×


Անետ Աղաբեկյանի եւ DJ Դավոյի համատեղ տեսահոլովակի պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Սիրված երգչուհի Անետ Աղաբեկյանի եւ DJ Դավոյի « Անջիգյար յար» երգի տեսահոլովակը համացանցում 5 օրում 500 հազար դիտում է ստացել: Bravo.am-ը ներկա է եղել տեսահոլովակի պրեմիերային, լուսանկարել երգչուհու հյուրերին եւ պարզել տեսահոլովակի ստեղծման պատմությունը:

Անետի առաջին ստեղծագործությունը

«Անջիգյար յար» երգի տեսահոլովակի պրեմիերայի ընթացքում հավաքվածները նորից եւ նորից էին ցանկանում լսել ու դիտել այն: Ավելի ուշ երգչուհին հանդես եկավ նաեւ կենդանի կատարմամբ, որն ուղեկցվեց հյուրերի ակտիվ պարով՝ էլ ավելի տոնական դարձնելով տրամադրությունը:



Երգի երաժշտության հեղինակը հենց երգչուհին է: Նա մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ սա իր առաջին ստեղծագործությունն է: Երաժշտության ստեղծման գործում նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել Անետի մենեջեր եւ լավ ընկեր Հարություն Հարությունյանը:

«Օրերից մի օր առավոտյան Անետը զանգահարում է ինձ եւ ասում՝ մուսա է եկել, միտք է ծնվել ու ցանկանում է այն կյանքի կոչել: Միասին գնացինք մեր լավ ընկեր Վարուժ Դիլբարյանի ստուդիա, ով նաեւ գործիքավորման ու mix & mastering-ի հեղինակն է: Երեքով համատեղ փորձեցինք ու հասկացանք՝ միտքը լավն է, կարող է լավ ստեղծագործություն ծնվել: Ինքս էլ Անետին օգտակար եղա երաժշտության հարցում, այնուհետեւ շատ կարճ ժամանակահատվածում գրեցի երգի խոսքերը»,- պատմում է Հարություն Հարությունյանը:

Անետ Աղաբեկյանը, Հարություն Հարությունյանը և Նարեկ Քթոյանը


«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Baldi խանութների ցանցին, որ մեր կողքին են: Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, որ այսօր մեզ համար կարեւոր ու նշանակալի օրը մեզ հետ են»,- հավելում է նա:

Տեսարանների եւ հագուստների ընտրությունը

Տեսահոլովակի հագուստների մոդելավորման ու ընդհանուր ոճի հեղինակը դիզայներ եւ ոճաբան Արայիկ Գաբաջյանն է: Նրա խոսքով՝ Անետի հետ համագործակցությունը հեշտ է ստացվում, քանի որ երգչուհին համաձայնում է ընտրել այն, ինչ թրենդային է եւ անհրաժեշտ իր կազմվածքին ու տեսահոլովակին:

Արայիկ Գաբաջյանը և Անետ Աղաբեկյանը


«Ռեժիսորի հետ քննարկելով եւ հաշվի առնելով թրենդները՝ ընտրել ենք հագուստները, որոնց հիման վրա էլ որոշվել է նկարահանման տեղանքն ու տեսարանը: Եղել է նաեւ հակառակը, երբ հագուստներն ենք ընտրել արդեն իսկ որոշված տեսարանին համապատասխան: Անետ Աղաբեկյանի հետ շատ հաճելի է աշխատելը: Հույս ունեմ՝ մեր հետագա համագործակցությունը կշարունակվի, քանի որ աշխատում է պրոֆեսիոնալ թիմ, որի շնորհիվ էլ ունենք նման արդյունք»,- մանրամասնում է Արայիկ Գաբաջյանը:


Տեսահոլովակի ռեժիսոր Նարեկ Քթոյանը Bravo.am-ի հետ զրույցում նշել է, որ նկարահանումները 2 օր են տեւել, մինչդեռ նախապատրաստական աշխատանքները շարունակվել են 3 ամիս:

Նկարահանումները հիմնականում իրականացվել են Սեւանա լճի ավազանում: Որոշ տեսարանների համար ընտրվել է ուղղաթիռների համար նախատեսված հրապարակ, որը գտնվում է Երեւանում:

Բծախնդիր, բայց պրոֆեսիոնալ

«Անետի հետ շատ վաղուց լավ ընկերներ ենք: Իր կյանքի առաջին տեսահոլովակն ի սկզբանե ես պետք է նկարեի, բայց ստացվեց այնպես, որ նկարեցի այս պահի դրությամբ նրա վերջին տեսահոլովակը: Վստահ եմ՝ հրաշալի, թեթեւ, ամառային տեսահոլովակ է ստացվել, որը ճիշտ ընդգծում է  երգն ու բովանդակությունը»,-պատմել է Նարեկ Քթոյանը:

Նարեկ Քթոյանը


Ռեժիսորի խոսքով՝ որեւէ երգչուհու հետ երբեք հեշտ չէ աշխատելը, քանի որ նրանք սովորաբար շատ բծախնդիր են:

«Իրականում դա շատ լավ է, որովհետեւ լինում են կարծիքների բախումներ, քննարկումներ, որոնց արդյունքում աշխատանքը միմիայն շահում է: Անետի հետ եւս աշխատելը հեշտ չէր, բայց եւ այնպես շատ հաճելի էր, որովհետեւ նրա կողմից պահանջները բավականին շատ էին ու պրոֆեսիոնալ»,- հավելել է նա՝ մաղթելով, որ սա լինի Անետի վատագույն տեսահոլովակը:

«Ջանք չեմ խնայում լսարանիս համար»

Անետ Աղաբեկյանի կարծիքով՝ ցանկացած արտիստի ճանապարհ դժվար է ու քարքարոտ: Իր կյանքում նա եւս շատ դժվարություններ է հաղթահարել ու դեռեւս պետք է հաղթահարի:

Անետ Աղաբեկյանը.


«Տեսակով ուժեղ մարդ եմ եւ նպատակասլաց, կարողացել եմ դիմակայել դժվարություններին, թեեւ դա այդքան էլ հեշտ չէր: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կողքիս են, աջակցում են ինձ: Շնորհակալ եմ նաեւ Աստծուն այս հաջողության համար: Կարծում եմ՝ նոր տեսահոլովակը ստացված աշխատանք է, եւ այդ մասին են վկայում նաեւ հանրության արձագանքները»,- նշել է երգչուհին:

Նա հավելել է, որ սկզբում երգը միայնակ պետք է կատարեր, սակայն, հաշվի առնելով այն, որ երաժշտության ձեւաչափը թույլ էր տալիս, որոշել է համագործակցել DJ Դավոյի հետ: Անետ Աղաբեկյանը վստահ է՝ համագործակցությունը կայացել է:

«Կան շատ երգեր, որոնց շուրջ աշխատում ենք ու առաջիկայում կներկայանանք նորություններով: Ինքս ջանք չեմ խնայում, որ անեմ անհնարինն իմ լսարանի համար»,- ամփոփել է երգչուհին:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի (Bravo.am)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին