×


«Ինչպես դպրոցական բոլոր դրամաներում, մեր դեպքում եւս` նա սիրում էր այլ աղջկա». Վիկտորյա Սահակյան

BRAVO.am-ն իր ընթերցողին ներկայացնում է հարցազրույցների շարք, որում հայտնիները կպատմեն իրենց դպրոցական կյանքից՝ սիրելի առարկաներից մինչեւ ամենազվարճալի պատմություններ, առաջին սեր ու խոստովանություն: Առաջինը մեր «մատյանում» դերասանուհի Վիկտորյա Սահակյանն է. նա ավարտել է Կապան քաղաքի թիվ 2 վարժարանը:

- Վիկտորյա, սկսենք առաջադիմությունից. եղե՞լ է առարկա, որը չէիք հասկանում, բայց շարունակում էիք խելոք հայացքով լսել ուսուցչուհուն:):

- Ո՛չ, կարող եմ ասել, որ չի եղել նման առարկա. բավական լավ եմ սովորել դպրոցում, բոլոր առարկաներն ինձ հեշտ էին տրվում, նույնիսկ յոթ-ութ գովասանագիր ունեմ (ծիծաղում է,-հեղ.):

- Իսկ ո՞ր առարկայից ունեիք ամենաբարձր թվանշանները:

- Բավական բարձր գնահատականներ եմ ունեցել ռուսերենից, հանրահաշվից, երկրաչափությունից, հայոց լեզվից:

Վիկտորյա Սահակյանը


- Ձեր ամենասիրելի ուսուցչուհին:

- Երկրորդ դասարանի դասղեկս է՝ ընկեր Սարգսյանը (Ալվարդ Սարգսյան), ով մոտիվացնող, բարի ու հասկացող ուսուցչուհու կերպար է ինձ համար: Ընկեր Սարգսյանն էլ ինձ էր շատ համակրում, բայց դա չէ պատճառը, որ հենց իր անունը նշեցի, պարզապես նա համապատասխանում է ուսուցչուհու այն կերպարին, որ կա իմ պատկերացումներում:

- Դասից փախուստ նախաձեռնողների խմբում Ձեր անունը կա՞ր:

-Ո՛չ, չկար. նույնիսկ եթե չամաչեի, կնստեի դասարանում եւ չէի գնա մյուսների հետ:
Թեեւ ես արկածների սիրահար եմ, երբեք չեմ հասկացել դասից փախչելու եւ այգում նստելու իմաստն այն դեպքում, երբ  ծնողները, դասղեկն ու դպրոցի տնօրինությունը խուճապահար փնտրում են 20-ից ավելի երեխաների: Տխուր տեսարան է (ծիծաղում է,-հեղ.):

- Եղե՞լ է միջադեպ, որի պատճառով մինչ օրս կարմրում եք:

- Մինչ օրս չեմ կարմրում, բայց շատ նեղսրտում եմ մի դեպքի պատճառով, որ տեղի ունեցավ, երբ դասընկերոջս ծննդյան օրը գնացել էինք դիսկոտեկ: Միջոցառման ժամանակ ոտքս լուրջ վնասեցի, ու դասընկերներիցս ոչ մեկն ինձ չօգնեց, մինչեւ զանգահարեցի մայրիկիս, նա եկավ, ու գնացինք հիվանդանոց. շատ եմ տխրում այս միջադեպից:

Լուսանկարը՝ Վիկտորյա Սահակյանի արխիվից


- Ձեր դասարանը նույնպե՞ս դպրոցի ամենաչար դասարանն էր, որին բոլորը սիրում էին:):

-Դե, ինչպես գիտենք, բոլոր ուսուցիչները բոլոր դասարաններում ասում էին՝ «դուք դպրոցի ամենաչար ու անկարգ դասարանն եք», ու մենք էլ բացառություն չէինք, բայց շատ խելացի աշակերտներ ունեինք: Ես մի քանի դպրոց եմ փոխել ու հասցրել եմ շփվել տարբեր բնավորություններ ունեցող ուսուցիչների ու աշակերտների հետ, այնպես որ, դպրոցական շփումների մեծ կենսափորձ ունեմ (ծիծաղում է,-հեղ.):

- Ձեր ամենամտերիմ դասընկերոջ հետ այժմ շփվո՞ւմ եք:

- Այո՛, երկու մտերիմ ընկերուհի ունեի դպրոցում՝ Մելանյան եւ Մարիամը, որոնց  հետ սովորել էի նաեւ միջնակարգ դպրոցում, սակայն ընկերացանք արդեն ավագ դպրոցի վերջին տարում, երբ տեղափոխվեցի իրենց դասարան: Մինչ օրս էլ լավ հարաբերություններ ունենք: Թեեւ չենք հասցնում շատ շփվել, քանի որ ապրում ենք տարբեր քաղաքներում, շատ սիրում եմ իրենց:

- Սիրահարվե՞լ եք դասընկերոջը:):

- Այո՛, եւ ինչպես դպրոցական բոլոր դրամաներում, մեր դեպքում եւս, նա սիրում էր այլ աղջկա (ծիծաղում է,-հեղ.):

- Խոստովանե՞լ եք, կամ առաջին խոստովանությունը Ձեզ:

-Չեմ խոստովանել, խոստովանել են: Սերը Վերջին զանգից շուտ է գալիս: Պատանեկան սերը հավես, նոր զգացումներ ու մտքեր է ծնում: Դպրոցում ընկեր չեմ ունեցել ու միշտ նախանձել եմ նրանց, ովքեր հենց այդ տարիքում գտնում են իրենց իսկական սերը:

Լուսանկարը՝ Վիկտորյա Սահակյանի արխիվից


- Ամենաջերմ հիշողությունը դպրոցից:

- Փորձում եմ մտքումս փնտրել ջերմ հիշողություններ, բայց դժվարանում եմ գտնել, քանի որ այնպես չէ, որ դպրոցական լավ կյանք եմ ունեցել, ու նույնիսկ չգիտեմ, թե ինչով է դա պայմանավորված: Ունեցել եմ բարձր առաջադիմություն, բայց այնքան էլ պատասխանատու աշակերտուհի չեմ եղել. ուշացումներս միշտ կոնֆլիկտ էին առաջացնում ուսուցիչների հետ: Բայց երեւի պետք է ջերմությամբ հիշել դպրոցը, քանի որ այն կյանքի մեծ ու կարեւոր էտապ է: Առհասարակ, մեզ ասում են, որ ավարտելուց հետո մենք մտնում ենք հասուն կյանք, բայց իրականում այդ կյանքը հենց դպրոցում է, երբ երեխան հասունանում, ձեւավորվում է, եւ թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչները պետք է շատ ուշադիր լինեն:

- Ձեր բարեմաղթանքն առաջին դասարանցիներին:

- Բոլորին մաղթում եմ սեր՝ դեպի դպրոցը, ուսուցիչները: Իհարկե, կոնֆլիկտներն անխուսափելի են ամեն տարիքում եւ բոլոր դասարաններում, բայց հենց երեխաները թող շատ ջանք ներդնեն՝ դպրոցական խաղաղ կյանք ունենալու համար, քանի որ ի վերջո դպրոցն ունի հստակ առաքելություն՝ կրթել:

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Վիկտորյա Սահակյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW