Համաշխարհային կինովարձույթում է հայտնվել Ուես Անդերսոնի 12-րդ ֆիլմը՝ «Փյունիկյան սխեմա»-ն, որի պրեմիերան օրեր առաջ տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում:
Բենիսիո դել Տորոն մարմնավորում է արկածախնդիր գործարար Ժա-Ժա Կորդային, նրա դստեր ու գործընկերուհու՝ քույր Լիզլի դերում Քեյթ Ուինսլեթի դուստր Միա Թրիփլթոնն է: Նրանց հետ ճամփորդում է շվեդ միջատաբան Բյորնը, որին մարմնավորում է Մայքլ Սերան:
Ժա-Ժա Կորդայի կերպարի համար նախատիպեր են հանդիսացել մեծահարուստներ Արիստոտել Օնասիսը, Ստավրոս Նիարխոսը եւ Գալուստ Գյուլբենկյանը։
Անդերսոնին հաջողվել է իսկական աստղաբույլ հավաքել՝ ֆիլմում ներգրավված են Թոմ Հենքսը, Սքարլեթ Յոհանսոնը, Բենեդիկտ Քամբերբեչը, Բրայան Քրենսթոնը, Ռիզ Ահմեդն ու ուրիշներ:
Ամենավառ կերպարներից մեկին՝ դիվային քեռի Նուբարին մարմնավորել է Քամբերբեչը: Ըստ կինոքննադատ Անտոն Դոլինի՝ նա ավելի շատ նման է բիբլիական կերպարի, քան իրական մարդու: «Իր անհավանական մորուքի շնորհիվ նա տոնավաճառներում հանդիպող աճպարարի կամ օպերետային կախարդի է նման»,- գրել է նա:
Ըստ սյուժեի՝ Նուբարը Ժա-Ժա Կորդայի խորթ եղբայրն է, որը, պարզվում է, հայ է. այդ մասին վկայում է էկրանին երեւացող նրա ծննդյան վկայականը:
Իրականում Նուբար Սարգիս Գյուլբենկյանը գործարար Գալուստ Գյուլբենկյանի որդին է, հայտնի է որպես էքսցենտրիկ մագնատ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մեծ դերակատարում է ունեցել Pat O'Leary Line ընդհատակյա ցանցի կազմակերպման հարցում, որն օգնում էր Ֆրանսիայում մնացած բրիտանացի օդաչուներին վերադարձնել հայրենիք:
Նուբարին հոր՝ Գալուստ Գյուլբենկյանի դեմ 10 մլն դոլարի հայց է վերագրվում իբր այն պատճառով, որ հոր ընկերությունը հրաժարվել է վճարել նրա ճաշի համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: