Արուսիկ Մկրտչյանն այսօր կարճ զրույց է ունեցել որդու հետ: Ինչպես օրեր առաջ էր հայտարարել, տղայի հայրը՝ Ռուբեն Խաչատրյանը, նրան պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերին եւ չի թողնում վերջինիս հետ կապ հաստատել:
«Իմ հերթական զանգին ի պատասխան՝ մի քանի ժամ անց զանգ ստացա, եւ պարզվեց՝ երեխաս է: Երկուսս էլ կարոտից հուզվեցինք, երբ խոսեցինք իրար հետ, հետո կապն ընդհատվեց, փորձեցի նորից զանգել: Պատասխանեց երեխայիս հայրը եւ ասաց, որ ավելի ուշ կկապվի ինձ հետ, սակայն դեռ որեւէ նորություն չկա»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Արուսիկը:
Հեռախոսազանգի մասին նա մանրամասնել է նաեւ ֆեյսբուքյան գրառմամբ. «Միկան խոսելիս սկսեց նվնվալ, լաց լինել, հետո անջատեցի, որ վիդեո-զանգ անեմ. ահավոր կարոտել էի, ուզում էի տեսնեի: Մի քանի անգամ պատասխան չեղավ, հետո հայրը վերցրեց՝ թե երեխան հաց է ուտում, իրենք կզանգեն, ու կորան: Էլի զանգեցի, չպատասխանեցին, որոշ ժամանակ անց՝ փաստաբանիս հետ զրույցից հետո, տեսա էլի զանգ է եղել, հետ զանգեցի տեսազանգով, երեխան ինչ-որ տեղ էր գնում մեքենայով, հարցրի՝ կուզի գնամ հետեւից, ասաց՝ հա, հարցրի՝ երբ, պատասխանեց՝ հիմա, ասացի՝ դե, գալիս եմ, հայրն անջատեց... Ե՞րբ է ավարտվելու այս դժողքը»:
Արուսիկը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ հիմա «փորձելու են արդեն ԴԱՀԿ-ի միջոցով գոնե տեսակցել երեխային, ապա՝ նրան իր մոտ վերադարձնելու ճանապարհ գտնել»:
Նա նշեց, որ այս օրերի ընթացքում երեխայի հետ կապվելու բոլոր ջանքերն ապարդյուն են եղել.«Հեռախոսազանգերն անջատվում էին կամ ոչ ոք չէր պատասխանում: Ամեն կերպ՝ ընկերների, բարեկամների, անգամ՝ մեդիայի միջոցով փորձել եմ երեխայիս հորը հաղորդել, որ ես՝ որպես մայր, պետք է տեղեկություն ունենամ նրա մասին: Անգամ երբ որդիս ֆիզիկապես ինձ հետ չի եղել, ես մշտապես շփվել եմ նրա հետ. մեր կապը շատ ամուր է եղել, ինչն էլ այս բաժանումը շատ սթրեսային է դարձնում թե՛ ինձ, թե՛ նրա համար»:
Արուսիկը նաեւ ասաց, որ մտավախություն ունի՝ երեխային մանիպուլյացիայի ենթարկելով կարող են տրամադրել իր դեմ.«Նման բազմաթիվ փորձեր են եղել, ինչն անթույլատրելի է եւ կարող է դիտարկվել որպես հոգեբանական բռնություն: Մեծ հույս ունեմ, որ իմ ու որդուս ջերմ, դրական հարաբերություններն ու մեծ սերը, որ միշտ է եղել, կվերականգնվեն, քանի որ տեղեկություն ունեմ, որ նրա հայրը եւ նաեւ հոր բարեկամները փորձում են բացասական տրամադրություններ ստեղծել իմ անձի շուրջ, բայց ուզում եմ հավատալ, որ հայրը հոգեբանական բռնության չի ենթարկի սեփական երեխային եւ չի լարի մոր դեմ»:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարը՝ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: