×


«Երկու տարի հույսս կորցրած ապրել եմ՝ «վայելելով» Սաթիկի մերժումը». Արթուր Կարապետյան

Համավարակային նոր իրականությանն Արթուր Կարապետյանը եւ Սաթիկ Հախնազարյանը բավական դժվար են համակերպվել. դե, իհարկե, չկան ներկայացումներ, փորձեր, սակայն դերասանների ընտանիքը փիլիսոփայորեն է վերաբերվում իրավիճակին եւ լցված է լավատեսությամբ։ BRAVO.am-ն օրերս հանդիպել է սիրված արտիստներին, լուսանկարել եւ հետաքրքիր զրույց ունեցել։

- Պարո՛ն Կարապետյան, տիկի՛ն Սաթիկ, դժվար շրջան ապրեցինք, բայց փորձեցինք լավատես լինել։ Շատերն ասում են, որ վերաարժեւորել են կյանքը, բացահայտումներ արել, որոշներն էլ բողոքում են, որ համավարակի օրերն իրենցից շատ բան են խլել։ Ձեր դեպքում ի՞նչ կատարվեց, ի՞նչ տվեց ձեզ այս շրջանը։

Ա. Կ.
- Ձեր թվարկածների հետ համաձայն եմ: Ըստ իս, նաեւ սերն ու հոգատարությունն ավելացավ, ու հիմա մարդիկ իրար ավելի ուշադիր են դարձել: Երեւույթներ, որոնց մասին կարծես մոռացել էինք, եւ համավարակը ստիպեց թարմացնել մեր հիշողությունը։ Ինչ վերաբերում է մեզ հետ կատարվածին, ասեմ, որ թվում էր, թե Սաթիկի մասին ամեն ինչ գիտեմ, բայց արի ու տես, որ միասին անցկացրած մեկուսացումը թույլ տվեց նոր բացահայտումներ անել։ Դրանք ե՛ւ հետաքրքիր էին, ե՛ւ գնահատելի... Սակայն, անշուշտ, համավարակը, որպես բացասական երեւույթ, անհերքելի է: Բոլորիս ծրագրերը փոխվեցին: Հետաքրքիր պլաններ ունեինք թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքում։ Նոր մի քանի ներկայացում, ցավոք, մնացին օդից կախված: Հյուրախաղեր կային, փառատոներ, որոնց պետք է մասնակցեինք, ու էլի շատ ուրիշ բաներ։ Իրականում, իհարկե, այս ամենին նաեւ մի փոքր այլ կերպ եմ նայում. սա մի մեծ փորձաշրջան է, որի դասերը պիտի չմոռանաս: Իսկ երեւույթների վերաարժեւորում, ենթադրում եմ, բոլորիս մոտ է եղել...

Արթուր Կարապետյանը եւ Սաթիկ Հախնազարյանը


- Տիկի՛ն Սաթիկ, պարզվում է՝ Ձեր ամուսինն այսքան տարի անց կարանտինի շնորհիվ Ձեզ յուրովի է բացահայտել, իսկ Դուք ի՞նչ նոր գծեր եք նկատել:

Ս. Հ.
- Կարծում եմ, բացահայտումներ երկուսս էլ արեցինք։ Թվում էր՝ շատ լավ ենք ճանաչում իրար, բայց չէ, պարզվեց՝ բացահայտելու բաներ կային, ու երեւի դեռ կան. Արթուրի բնավորության բացասական կողմերն էլ նկատեցի, որոնք մինչ այդ չէի նկատել։ Համամիտ եմ ամուսնուս հետ, որ համավարակի ընթացքում փոխադարձ ուշադրությունն էլ ավելի մեծացավ: Ինձ թվում է՝ բոլորը սկսեցին մի քիչ այլ կերպ մտածել: Մինչ համավարակը մենք ամեն օր տեսնում էինք իրար, հանդիպում, գրկում, համբուրվում, միասին հյուր գնում, ներկայացումների, խնջույքների մասնակցում, ճանապարհորդում, ամուսնանում ու բաժանվում, վիրավորում իրար ու վիրավորվում... Մի խոսքով՝ ապրում էինք առանց մեզ հաշիվ տալու, առանց գնահատելու, թե ինչ է տրված մեզ: Բայց, արի ու տես, որ եկավ օրը, որ այդ ամենը մեզ արգելվեց, ու նոր միայն հասկացանք՝ այն, ինչ տրված էր, պարգեւ էր ու պետք էր գնահատել։

- Դժվար է պատկերացնել, որ պարոն Կարապետյանը կարող է բացասական կողմեր էլ ունենալ:

Ս. Հ.
- Պատկերացրեք, որ կարող է, սակայն չեմ նշի դրանք, որպեսզի իր երկրպագուների կարծիքը չփոխվի (ծիծաղում է,-հեղ․)։

Սաթիկ Հախնազարյանը


- Պարո՛ն Կարապետյան, վերջերս հարցազրույցներից մեկում նշել էիք, որ շատ ուրախ եք, որ Ձեր կեսը Սաթիկ Հախնազարյանն է, քանի որ միայն նա է ձեզնից գլուխ հանում: Մի՞թե այդչափ բարդ բնավորություն ունեք։

Ա. Կ.
- Եվ հաստատում եմ ասածս: Սաթիկից լավ ինձ ոչ ոք չի ճանաչում ու հասկանում: Եվ դա բնական է՝ հաշվի առնելով այն տարիները, որ ապրել ենք միասին: Նա երեւույթներին իր գնահատականն ունի, ու եթե հաճախ ականջալուր լինեմ դրանց, մեր կյանքում շատ խնդիրներ ավելի հեշտ լուծումներ կունենան: Բայց իմ անտանելի բնավորությունը հաճախ դա թույլ չի տալիս. լսիր այն, ինչ ասում է կինը, եւ արա հակառակը (ծիծաղում է,- հեղ․)։

Ս. Հ.
– Հանրության շրջանում թյուր կարծիք է, որ Արթուրն իր տեսակով հանգիստ է: Նա հրաբուխ է, եւ որպես կանոն, բոլոր ժայթքումների ականատեսը ես եմ։ Իսկ ընդհանրապես կոնֆլիկտային չի, փորձում է հասկանալ յուրաքանչյուրին եւ զիջել, անգամ այն դեպքում, երբ գիտի, որ ինքն է ճիշտ։

- Տեսնում եք, պարոն Կարապետյան, իսկ Դուք վերջերս հարցազրույցում ասել էիք, թե դերասան կին ունենալը դժվար չէ, բայց բարդ է, երեւի նկատի ունեիք, որ հաճա՞խ եք վիճում։

Ա. Կ.
- Այո, նաեւ վիճում ենք… Վեճն ամուսնական կյանքի քաղցրությունն է: Առանց վեճի կյանքը հետաքրքիր չի լինի: Պետք չէ վեճ ասվածին միայն բացասական տեսանկյունից նայել: Ընդհանուր հայտարարի գալու ճանապարհին այն երբեմն անփոխարինելի է։ Ի դեպ, ասեմ՝ առանց վեճի ապրելը նաեւ վտանգավոր է։

Արթուր Կարապետյանը


- Տիկի՛ն Սաթիկ, վստահ եմ, որ Դուք եք վեճեր հարթողը։

Ս. Հ.
- Պատկերացրեք՝ ոչ։ Իրականում ես շատ ավելին եմ տեսնում, քան… Եվ ոչ միան ես, առհասարակ՝ կանայք։ Եթե տղամարդը տեսնում է թիրախը, ապա կինը՝ թիրախին հասնելու ճանապարհը։ Այո, երբեմն նաեւ վիճում ենք, բայց վեճերն ինչպես ծնվում, այնպես էլ մարում են։ Հիմնականում փորձում ենք ապրել իրար հասկանալով, խորհրդակցելով ու հարգելով միմյանց կարծիքը:

- Հասկացե՞լ եք՝ որն է ձեր համատեղ կյանքի երջանկությանը բանաձեւը։

Ս. Հ.
- Այն, ինչը հատուկ է նաեւ շատ ընտանիքների՝ սերն ու փոխադարձ հարգանքը։ Սերն ամենից կարեւորն է: Ամեն ինչի հիմքում սերն է, ուստի, եթե չկա սեր, չկա ոչինչ: Բայց ընտանիքի կայացման հարցում միայն սերը բավարար չէ: Պետք է հարգես կողակցիդ տեսակը, խոսքը, ազատությունը, իրավունքները… Առանց այդ փոխադարձ հարգանքի ընտանիքը պարզապես կքանդվի:

Ա. Կ.
- Ես հաստատում եմ Սաթիկի խոսքերը: Եվ դրանք գրականությունից վերցված խոսքեր չեն, այլ՝ մեր ապրած կյանքի փորձից։

Արթուր Կարապետյանը եւ Սաթիկ Հախնազարյանը


- Պարզվում է՝ հենց սիրո եւ փոխադարձ հարգանքի նախապայմանով էլ ընդունել եք ձեր դստեր մասնագիտական ընտրությունը եւ, միակ զավակ լինելով, արտերկրում բնակություն հաստատելու որոշումը։

Ս. Հ.
- Մենք փոքր-ինչ այլ մտածողություն ունենք: Մեր դստերը չենք մեծացրել սպառողի հոգեբանությամբ. օրինակ, որ անպայման մեր կողքին լինի, որպեսզի օր ծերության մի բաժակ ջուր տա։ Ոչ: Նա փոքր հասակից է սովորել որոշումներ կայացնել՝ անշուշտ, նաեւ խորհրդակցելով մեզ հետ: Դիվանագետի մասնագիտությունն իր ընտրությունն էր: Արտերկրում ուսումը կատարելագործելու որոշումը՝ նույնպես: Հետագայում իր մասնագիտությամբ նշանակում ստացավ Հայաստանի սահմանից դուրս, եւ այսօր էլ այնտեղ է։ Իրականում շատ դժվար է, երբ միակ զավակդ ապրում եւ աշխատում է քեզնից շատ հեռու: Հեռավորությունն ու կարոտը լուրջ խնդիրներ են: Բայց եւ այնպես, միակ բանը, որ ես ու Արթուրը ցանկանում ենք, այն է, որ ուր էլ լինի, առողջ ու երջանիկ ապրի։

Ա. Կ. - Մենք մեր դստերը ոչինչ չենք պարտադրել՝ գիտակցելով, որ մարդու ազատությունն ընտրության հնարավորություն ունենալու մեջ է, եւ պետք չէ դրան խոչընդոտել, եթե սիրում ու ընդունում ես նրան, այնպիսին ինչպիսին կա:

- Հոգու խորքում չէի՞ք ցանկանում, որ Ռիման դերասանուհի դառնա։

Ս. Հ.
- Իսկապես չէինք ուզում: Բայց եթե Ռիման ընտրեր մեր ուղին, միեւնույն է՝ չէինք խոչընդոտի։

Ա. Կ.
- Թաքուն մտավախություն ունեի, որ դուստրս կընտրի մեր ճանապարհը, թեեւ նրա մոտ երբեք չեմ բարձրաձայնել այդ մասին՝ իմանալով հանդերձ բոլոր այն դժվարությունների ու փորձությունների մասին, որոնց միջով անցել ու դեռ անցնում էինք ես ու Սաթիկը։ Բարեբախտաբար, նրա նախասիրություններն այլ ուղղության վրա էին… Նաեւ հրաշալի գրում ու նկարում է:

Սաթիկ Հախնազարյանը


- Պարո՛ն Կարապետյան, տիկի՛ն Սաթիկ, ստացվել է այնպես, որ դերասան ամուսինների մեծամասնության դեպքում ամուսնության առաջին քայլը կատարել է կինը, ձեր դեպքում է՞լ է այդպես եղել:

Ա. Կ. - Մեր դեպքում հակառակն է եղել: Առաջարկություն ես եմ արել, բայց երկու տարի հույսս կորցրած ապրել եմ՝ «վայելելով» Սաթիկի հերթական մերժումը… Եկավ մի պահ, որ արդեն մտածեցի՝ լավ, ինչ եմ ուզում այս աղջկանից, եթե ինձ չի սիրում: Եվ անքննելի են Աստծո ճամփաները. եղավ այնպես, որ անբաժան ենք մինչ օրս։

Ս. Հ. - Այո, ես որոշում եմ կայացնում մեկ անգամ, բայց ողջ կյանքի համար (ծիծաղում է,- հեղ․)։ Սա, իհարկե, կատակով:

- Համավարակը որոշակի կանոններ թելադրեց արվեստի բնագավառում։ Որպես թատրոնի նվիրյալներ՝ ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ ներկայացումները հնարավոր եղավ տեղափոխել առցանց հարթակ։

Ա. Կ. - Օնլայն տարածքն ու թատրոնն անհամատեղելի են։ Եթե դերասանն ու հանդիսատեսը չեն շնչում նույն տարածքի օդը, այդտեղ թատրոն մի որոնեք: Դերասանի եւ հանդիսատեսի անմիջական շփումից է ծնվում թատրոնը: Այլապես, ինչ անուն ուզում եք տվեք, բացի թատրոնից:

Ս. Հ. - Աննախադեպ իրավիճակը ստիպեց ներկայացումները տեղափոխել սոցիալական հարթակներ: Երեւի դրա անհրաժեշտությունն իրոք կար: Պահի եւ իրավիճակի թելադրանք էր ընդամենը՝ մեկուսացման մեջ հայտնված մարդկանց որեւէ կերպ թատերարվեստից չկտրելու համար: Բայց թատրոն ասված կախարդանքը ծնվում է միմիայն դերասան-հանդիսատես անմիջական շփման քիմիական ռեակցիայից:

Արթուր Կարապետյանը եւ Սաթիկ Հախնազարյանը


- Ի՞նչ եք կարծում, համավարակն ապագայում ազդեցություն կունենա՞ ներկայացումների, դերասան-հանդիսատես երկխոսության հարցում։

Ա. Կ. - Մինչ համավարակը թատերական կյանքը եռում էր: Հազար ու մի գործ ու նախագիծ կար: Համավարակն ասես սառը ջուր լիներ շիկացած երկաթին։ Ամեն ինչ անսպասելի ու միանգամից կանգ առավ, քարացավ տեղում: Մենք լավատես ենք. թատրոնն անպայման բացելու է իր վարագույրը: Այդ օրը հեռու չէ: Մնում է միայն հասկանալ, թե միասին արհավիրքի ու մահվան աչքերին նայած երկու հոգի ինչի մասին կարող են երկխոսել իրար հետ: Ենթադրում եմ՝ կյանքի շարունակության: Ուստի, քանի դեռ այս մոլորակի վրա կա ասելիք, թատրոնն էլ կունենա իր հանդիսատեսը։ Եվ ոչ մի համավարակ մեզ չի լռեցնի։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝  Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Republica» հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին