Դերասաններ Լաուրա Բաբայանը եւ Ներսես Մարկոսյանը՝ 12 տարի է՝ ապրում են մեկ հարկի տակ: Թե ինչով են առանձնացել անցնող տարիները, ինչ դժվարություններ եւ ձեռքբերումներ են ունեցել համատեղ կյանքի ընթացքում, ինչպես են նշել առիթը, Երաժշտական կամերային թատրոնի դերասանուհին պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
«Այս տարի այնպես ստացվեց, որ մեկ օր ուշացումով նշեցինք մեր ամուսնության օրը: Որոշեցինք եւ գնացքով գնացինք Գյումրի. շրջեցինք, եղանք թանգարաններում եւ տեսարժան վայրերում, համտեսեցինք Գյումրու ավանդական յաղլին: Ափսոս ներկայացումներ չկային, բայց կարողացանք մտնել «Մտորումների թատրոն», հանդիպեցինք Հովհաննես Հովհաննիսյանին: Շատ ջերմ մթնոլորտ էր տիրում այս թատրոնում: Մեր տղան՝ Վահագնը, նույնիսկ փորձեց ստվերներով ներկայացում ցույց տալ»,-պատմել է Լաուրան:
Լաուրա Բաբայանը՝ որդու հետ
Հոբելյանի առթիվ ծաղիկներ եւ գումար է նվեր ստացել.«Կարծում եմ՝ լավագույն նվերը մեր օրհնված միությունն ու մեր սիրո պտուղներն են՝ Մարկը եւ Վահագնը: Բայց միշտ էլ հաճելի է ստանալ եւ նվիրել: Մեր ձագուկները եւս շնորհավորել են մեզ. փոքր տղաս՝ Վահագնը, անընդհատ համբուրում էր մեզ եւ ասում՝ «տարեդարձդ շնորհավոր»:), իսկ մեծ տղաս՝ Մարկը, ծաղիկներ է նվիրել եւ պինդ-պինդ պաչիկներ»:
Հարսանիքի օրը զույգը միշտ քննարկում է միասին անցկացրած տարիները՝ ինչ խենթություններ են արել եւ ինչ չեն արել.«Մեր ընտանիքն էլ ավելի ամրապնդեցին մեր բալիկները: Հիմա մեր առօրյան լցված է նրանց առույգ, չարաճճի եւ քաղցր ներկայությամբ»,-ասել է դերասանուհին:
Ներսես Մարկոսյանը
Ճգնաժամային շրջանները հաղթահարելու իրենց տարբերակն ունեն.«Հենց զգում ենք, որ միմյանց նկատմամբ գազազած ենք, մեկ գավաթ գինին եւ ելակը հարթեցնում են եւ ջերմացնում կրքերը: Ամեն տարի իրար շնորհավորելով՝ կատակում ենք՝ այս տարի կլինի մեր բաժանդրեքը: Իրականում շատ անելիքներ ունենք, իսկ բաժանվելը հեշտ ավարտ է: Ի վերջո, մեր միությունը համեմված է սիրով եւ ջերմությամբ, առանց իրար չենք կարող, լրացնում ենք միմյանց: Ներսեսը կատակով մեկ-մեկ ասում է՝ եթե աղջիկ չունեցա, կգնա ուրիշից կունենա»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: