Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տիրուհի Հակոբյանը եւ Հայկ Առաքելյանը, ինչպես արդեն պատմել ենք, օրեր առաջ ամուսնացել են: Տիրուհին հարսանեկան լուսանկարներն ու մանրամասները վստահել է BRAVO.am-ին՝ խոսելով կարեւոր օրվա անակնկալների եւ ճամփորդության մասին:
Պարզվում է՝ զույգի հարսանիքը ծրագրված է եղել հունիսին, սակայն համավարակի պատճառով ստիպված են եղել հետաձգել.«Տոնել ենք շատ ջերմ, ընկերական, հարազատական մթնոլորտում: Ավելի լավ օր չէի էլ կարող պատկերացնել. հեքիաթային էր: Ամեն ինչ հիշում եմ, ամեն բան շատ տպավորիչ էր»,-նշել է նորահարսիկը:
Տիրուհի Հակոբյանի եւ Հայկ Առաքելյանի հարսանիքին
Պսակադրվել են Հովհաննավանքում, քավորի պարտականությունները ստանձնել է Հայկի մտերիմ ընկերը, իսկ ազաբն ու հարսնաքույրը եղել են երգիչ Տյոմն ու ընկերուհին՝ Էմման: Եկեղեցու բակում տեղի ունեցել նաեւ զագսի (ՔԿԱԳ) արարողությունը:
Փեսացուն նախապես չի տեսել Տիրուհու հարսի զգեստը.«Ամիսներ շարունակ ես իմ հեռախոսը նրանից հեռու էի պահում, որ հանկարծ լուսանկարներում չտեսնի զգեստը: Այն կարել էի, բայց ամբողջ ընթացքում ասում էի՝ ինչ դժվար է առանց նրա ընտրություն կատարելը:)»:
Տիրուհի Հակոբյանի եւ Հայկ Առաքելյանի հարսանիքին
Դերասանուհին պատմել է, որ հարսանիքի օրը ստիպված է եղել սպասել ամուսնուն. «Երբ նոր էինք շփվում, միշտ ուշանում էի, իսկ հարսանիքի օրը հակառակը՝ նախապես պատրաստվել ու նստել մեքենային էի սպասում, որն ինձ պետք է Ամբերդ տաներ, քանի որ նախ այնտեղ ենք արարողություն արել: Ես տեղ հասա, եւ մոտ կես ժամից նոր Հայկը եկավ: Զարմանալի էր, բայց տարիներն իրենց գործն արել էին»:
Տիրուհին ասել է, որ ազաբի եւ հարսանքրոջ հետ երգերի շարք էին մշակել, որոնք էլ երգել են խնջույքի ընթացքում.«Իսկ վերջում ես միացա նրանց եւ կատարեցի «Բելա չաո»-ն: Հայկն ինձ համար անակնկալ էր պատրաստել՝ հրավիրելով իմ ամենասիրելի խմբերից մեկին: Երբ գնացել էի զգեստափոխվելու, հանդիսավարը հարցրեց՝ ունեմ սիրելի երգ, որը կուզեմ այդ պահին հնչի: Ասացի՝ այո, եւ նշեցի իմ ամենասիրելի «Նեմրա» խմբի Նարե երգը, այդ պահին Հայկը բռնեց ձեռքս, մենք մտանք սրահ, եւ տեսա նրանք ելույթ են ունենում: Ուզում էի թռվռալ, հետո ժպիտ եկավ դեմքիս, աչքերս լցվեցին. ուզում էի այդ պահը երկար տեւեր: Հաջորդ անակնկալն էլ մեր ընկեր Գոռ Սուջյանի կողմից էր, ով երեկոյի ավատին եկավ եւ երգեց մեզ համար»:
Հայկ Առաքելյանը եւ Տիրուհի Հակոբյանը՝ Դուբայում
Հարսանեկան ճամփորդության համար ընտրել էին Կիպրոսը, սակայն ստիպված են եղել փոխարինել Դուբայով.«Կարողացանք լիովին հանգստանալ. հարսանիքի նախապատրաստական աշխատանքներից շատ էինք հոգնել: Հիանալի օրեր ենք անցկացրել Դուբայում»,-պատմել է դերասանուհին:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արուսիկ Մարկոսյանի եւ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: