«Ես, պտտվելով 360 աստիճանով, հասա փակ դռներին ու բացեցի դրանք։ Սպանված թատրոնի դռներից ներս իմ խոնարհված կտավներն էին՝ Տիրամորը փնտրող Էդուարդի դեմքով»,- ժպիտով ու ջերմությամբ նայելով իր գործերին՝ պատմում է Ավո Խալաթյանը՝ «Սպանված թատրոն» խորագրով իր անհատական ցուցահանդեսի բացմանը։
Հուլիսի 6-ին «ԱրտԿվարտալ»-ում հավաքվել էին նրա արվեստի սիրահարները, ընկերներն ու ընտանիքի անդամները՝ միասին բացահայտելու դերասանին նաեւ որպես նկարիչ ու ստեղծագործող։
Ցուցասրահի երկու հարկերում ներկայացված են Խալաթյանի գեղանկարչական աշխատանքները, ինչպես նաեւ «Սպանված թատրոն» շարքի ստեղծման պատմությունը՝ վիդեոարտ տարբերակով։ Յուրօրինակ ինտերակտիվ ձեւաչափը նրանց համար է, ովքեր չեն տեսել ռեժիսոր Արթուր Սարիբեկյանի «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացումը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ավո Խալաթյանը հանդես է եկել գլխավոր դերում՝ Էդուարդի կերպարում, եւ իր այս կտավները նկարել է հենց ներկայացման ստեղծման ընթացքում։
«Սա պարզապես կտավների ցուցադրություն չէ, այլ թատրոնի, գեղանկարչության եւ փիլիսոփայության միջեւ սահմանների ուսումնասիրություն։ Կտավների վերածված սավաններն, ասես, ստանձնում են ներկայացման հնարավոր հիշադարանի դեր՝ հրավիրելով դիտորդին մտորելու՝ ինչ է նշանակում լինել ականատես։ Դրանք հետքն են ոչ միայն Վերոնիկայի եւ Էդուարդի պատմության, այլեւ թատրոնի՝ որպես մի տարածության, որտեղ հնարավոր է անհնարինը. մահը վերածվում է կյանքի, իսկ խելագարությունը՝ ազատության»,- ասում է ցուցահանդեսի համադրող Սոնա Մինասյանը։
Երեք տարի լինելով թատրոնի խաղացանկում, շրջագայելով տարբեր երկրներում ու մասնակցելով միջազգային փառատոների՝ «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացումը հանկարծ հանվում է խաղացանկից։ Բեմադրության հեղինակներին այդպես էլ չի հաջողվում պատճառն իմանալ, իսկ որոշ ժամանակ անց Ավո Խալաթյանն իր կտավները հայտնաբերում է ետնաբեմում լքված ու անտեսված:
«Որոշեցի նորից կյանք տալ դրանց, որովհետեւ արվեստը երբեք չի մեռնում։ Եթե անգամ մեռնի էլ, նորից պիտի վերածնվի։ Փորձեցի այս երեք գույնի՝ կապույտի, սեւի ու սպիտակի միջոցով հավերժացնել «Սպանված թատրոն» շարքի գործերը»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասում է դերասանը։
Ավո Խալաթյանը նկարել սկսել է վաղ հասակից՝ ավարտելով «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը։ Հայրը նույնպես նկարիչ է, մայրը՝ դերասանուհի։ Ասում է՝ երջանիկ է, որ մեծացել է արվեստագետների ընտանիքում ու ծնողներից ժառանգել է նրանց շնորհները։ 30 տարի կյանքը նվիրելով դերասանությանը՝ այժմ փորձում է վերադառնալ իր արմատներին՝ ընտրելով ստեղծագործողի ուղին որպես նկարիչ՝ չդավաճանելով, իհարկե, թատրոնին։
«Սպանված թատրոն» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մինչեւ հուլիսի 6-ը։ Հեղինակի խոսքով՝ հնարավոր է՝ առաջիկայում այն ներկայացնեն երեւանյան այլ ցուցասրահում եւս։ «Մտադրություն ունեմ այն տանել արտերկիր եւ ցույց տալ նաեւ օտարերկրացիներին»,- հավելել է Խալաթյանը։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: