«Քեզ համար, Հայաստան»՝ լեգենդար երգի հենց այս տողերը կլինեն Շառլ Ազնավուրին նվիրված համերգի խորագիրն այս տարի: Թեեւ ամենամյա դարձած համերգն իրավիճակով պայմանավորված ձեւաչափային փոփոխություններ է կրել, ընդգրկված արտիստները չեն դադարում մեծ ոգեւորությամբ ու եռանդով պատրաստվել սեպտեմբերի 12-ին կայանալիք իրադարձությանը:
BRAVO.am-ը եղել է համերգի փորձին՝ ներկայացնելու նախապատրաստական իրարանցումը, իհարկե, չենք մոռացել նաեւ աշխատանքային ու կենդանի լուսանկարների մասին:
«Քեզ համար, Հայաստան» խորագրով համերգի փորձին
Շառլ Ազնավուրին նվիրված համերգների այս շարքը 2017-ից նախաձեռնել եւ իրականացնում են դերասան, երաժիշտ Հայկ Պետրոսյանն եւ պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:
Ալեքսանդրի խոսքով՝ նոր ձեւաչափը էքսպերիմենտալ է.«Այս տարի հանդիսատես չենք ունենա. ծրագիրը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում եւ առցանց հարթակներում: Ցավալի է, որ մարդկանց հետ կենդանի կապ չի լինի, բայց կարծում եմ, որ մեր արտիստներն այդ էներգիան կփոխանցեն նաեւ էկրաններից: Մենք փորձել ենք միավորել բոլոր այն երաժիշտներին, ովքեր շփվել են Ազնավուրի հետ կամ երգել նրա ստեղծագործությունները: Նաեւ կունենանք ուղիղ միացումներ տարբեր արվեստագետների հետ, ովքեր կկիսվեն շանսոնյեի մասին հուշերով: Իհարկե, անհամբեր սպասում ենք համավարակի ավարտին՝ կրկին հանդիպելու մեր հանդիսատեսին: Մեծ ցանկություն ունենք այս ծրագրով լինել աշխարհի շատ բեմերում. արդեն ելույթներ ենք ունեցել Փարիզում, Բեյրութում, Նյու Յորքում»:
Նարինե Դովլաթյանը
Համերգին Հայկ Պետրոսյանը ոչ միայն ելույթ կունենա, այլեւ կլինի հաղորդավարի դերում: Նրա խոսքով՝ սա քաղցր պատասխանատվությունն է.
«Ազնավուրին նվիրված յուրաքանչյուր համերգ ունեցել է յուրահատուկ մթնոլորտ. 2015-2016թթ.-ի համերգը կարծես ծանոթություն լիներ, 2017-ին Օպերայի դահլիճում մեզ հետ էր մաեստրո Թոփչյանը, իսկ հանդիսատեսի շարքում էր հենց ինքը՝ շանսոնյեն. լրիվ ուրիշ էներգիա էր: 2018-ին «Քեզ համար, Ազնավուրը», ցավոք, դարձավ հիշատակի երեկո, իսկ արդեն այս տարի՝ 2020-ին, այլ մոտեցում է, քանի որ լինելու է հեռուստատարբերակով:
Հայկ Պետրոսյանը
Ազնավուրի երգերի գունապնակն այնքան բազմազան է, որ անընդհատ կարելի է նորություններ գտնել. հին երգերը նորովի մատուցել կամ նոր երգեր ներկայացնել: Համերգներին ամեն անգամ կարողանում ենք համախմբել շատ տաղանդավոր մարդկանց, ովքեր միշտ գոհացնում են հանդիսատեսին: Շատ ուրախ ենք, որ այս նախագծի համագործակցությունների շրջանակն ամեն տարի մեծանում է. մեզ են միանում նոր մարդիկ, կազմակերպություններ, մշտապես ունենք նաեւ ԿԳՄՍՆ-ի աջակցությունը»,-նշել է երաժիշտը:
Համերգին կհնչեն ինչպես սիրված ու սպասված, այնպես էլ հանդիսատեսին քիչ հայտնի երգեր՝ Արամ Mp3-ի, Գոռ Սուջյանի, Նարեկ Հախնազարյանի, Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Նարինե Դովլաթյանի, Սեւակ Ամրոյանի, Սրբուհի Սարգսյանի մատուցմամբ: Նրանցից շատերն արդեն հանդիսատեսին ներկայացել են Ազնավուրի կատարումներով, սակայն ինչպես նշեց Սրբուկը, Ազնավուր երգելիս պատասխանատվությունը միշտ է մեծ:
Սրբուկը, Սեւակ Ամրոյանը եւ Գոռ Սուջյանը
«Նրա երգերն արժանվույնս մատուցելու համար պետք է դրանք ներսովդ անցնեն, ապրվեն ու նոր հասնեն հանդիսատեսին: Այդ երաժշտության մեջ պատմություն ու խորություն կա, որ հասանելի է յուրաքանչյուրին»,- ամփոփեց երգչուհին:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: