«Ռադիոկայանում, որը վերջին 20 տարիներին իմ հիմնական աշխատավայրն է, հրաշալի զբաղվածություն ունենք. փորձում ենք պասիվ օրերին մեր լսարանի ժամանցն ապահովել։ Թեեւ շատ մեծ նախագծեր դադարեցվեցին, մրցանակաբաշխությունները կասեցվեցին, որոնք 20 տարի անընդմեջ տեղի են ունեցել։ Նոր մի շարք գաղափարներ կան, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն։ Շատ ուրախ կլինեի վերադառնալ Հանրային հեռուստաընկերություն եւ նոր նախագծով ներկայանալ»,- եզրափակել է Ժակը։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ժակի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին