×


Դեսպան Լին Մ. Թրեյսին

Նախագահ Վիլսոնի նվերը՝ հայուհու դիմանկարը, հինգ ամիս կմնա ԱՄՆ դեսպանի կեցավայրում

1963 թվականից ԱՄՆ պետքարտուղարությունում գործում է «Արվեստը դեսպանատներում» գրասենյակը, որ կարեւոր դեր է խաղում ամերիկյան մշակութային դիվանագիտությունում: Ծրագրի շրջանակում այժմ կան ավելի քան 200 մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ, որոնք կազմված են ամերիկյան ու ընդունող երկրի ժամանակակից ստեղծագործողների աշխատանքներից:

Ծրագրից անմասն չի մնացել նաեւ Հայաստանը: BRAVO.am-ը մասնակցել է լրագրողների համար կազմակերպված այցելությանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի կեցավայր եւ պատմում է ներկայացված աշխատանքների մասին:

Օհայոյի պատկերները

Դեսպան Լին Մ. Թրեյսին Հայաստանում ցուցադրության համար ընտրել է իր հայրենի նահանգի՝ Օհայոյի արվեստագետների ստեղծագործությունները: Նրա խոսքով՝ հայ ժողովրդի ստեղծարար ոգին եւ գույների, արհեստների ու արվեստների նկատմամբ անսահման սերը ներշնչանքի հրաշալի աղբյուր են, իսկ ընտրված աշխատանքները ներդաշնակ են այդ որակների հետ:

Էն Ռիբելի «Հին անտառ» կտավը


«Փոլ Հեմիլթոնի կտավներում Օհայոյի գյուղական խաղաղ ու անդորր բնաշխարհն է: Ջենիս Լեսման-Մոսի գործվածքե արարվածները՝ աբստրակտ գունագեղ զարդանախշերով, ինքնատիպ են ու գեղեցիկ: Գործվածքից կերտված արվեստի մեկ այլ մոտեցում էլ ներկայացնում է Էն Ռիբելը, որ նորովի է հրամցնում ծանոթ պատկերները՝ բոլորիս հրավիրելով տեսնել ավելին, քան երեւում է առաջին հայացքից: Գործվածքից արվեստ կերտելու մշակույթը լայն տարածում ունի Օհայոյի ողջ տարածքում, եւ այդ ավանդույթները լավագույնս ներկայացնելու համար ես ցուցադրությանն ավելացրել եմ ինձ պատկանող մի գործ՝ Ռոբերտա Բալոգի «Հրավառությունը»»,- մանրամասնել է դեսպանը:

Ռոբերտա Բալոգի «Հրավառությունը»


Նվեր նախագահ Վիլսոնին

Ցուցադրությունում հատուկ տեղ է զբաղեցնում հայ նկարիչ Հովսեփ Փուշմանի «Հույս եւ ակնկալիք» կտավը, որը ցուցադրության համար տրամադրել է Վաշինգթոնում գտնվող նախագահ Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանը:

Գեղեցիկ հայուհու այս դիմանկարը 1917 թվականին նվիրել են նախագահ Վիլսոնին՝ շնորհակալություն հայտնելու Մեծ Եղեռնի ընթացքում հայ ժողովրդին Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար: Փուշմանի կնոջ՝ Ջուլիայի ղեկավարած հայկական պատվիրակության Սպիտակ տուն այցելության ժամանակ պատվիրակության ամենաերիտասարդ անդամը՝ Ալիջ Քյուրքչյանն է այն տալիս նախագահին: Հետագայում նա պատմում է, որ նախագահի աչքերն արցունքոտվում են այս նվերից:

Հովսեփ Փուշմանի «Հույս և ակնկալիք» կտավը


Կտավի շրջանակին գրված է հետեւյալը.««Հույս եւ ակնկալիք», նվեր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին Հովսեփ Փուշմանի տիկնոջից՝ տառապյալ հայ ժողովրդին օգնելու նրա ջանքերի ու բոլոր հայ կանանց սրտում հույս ու երախտիք արթնացնելու համար, 27 նոյեմբեր, 1917 թ.»:

Նկարի հերոսուհին Փուշմանի զարմուհին է ՝ 14-ամյա Դորան, որը կրում է հայկական տարազ: Նրա դեմքի թախիծը  խորհրդանշում է հայ ժողովրդի զրկանքներն ու տառապանքները, իսկ ձեռքի ձնծաղիկն ավետում է գարնանամուտը եւ հույսով լցնում ապագայի նկատմամբ:

Կտավը մնում է Սպիտակ տանը մինչեւ 1921 թվականը՝ Վուդրո Վիլսոնի պաշտոնավարման ավարտը: Դրանից հետո այն տեղափոխում են Վիլսոնների առանձնատան այն սենյակ, որտեղ նրանք հյուրեր էին ընդունում:

Հայ-ամերիկյան կապերի խորհրդանիշը

«2021 թվականին լրանում է Վուդրո Վիլսոնի նախագահության շրջանի 100 տարին: «Հույս եւ ակնկալիք» կտավը նրա տուն-թանգարանի կարեւորագույն գործերից մեկն է, եւ մենք իսկապես հաջողակ ենք հոբելյանական այս տարեթվին այն Հայաստանում ներկայացնելու համար»,- նշել է Լին Մ. Թրեյսին:

Լրագրողների հետ զրույցում նա հիշել է, որ իր երդմնակալությունից հետո, երբ կեցավայրում ցուցադրման համար կտավներ էր ընտրում, ընկերներն իրեն պատմել են այս կտավի մասին:

Դեսպան Լին Մ. Թրեյսին


«Հասկացա, որ « Հույս եւ ակնկալիք» կտավը հրաշալի խորհրդանշում է այն, ինչ ես ցանկանում եմ այս ցուցադրությամբ ասել հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: Այն խորհրդանշում է 100 տարի առաջ մեր երկրների միջեւ ամուր կապերը, այն հույսը, որ հայերն ունեն իրենց ապագայի նկատմամբ, եւ հույսը, որ ԱՄՆ-ն ունի հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ»,- մանրամասնել է նա:

Դեսպանը հավելել է, որ կտավն ավելի վաղ պետք է լիներ Հայաստանում, սակայն վրա հասած համավարակը ստիպել է հետաձգել նախաձեռնությունը:

Հովսեփ Փուշմանի աշխատանքը Հայաստանում կմնա 5 ամիս: Այս ընթացքում դեսպանատունը հանրության քաղաքական, մշակութային եւ հասարակական շրջանակներից խմբերի կհյուրընկալի դեսպանի կեցավայրում՝ ցուցադրված աշխատանքներն ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու համար:

«Հայաստանը թանգարան է»

Ցուցադրված աշխատանքներում հաճախակի կարելի է հանդիպել ֆերմաների պատկերներ: Այսպիսի ստեղծագործությունների ընտրությունը կապված է Լին Մ. Թրեյսիի մանկության հիշողությունների հետ, որ անցել են իր տատի եւ պապի հետ Օհայոյի գյուղական վայրերից մեկում:

Դեսպանը կապ է տեսնում նաեւ այս պատկերների եւ Հայաստանի միջեւ, քանի որ գյուղատնտեսությունը շատ կարեւոր նշանակություն ունի եւ բազմաթիվ մարդիկ են ներգրավված գյուղական կյանքում:

Լին Մ. Թրեյսին պատմել է, որ եղել է Երեւանի տարբեր թանգարաններում եւ բարձր է գնահատում դրանք:

«Հայաստանը հենց որպես երկիր էլ թանգարան է հիշեցնում շնորհիվ այն պատմության, որ այսօր ներկայացված է, օրինակ, Սանահինի վանական համալիրում, որտեղ մենք այժմ որոշակի վերականգնողական աշխատանքներ ենք իրականացնում: Հայաստանն ինքն իրենով թանգարան է տարբեր դրսեւորումներով»,-հավելել է նա:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին