×


Մկրտիչ Արզումանյանը՝ «Հերոս տղերք» հոլովակի նկարահանումներին

«6 արտիստները եւ ռեժիսորը մասնակցել են անվճար հիմունքներով». Գեւորգ Ալթունյանը՝ «Հերոս տղերք» հոլովակի մասին

Արամ Mp3-ը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Մկրտիչ Արզումանյանը, Արսեն Սաֆարյանն ու Արաբո Իսպիրյանը ՀՀ Անկախության տոնի առթիվ հանդես են եկել «Հերոս տղերք» երգի տեսահոլովակով, որը նվիրված է 2020 թվականին Տավուշի սահմանին տեղի ունեցած հուլիսյան գործողությունների մարտիկներին։ Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Սյոմա Կոդաբաշյանը, իսկ նախագծի հեղինակը ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն է։ Վերջինս BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նախագծի գաղափարի, ընտրված արտիստների մասնակցության եւ տեսահոլովակի նկարահանումների մասին։



«Հուլիսյան դեպքերից հետո միտք կար, որ տղերքի հերոսության, քաջության, խիզախության մասին այս կերպ արտահայտվելու որեւէ տարբերակ լինի։ Եվ փաստորեն ստացվեց այնպես, որ այդ ցանկությունը միայն իմը չէր: Մի քանի օր անց ինձ դիմեց Րաֆֆի Ալթունյանը՝ ասելով, որ երգ ունի հենց այդ թեմայով։ Լսելուց հետո գաղափար առաջացավ, որ մի քանի հոգի կատարեն, հոլովակում էլ նրանց նկարահանենք զինվորական մասնագիտություններով։ Բարեբախտաբար, բոլոր այն մարդիկ, որոնց հետ զրուցեցի, սիրով համաձայնեցին ու մեծ նվիրումով մասնակցեցին նախագծին։ Նշեմ, որ բոլոր երգիչները, ռեժիսորը եւ մյուս մասնակիցները համաձայնեցին միանալ լրիվ անվճար հիմունքներով, ինչի համար շատ շնորհակալ եմ նախարարության անունից»,- մեր զրույցում ասաց Գեւորգ Ալթունյանը։

Լուսանկարը՝ Զինուժ մեդիա Միհրան Ծառուկյանը՝ «Հերոս տղերք» հոլովակի նկարահանումներին


Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են ընտրվել վեց երգիչները, եւ ինչով է պայմանավորված հատկապես Մկրտիչ Արզումանյանի մասնակցությունը, քանի որ արտիստներից միայն նա է, որ մասնագիտությամբ դերասան է, ոչ թե երգիչ։ Գեւորգ Ալթունյանն ասաց, որ Մկոյին շատ վաղուց է ճանաչում եւ գիտեր՝ նա ժամանակին ծառայել է հատուկ նշանակության զորքերում, բացի այդ էլ՝ լավ երգում է․ «Պարտադիր չէր, որ մենք ընտրեինք միայն երգիչների, եւ այդ առումով Մկոն շատ համարժեք էր, հատկապես որ առանձնանում է իր դերասանական փայլուն խաղով։ Նրա մասնակցությունը շատերի համար հաճելի անակնկալ էր։ Փորձել ենք առավել հայտնի երգիչների ընդգրկել նախագծում, եղան նաեւ մարդիկ, որոնք ֆիզիկապես չկարողացան մասնակցել, քանի որ երկրում չէին»,- նշեց նա։

Լուսանկարը՝ Զինուժ մեդիա Արաբո Իսպիրյանը՝ «Հերոս տղերք» հոլովակի նկարահանումներին


Գեւորգ Ալթունյանը պատմեց, որ նկարահանումներն իրականացվել են մոտ մեկ ամիս առաջ՝ տարբեր զորամասերում։ Յուրաքանչյուր արտիստի մեկ առանձին օր են նկարահանել, որից հետո կատարվել են մոնտաժային աշխատանքներն ու վերջնական սրբագրումները։ Նախնական պայմանավորվածության համաձայն էլ՝ տեսահոլովակի պրեմիերան ՀՀ Անկախության օրվա առթիվ է եղել․«Մի կարեւոր դրվագ էլ կա՝ քանի որ բոլոր երգիչներն անշահախնդիր մասնակցել էին այս ոչ կոմերցիոն նախագծին, առաջարկեցի, որ դառնան այս երգի համասեփականատերեր, այսինքն՝ բոլորն իրավունք ունենան առանձին կատարել, հրապարակել իրենց յութուբյան ալիքներում, որ այն չլինի միայն ՊՆ-ի նախագիծը։ Եվ ես շատ ուրախ կլինեմ, որ տղաներից բոլորն էլ այդ երգը կատարեն տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ»,- եզրափակեց նա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW