×


Լուսանկարը՝ facebook.com/ArmeniaIndependenceDay/

«Ես մեջքիս տանում էի թավջութակս, անձնակազմն էլ՝ ողջ տեխնիկան». Նարեկ Հախնազարյանի ելույթը Աժդահակի գագաթին

Հայաստանի անկախության տոնի առիթով Առաջին ալիքի եթերից երեկ նաեւ հեռուստադիտողին հասան հայկական լեռնաշխարհով մեկ տարածված թավջութակի հնչյունները: Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր՝ Աժդահակ գագաթին յուրօրինակ ելույթ է ունեցել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Նրա խոսքով՝ ծովից 3597 մետր բարձրությամբ տարածության վրա նվագելու գաղափարն իրեն միանգամից է գրավել եւ սիրով համաձայնել է այդ խենթ ծրագրի մի կարեւոր մասը դառնալ.«Երբեւէ փորձ չէի ունեցել ելույթ ունենալ նման բարձրության վրա՝ նման մթնոլորտում. երաժշտության եւ բնության միաձուլման զգացումն ուղղակի աննկարագրելի էր: Երջանկություն է գիտակցել, որ Հայաստանում շատ հետաքրքիր ու բացառիկ մի գործ ենք արել, որով ոչ միայն մեզ, այլեւ աշխարհին կարող ենք ցույց տալ, թե ինչ բնություն ու երաժշտություն ունենք»:



Իհարկե, ամեն օր չէ, որ թավջութակով պետք է բարձունքներ հաղթահարել, սակայն ինչպես երաժիշտն է նշում, նման արդյունք ունենալու համար արժեր տեխնիկական որոշ բարդություններ հաղթահարել.«Գործիքը լեռնագագաթ հասցնելու համար ոչ մի հնարամիտ բան չէինք կարող մտածել: Մեծ ջանքեր ենք ներդրել. ես մեջքիս տանում էի թավջութակս, նկարահանող անձնակազմն էլ՝ ողջ տեխնիկան. իհարկե, բավական ծանր էր, սակայն, ինչպես ասում են, արվեստը զոհեր է պահանջում (ծիծաղում է,-հեղ.): Քանի որ ես սիրում եմ սարեր բարձրանալ, ինձ համար շատ դժվար չէր եւ նկարահանումից առաջ առանձնապես ուժերս հավաքելու անհրաժեշտություն չեղավ, փոխարենը վերականգնվելու կարիք զգացի, երբ արդեն լեռնագագաթից հմայվեցի հիասքանչ բնությամբ: Իսկապես հպարտ եմ, որ կարողացանք իրականացնել այս նախագիծը»:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին